Թուրքիան ինքը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, մինչև ՀՀ-ն չգնա զիջումների․ Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիան ինքը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, մինչև ՀՀ-ն չգնա զիջումների․ Ռուբեն Սաֆրաստյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

-Պարոն Սաֆրաստան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ասաց․ «Մենք ուզում ենք  հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, բայց մի հարց ենք ուզում տալ Թուքիային ու Ադրբեջանին՝ իրենք ուզում են Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել, թե՞ չէ, ուզում են հայ ժողովրդի ցեղասպանությունը  շարունակել ու ավարտին հասցնել, թե՞ չէ։ Եթե չէ, դա ուրիշ հարց է»։ Ինչպե՞ս դուք կմեկնաբանեք այս հարցը։

-Ես կարծում եմ՝ ներկա փուլում Թուրքիան փորձում է հասնել այն նպատակներին, որոնց չի հասել պատերազմի արդյունքում։ Հիմա այդ ագրեսիվ պատերազմի երկրորդ փուլն է, սողացող ագրեսիա է իրականացնում Հայաստանի դեմ, իհարկե, Ադրբեջանի ձեռքերով։ Փորձում է ճնշումներն ուժեղացնելով Հայաստանի վրա՝ նոր զիջումներ կորզել։ Եվնախապայմանները, որոնք նա ուներ Հայաստանի նկատմամբ, տասնամյակներ շարունակ երեքն էին, հիմա դրանց չորրորդն է ավելացել՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։

Ես չեմ կարծում, որ հիմա Թուրքիան պատրաստվում է մեզ ցեղասպանել, դժվար թե հարձակվի Հայաստանի վրա, քանի դեռ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան կա։ Ուղղակի ճնշում է, սողացող ագրեսիա է իրականացնում։

-Իսկ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման պատրաստակամություն կա՞՝ առանց նախապայանների։ Ընդհանրապես, հայկական կողմը կարո՞ղ է տարածաշրջանային խաղաղության ակնկալիք ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության պարագայում։

-Ես ասում եմ՝ ոչ։ Ինչո՞ւ, որովհետև  ես դա հենց այնպես չեմ ասում, հիմնվում եմ և Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հմտությունների վրա, մենք չպետք է խաբվենք նրանց հռետորաբանությամբ, և նաև նրանց քաղաքական հիմնական կուսակցությունների ծրագրերում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Հայաստանը դիտարկվում է որպես հարևան երկիր, որի հետ հարաբերությունները պետք է կարգավորել։

Իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցով ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել։

-Հիմա տեղի է ունենում Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրման գործընթաց, որում հիմնական դերը Թուրքիան է խաղում։ Այստեղ մի հանգամանք էլ կա, որ փաստորեն հիմա Թուրքիայում ուժեղանում է պանթյուրքիզմը՝ որպես իրենց արտաքին քաղաքականության գաղափարական հիմնավորում։ Եվ այդ տեսակետից Ադրբեջանի հետ Թուրքիայի ինտեգրումը դիտարկվում է որպես պանթյուրքիստական ծրագրերի կատարմանն ուղղված քայլերից մեկը։ Սա նոր երևույթ է, Թուրքիայի քաղաքականությունը բացահայտ պանթյուրքիստական երանգ է ստանում։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց այն մասին, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուժով են փորձում Սյունիքում միջանցք բացել։ Դուք պատերազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք։

-Արտերկրի համար թողարկվող իրենց պետական ռադիո-հեռուստատեսության ծառայության կայքում տպագրել էին մի քարտեզ, որտեղ «Զանգեզուրի միջանցք» ասվածն ամբողջ Սյունիքն է ընդգրկում։ Այսինքն՝ իրենք «Զանգեզուրի միջանցք» ասելով Սյունիքն են հասկանում։ Իհարկե, միանգամից դա տեղի չի ունենա։ Հիմա իրենք իրականացնում են սողացող ագրեսիայի քաղաքականություն, փորձում են փոքր-փոքր քայլերով այդ նպատակներին հասնել։ Տեսնենք, թե Ռուսաստանի միջնորդական ջանքերն ինչ արդյունք կտան։ Բայց ես հույս ունեմ, որ Հայաստանը սկզբունքային հարցերում չի զիջի Թուրքիային։

ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերություններում միջնորդական դեր ստանձնելու համար։ Ո՞ւր կարող է տանել այս գործընթացը, ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել։

-Ես դեռ տասնամյակներ շարունակ հենց նման առաջարկով էի հանդես գալիս։ Մենք տեսնում էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում միջնորդական դերը ստանձնել էր ԱՄՆ-ն։ Եղել է կարգավորման երեք փորձ, որոնցից երկուսի միջնորդը եղել է ԱՄՆ-ն, բայց դրանցից ոչ մեկն արդյունք չի տվել։ Դրա համար լավ կլիներ, որ միջնորդը լիներ Ռուսաստանը։ Ես այն ժամանակ այդպիսի առաջարկ էի ներկայացրել, այդպես էի մտածում։ Հիմա էլ կարծում եմ, որ Ռուսաստանի միջնորդությունն այդ հարցում մեզ չի վնասի։ Ուղղակի խնդիրն այն է, ես եկել եմ այն եզրակացության,որ Թուրքիան ինքը շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Միջնորդն ով էլ լինի, չի համաձայնվի, մինչև Հայաստանը չգնա զիջումների, իրենց պահանջները չընդունի, չընդունի Թուրքիայի գերակայությունը։

Միացիր մեր կայքին