«Պրոցես է գնում, հանրությանն անպայման տեղեկացնելու ենք»․ Գագիկ Մելքոնյանը՝ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքի նահանջի մասին

«Պրոցես է գնում, հանրությանն անպայման տեղեկացնելու ենք»․ Գագիկ Մելքոնյանը՝ Իշխանասարի հատվածից ադրբեջանական զորքի նահանջի մասին

Yerevanlur-ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։

-Պարոն Մելքոնյան, տեղեկություն եղավ, որ ադրբեջանական զորքերը նահանջում են Իշխանասարի հատվածից, դուք ի՞նչ ինֆորմացիա ունեք։

-Պրոցես կա, որը գնում է։ Ավելի լավ է եկեք զերծ մնանք մեկնաբանությունից, մինչև Պաշտպանության նախարարությունը ինֆորմացիա կտա։ Հանրությանն անպայման տեղեկացնելու ենք։

Այդ գործընթացը Սոչիում կայացած հանդիպման հե՞տ է կապված։

-Իհարկե, Սոչիի հանդիպման արդյունք է, ուրիշ ի՞նչ հանդիպում է եղել։ Ես հիմա չեմ կարող մանրամասնել, ուղղակի մի քիչ էլ սպասենք, ամեն ինչ կերևա։

Սոչիի հանդիպման արդյունքում եռակողմ հայտարարության տեքստ հրապարակվեց, ըստ որի՝ առաջիկայում հանձնաժողով է ստեղծվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջևդելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների նպատակով։ Ի՞նչ գործընթաց է սպասվում։

-Այդ հանձնաժողովը հիմնականում պետք է ուսումնասիրի քարտեզները, կգանք ընդհանուր հայտարարի, թե որ քարտեզներով պետք է սահմանազատում ու սահմանագծում արվի։ Ես այս հանդիպման արդյունքները շատ նորմալ եմ համարում։

-Ի՞նչ պետք է անել՝ հայկական կողմի համար բերանպաստ լուծումներ գտնելու համար։

-Ոչ ոք չի ուզում, որ մենք տուժենք։ Այնպես չէ, որ մենք պատրաստ ենք մեր տարածքները նվեր տանք թուրքերին։ Ամեն մեկս ուզում ենք, որ օբյեկտիվ գործընթաց լինի և շահեկան դուրս գանք դրանից։

-Կան տեսակետներ, որ դա երկար գործընթաց է լինելու, անգամ տասնամյակներով ձգվող։ Այդ ընթացքում դուք խաղաղ գոյակցություն պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանի հետ։

– Մենք մտածում ենք, որ երկար կտևի, բայց ոչ շատ։ Ինձ թվում է՝ այդ ընթացքում սադրանքներ չեն լինելու։ Եթե հանձնաժողովն սկսեց աշխատել, սադրաքներ չեն լիչնելու, բայց բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինենք ամեն ինչի։

-Սոչիի հանդիպումից հետո Էրդողանն ու Ալիևը շարունակում են պնդել, որ «Զանգեզուրի միջանց» են բացելու։ Նրանք անգամ այդ միջանցքն ուժով բացելու մասին են խոսում, ինչին արձագանքեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

-Մենք ունեցանք հայտարարություն, ըստ որի՝ մենք ճանապարհ ենք տալու Ադրբեջանից Նախիջևան։ Թե այդ ճանապարհը ոնց կանցնի, որտեղով կանցնի, դա դեռ քննարկման առարկա է լինելու հետագայում։ Իսկ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։ Եթե ասում ենք միջանցք, ուրեմն այդ միջանցքը հսկում է այլ պետության զինված ուժերը։ Բայց մենք անկախ պետություն ենք, և այդ ճանապարհը, որը տալիս ենք, հսկելու ենք մենք։ Մենք չենք խոսում միջանցքի մասին, իրենք անընդհատ խոսում են միջանցքի մասին։ Վարչապետը ճիշտ արձագանքեց, չի լինելու, ուժ չի կիրառվելու։ Բոլոր դեպքերում մենք պատրաստ ենք ամեն ինչի, եթե ուժով պիտի փորձեն բացել, մենք պետք է պատերազմենք իրենց հետ։ Ինչ անեն, դրան հակադարձելու ենք ամեն ինչով։ Նոյեմբերի 16-ին մենք բոլորս տեսանք, որ մեր բանակը պատրաստ է դիմակայելու։

-Բրյուսելից հանդիպումից առաջ Սոչիում կայացած հանդիպումն ու եռակողմ փաստաթղթի հրապարակումը ինչ-որ ուղերձներ ունե՞ն։

-Այո, ուղերձներ կան։ Այդ ուղերձներն ուղղված են Արևմուտքին, քանի որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում պետք է կայանա։ Ուղերձն այն  է, որ Ռուսաստանն առաջ ընկավ, որպեսզի ինքը ցույց տա, որ ինքն է այս ամենի հաշտեցնողը կամ կռվեցնողը։ Ինքն է լինելու հիմնականում հաշտեցնողը, այդ բանալիները գտնվում են Ռուսաստանում։

-Այսինքն՝ Արևմուտքն անելիք չունի՞։

-Իհարկե՝ ունի։ Մենք դեռ ունենք ամենակարևոր հարցը՝ Արցախի հարցը, որի վերաբերյալ Արևմուտքը պետք է իր խոսքն ասի։ Մինսկի խմբի շրջանակներում անպայման պետք է սպասենք Արցախի հարցի լուծմանը։

Միացիր մեր կայքին