Orion Summit-ին քննարկվեցին հայկական ստարտափների կարողությունները միավորելու հնարավորությունները

Orion Summit-ին քննարկվեցին հայկական ստարտափների կարողությունները միավորելու հնարավորությունները

Orion Summit 2022-ին առաջին անգամ ներկայացվեց հայկական ստարտափ էկոհամակարգի համախմբման նախաձեռնությունը միաձուլումների միջոցով, քննարկվեցին ստարտափների արագ աճի հնարավոր խթանները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Synergy ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում կա անհրաժեշտություն զարգացնելու ընկերությունների «միաձուլման մշակույթը»։

«Հաստատվեց իմ այն միտքը, որ Հայաստանում  նման պահանջարկը շատ մեծ է։ Մեր երկրում կա 2500 ընկերություն, բայց ամեն մեկն իր համար առանձին է գործում և փորձում են իրենց գործընկերներին դրսում գտնել, բայց կարևոր ուժն այն է, որ նրանք կարող են համախմբվել, միավորվել, որ մեկի առավելությունն ավելացնի մյուսի ներուժը, և ստեղծեն նոր որակ»,- նշեց Հովհաննիսյանը՝ ամփոփելով գագաթնաժողովի պանելային քննարկումը։

Վերջինիս խոսքով՝ պետք է մտածել «մշակութային ինտեգրման» մասին։ Հնարավոր չէ վերցնել երկու թիմ և իրար միաձուլել։ Ստարտափներից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ պետք է հասկանալ, որ ընկերությունները միանալուց հետո դառնալու են ընտանիք, կարևոր է, որ նրանք համապատասխանեն միմյանց։

«Կարծում եմ՝ Հայաստանում այս ուղղությունը զարգացնելու կարիք կա։ Գագաթնաժողովի շրջանակում մեզ միանալու ցանկություն հայտնողներ կային։ Օրինակ՝ նույնիսկ գագաթնաժողովին, միջանցքում ստարտափներից մեկի թիմն ինձ մոտեցավ, ասաց, որն ուզում է գործակցել Synergy-ի հետ։ Եթե լավ առաջարկ լինի և մենք հասկանանք, որ դրանից մենք էլ կօգտվենք՝ մեծ հաճույքով կգործակցենք»,- նշեց նա։

Ամփոփելով պանելային քննարկումը՝ Adobe-ի ինժեներական գծով տնօրեն Արսեն Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց այն մասին, թե Mergers and acquisitions (M&A) ինստիտուտը Հայաստանում կայացնելու դեպքում ինչ դրական արդյունքներ կգրանցվեն Հայաստանի տեխնոլոգիական ստարտափների համար։

«Mergers and acquisitions (M&A) մշակույթը կա Հայաստանում։ Մեր երկրում ունեցել ենք նման փորձ․ Adobe-ի կողմից Workfront-ի, DataArt-ի կողմից SFL-ի միավորումները։ Չմոռանալով այն մասին, որ Հայաստանում մեծ ընկերությունները, որոնցից են EPAM-ը կամ Synopsys-ը, եկել են միավորման միջոցով, կարող եմ ասել, որ պետք է ընդլայնել այս մշակույթը»,- նշեց նա։

Բաբայանի համոզմամբ՝ օրենսդրական հարթակի որոշակի օգնության և օրենսդրական ակտերի ձևավորման դեպքում հայկական ստարտափները հնարավոր է ավելի շատ հետաքրքրվեն հայկական ընկերություններին միավորվելու ուղղությամբ։

Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։

«Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:

Միացիր մեր կայքին