Մեկնարկեց Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200- ամյակներին նվիրված գիտաժողովը

Մեկնարկեց Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200- ամյակներին նվիրված գիտաժողովը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Համաշխարհային դասական գրականությունը՝ ազգային գրականությունների համատեքստում» հոբելյանական գիտաժողովը՝ նվիրված Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակներին: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Ռուսաստանի Դաշնության Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ՝ ՀՀ գիտության կոմիտեի աջակցությամբ:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը իր ողջույնի խոսքում շեշտեց ՀՀ ԳԱԱ և ՌԳԱ երկու ինստիտուտների համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կկրի մշտական բնույթ: «2019 թվականը հայ ժողովրդի համար անցկացվեց երկու մեծ գործիչների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակի հովանու ներքո։ Հայաստանի Հանրապետությունից դուրս այս հոբելյանները նշվեցին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջազգային գիտաժողովների ժամանակ: Այս տարին գիտության և մշակույթի տեսանկյունից միջազգային հանրության և մեր ժողովրդի համար նշանավորվում է ռուս և համաշխարհային գրականության ականավոր գործիչներ Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ծննդյան 200-ամյակով։ Ուրախալի է, որ այս գիտաժողովը կազմակերպվել է նախորդ երկու գիտաժողովների ձևաչափով՝ երկու երկրների անվանի գրականագետների, լեզվաբանների, արվեստաբանների և պատմաբանների մասնակցությամբ», – ասաց Աշոտ Սաղյանը։

 ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ ռուս և համաշխարհային գրականության մեջ անգնահատելի է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Նեկրասովի և Գյուստավ Ֆլոբերի ավանդը: Դեսպանը այս գիտաժողովը հերթական կարևոր քայլը համարեց՝ Հայաստանի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների կապերի ամրապնդման ուղղությամբ:

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 1-ին և 2-ին՝ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում: Գիտաժողովի ավարտին ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի և Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի միջև կստորագրվի հուշագիր:

Միացիր մեր կայքին