Ստաս Նամինի հոբելյանական երեկոյին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը

Ստաս Նամինի հոբելյանական երեկոյին կհնչեն հեղինակի սիմֆոնիկ գործերը

Հայազգի լեգենդար ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, գեղանկարիչ, լուսանկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 70-ամյակի առթիվ Երևանում հոբելյանական համերգ կկազմակերպվի: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նրա «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը, «Առերեսում» hատվածը «Արատներ և սեր» բալետից և Սիմֆոնիա Centuria S-QUARK-ը:

Համերգը, որը տեղի կունենա նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը Ստաս Նամինն ասաց՝ իր համար մեծ պատիվ է, որ Թոփչյանի պես հրաշալի դիրիժորը հրաշալի նվագախմբով ներկայացնելու է իր երկու ստեղծագործությունները: «Այդ շատ տարբեր գործերը գրվել են տարբեր ժամանակահատվածներում: Առաջինը ռոմանտիկ ու սենտիմենտալ գործ է, իսկ երկրորդը՝ առավել հասուն, փիլիսոփայական ու բարդ: Այդ գործերը ներկայացնելը հեշտ չէ, սակայն երեկ փորձին էի մասնակցում և հիացած էի Ֆիլհարմոնիկ նվագախմբով. հնչողությունը փայլուն էր, երաժիշտները՝ բարձրակարգ»,- շեշտեց Նամինն ու տեղեկացրեց, որ համերգի նախաձեռնողը իր մտերիմ ընկեր բժիշկ Վահան Վարդապետյանն է:

Ստաս Նամինի երաժշտության առաջին ուսուցիչը Առնո Բաբաջանյանն է եղել, որը նրանց ընտանիքի մտերիմ ընկերն էր: Նամինի խոսքով՝ Բաբաջանյանը հաճախ է հյուրընկալվել իրենց տանը և կարծել է, թե Նամինը շատ է հետաքրքրվում ջազ երաժշտությամբ: «Առնո Բաբաջանյանը հրաշալի անձ էր, ջերմ, անկեղծ, հոգևոր մարդ, հանճարեղ երաժիշտ: Նկատի ունեմ ոչ թե այն երգերը, որոնք ամբողջ աշխարհն է կատարում, այլ նրա սիմֆոնիկ գործերը. նա փայլուն կոմպոզիտոր էր և մի քիչ ծուլանում էր շատ գրել: Եթե ամբիցիոզ լիներ, ավելի շատ արտակարգ ստեղծագործություններ կստեղծեր»,- ասաց Նամինը՝ չմոռանալով նշել, որ դասական երաժշտության հանդեպ մեծ սեր է տածել նաև իր երկրորդ ուսուցչի՝ Օհան Դուրյանի շնորհիվ, որը ևս իրենց լավ բարեկամն էր:

«Մենք հաճախ ենք ասում, որ տաղանդավոր մարդն ամեն գործում է տաղանդավոր. Ստաս Նամինը դրա վառ օրինակն է: Նա Խորհրդային Ռուսաստանում ռոք երաժշտության հիմնադիրն է եղել, բայց հիմա էլ գրում է սիմֆոնիկ երաժշտություն, փայլուն նկարիչ ու լուսանկարիչ է: Մեզ համար մեծագույն պատիվ է Ստաս Նամինի կողքին լինելը, և մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք նվագել Նամինի ստեղծագործությունները»,- նշեց ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու անդրադարձավ Վարդապետյանին՝ շեշտելով, որ բախտավորություն է Վարդապետյանի ընկերը լինելը, մարդու, որի օգնությամբ հազարավոր երեխաներ են լույս աշխարհ եկել:

Նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանն էլ հայտնեց, որ համերգը տեսաձայնագրվելու է, և որոշակի աշխատանք կատարելուց հետո կփորձեն այն ներկայացնել աշխարհին: Պադարյանը մանկուց է լսել Ստաս Նամինի ստեղծագործությունները, քանի որ իր մայրը ժամանակին իրեն նվիրել է նրա սկավառակը: «Չէի կարծում, որ առիթ կլինի Հայաստանում ներկայացնել Նամինի սիմֆոնիկ երաժշտությունը, որը բոլորիս համար հետաքրքիր մարտահրավեր է: Հուսամ՝  Երևանում նաև ռոք համերգ կլինի, որի շրջանակում կնվագենք Ստաս Նամինի սիրված ռոք հիթերը»,- եզրափակեց Ֆիլհարմոնիկի պրոդյուսերը:

Միացիր մեր կայքին