Կեղծ իրականության հոգեբանական պայթյունը բանակում

Կեղծ իրականության հոգեբանական պայթյունը բանակում

Հայաստանում և դրա շուրջ քաղաքական օրակարգի աղմուկի մեջ որոշակիորեն խլացավ մի տեղեկություն, որը ինքնին արդեն իսկ կարևոր դետալ էր ռազմա-քաղաքական ընթացիկ անցուդարձում, միաժամանակ սակայն իր խորքում պարունակում է Հայաստանի պետական ընթացքի համար առանցքային խնդիրներից, պետականության, պետական համակարգի կարևորագույն ինստիտուտներից մեկին՝ զինուժին վերաբերող ֆունդամենտալ հանգամանքներից մեկը: Խոսքը նոյեմբերի 16-ին սահմանային հայ-ադրբեջանական մարտի դրվագների առիթով հարուցված քրգործի և մի քանի պատասխանատուների հանդեպ քրեական գործ հարուցելու մասին է, այդ թվում գումարտակի հրամանատարի, որն ըստ մեղադրանքի՝ ադրբեջանցինիրեի մոտենալուն զուգահեռ մի քանի ենթականերով թողել է դիրքը, դիրքում թողել է մեկ տասնյակից ավելի զինվորների, որոնք հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում: Հետո հայկական կողմին է վերադարձվել նրանցից երկուսի դին, իսկ 11-ի տեղն անհայտ է:

Այստեղ մեր դիտարկման առարկան բոլորովին այն թեման չէ, ինչի մասին խոսել էր պառլամենտում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և առաջացրել մեծ, ու ինչ որ իմաստով անհասկանալի աղմուկ: Նրա հայտարարությունը, որ պետք է քննվեն զինվորների գերի ընկնելու բոլոր հանգամանքները, հանրային տարբեր շրջանակներ, որոշ դեպքերում իհարկե թյուրըմբռնման, թյուր պատկերացումների, իսկ զգալի մասով էլ անկասկած քաղաքական շահարկումների մղումով տարածվեց իբրև գերի ընկածների հանդեպ հետապնդում:

Իրականում, պետք է ուսումնասիրվի և քննվի ցանկացած դեպքում, պարզելու և հերքելու համար թե ֆավաճանական քայլի որևէ կանխավարկած, և թե պարզապես հանցավոր անփութության որևէ դեպք՝ շղթայական ռեակցիաների թույլ չտալու համար: Սակայն, այս մասով գուցե կլինեն այլ անդրադարձերի առիթներ, իսկ այժմ մեկ այլ՝ ոչ պակաս խորքային խնդրի մասին: Խնդիր, որը ցավալիորեն դրսևորվել է նաև 44-օրյա պատերազի ընթացքում: Բազմաթիվ մասնակիցներ, ականատեսներ պարբերաբար խոսել են և խոսում են այն մասին, որ եղել է զորքի զանգվածային խուճապ և փախուստ, այդ թվում նաև հրամանատարական կազմի մի զգալի մասի, ինչի հետևանքով էլ կազմալուծվել է ենթակա զորքը:

Այս պատմություններից որոշները միգուցե չափազանցված են, որոշները միգուցե շահարկվում են այս կամ այն քաղաքական նկատառումով, սակայն երևի թե որևէ մեկի մոտ չկա կասկած, որ կռվի, անհավասար և անմնացորդ պայքարի հերոսական դրվագների կողքին եղել են նաև այդպիսի դրսևորումներ, և ոչ քիչ, որոնք իրենց էական դերն են ունեցել նաև պատերազմի ելքի հարցում:

Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ ինչ որ մարդիկ տարածել են, թե «հողերը ծախված» են և պետք չէ կռվել: Այո, եղել է նաև դա, սակայն պետք է նայել իրականության աչքերին և արձանագրել նաև, որ կան այլ խորքային պատճառներ: Եթե այդ մասին չծավալվի իրապես բաց և անկեղծ քննարկում, ապա մեզ երևի թե սպառնում է ընդամենը դարձ ի շրջան յուր: Խոսքն այն մասին է, որ տարիներ շարունակ հայկական բանակը ձևավորվել և կենսագործունեություն է ծավալել «արժեգաղափարական» մի կեղծ, իրականությունից կտրված հողի վրա, որ թշնամին հիմար է, վախկոտ է, որ թշնամին կփախչի առաջին իսկ դիմադրությունից, որ չգիտե կռվել, որ մեր 18-այա զինվորները ուղղակի «սատկացնում» են իրենց էլիտար ստորաբաժանումներին և այլն:

Այլ կերպ ասած, հայկական բանակը, ոչ միայն զինվորական, այլ նաև միջին և կրտսեր հրամանատարական կազմը ձեավորվել է «թշնամու թերագնահատման» գաղափարական հենքով: Ու հանկարծ, լայնամասշտաբ պատերազմում բախվելով բոլորովին այլ ուժի հետ, առաջացել է իրականության հետ գերվտանգավոր հակասությունը, ինչին հաջորդել է ցավագին, սակայն դժբախտաբար միաժամանակ  օբյեկտիվ ու բնական ռեակցիան՝ խուճապ և փախուստ:

Իհարկե, որևէ կերպ չէր կարելի կառուցել բանակը թշնամու կամ հակառակորդի գերագնահատման վրա, սակայն նույնքան և գուցե առավել վտանգավոր է, երբ բանակը կառուցվում, բանակի՝ միջին և կրտսեր հրամկազմի հոգեբանությունը ձևավորվում է սեփական ուժի գերագնահատման առանցքով: Ճակատագրական պահին սա բերում է առաջին հերթին հոգեբանական փլուզման, իսկ հետո արդեն՝ կառուցվածքային կազմաքանդման: Տարիներ շարունակ ձևավորվել է պատերազմող պետության համար կարևորագույն դեր ունեցող ինստիտուտի՝ բանակի գաղափարական հենքի կեղծ, իրականությունից հեռու պատկեր, իսկ քաղաքացիական կյանքում այն «համեմվել» է բանակի մասին պաթետիկ կենացներով, երգ ու պարով, որոնց տակ «թաղվել» են տարբեր նշանակության և կալիբրի ռազմա-քաղաքական կարևորագույն խնդիրների քննարկման հեռանկարները:

Անկասկած է, որ այս հարցը լուծվելու է ամենևին ոչ միայն քրեական գործերով: Ավելին, դրանք պետք է լինեն միջոց՝ իրավիճակը առավել ընդգրկուն ախտորոշելու և խորքային լուծումներն առավել արագ գտնելու համար:

Հայկ Իսրայելյան

Միացիր մեր կայքին