Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները ռեալ չեն ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա․ Բենիամին Պողոսյան

Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները ռեալ չեն ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա․ Բենիամին Պողոսյան

«2017թ. ստորագրված համաձայնությունը փոխարինեց ասոցացման համաձայնագրին։ Չնայած Ռուսաստան-Արևմուտք աճող լարվածությանը՝ 2014թ ուկրաինական ճգնաժամից հետո, Հայաստանին հաջողվեց մի կողմից Ռուսաստանի հետ շարունակել մնալ սերտ կապերի մեջ և անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն Եվրամիության հետ բանակցել նոր համաձայնագիր, որի քաղաքական մասի առնվազն 90%-ը նույն ասոցացման համաձայնագիրն էր»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրին։

Պողոսյանը կարևորում է այն փաստը, որ 1996թ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվել էր պայմանագիր, որն ուժի մեջ էր մտել 3 տարի անց, և հասկանալի է, որ վերջին քսան տարիների ընթացքում փոխվել է և՛ Եվրամիությունը, և՛ Հայաստանը, և՛ տարածաշրջանային անվտանգության դինամիկան, ուստի ակնհայտ էր, որ նոր համաձայնագիր է պետք՝ հաշվի առնելով 2009թ մայիսից «Արևելյան գործընկերության» մեկնարկը, որը Եվրամիության կողմից Հարավային Կովկասում ավելի հստակ ներկայացված լինելու նոր քայլ էր։

«Սա կարևոր էր Հայաստանի Հանրապետության համար, որ կարողացավ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացման պարագայում ստորագրել նման համաձայնագիր։ Մյուս կողմից եթե դիտարկենք համաձայնագրի իրականացմանը, ապա որոշ գործընթացներ կան, սակայն դժվար կլինի պնդում անել, թե Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացին որևէ շոշափելի բան զգում է որոշ կենսամակարդակի կամ անվտանգության առումով։ Բոլորս հասկանում ենք, որ ցավալի գործընթացներ տեղի ունեցան, սկզբում քովիդ, հետո՝ պատերազմ, իսկ երբ 2017թ ստորագրվում էր համաձայնագիրը, դժվար էր կանխատեսել 2020թ իրողությունները»,- նշեց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքով՝ կարող ենք միանշանակ ֆիքսել, որ Եվրամիությունն ավելի ակտիվ է ներկայացված տարածաշրջանում, որոշակի ծրագրեր են տեղի ունենում, այս առումով՝ պայմանագիրը կարևոր է․ «Սակայն ես այդքան լավատես չէի լինի՝ ասելով, թե համաձայնագրի ստորագրմամբ առաջիկա տարիներին քաղաքացիները ռեալ կենսամակարդակի բարելավում են զգալու»։

Պողոսյանի կարծիքով՝ Եվրամիության և Հայաստանի հարաբերությունները ռեալ չեն ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա, որովհետև 2020թ-ից հետո Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այնքան է մեծացել, որ վերջինս առայժմ ոչ մի խնդիր չունի Հայաստանում մտահոգվելու՝ անկախ նրանից, թե այլ ուժային կենտրոնների հետ ինչ գործընթացներ կձեռնարկվեն։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին