Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցում տնօրենի ընտրությունը «կենաց – մահու» պայքարի է վերածվել

Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցում տնօրենի ընտրությունը «կենաց – մահու» պայքարի է վերածվել

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում դպրոցի տնօրենի ընտրությունը վերածվել է կենաց-մահու հարցի։

Yerevanlur լրատվականը մասնավորապես ահազանգ է ստացել, որ դպրոցի թեկնածու Արեգնազան Մկրտչյանը փորձ է անում ամեն կերպ հասնել նրան, որ հենց ինքն ընտրվի այդ պաշտոնում։ Նրանից բացի կան ևս երեք թեկնածուներ՝ Աննա Գաբրիելյան, Մարինե Աբրահամյան, Թեհմինե Մելքոնյան։

Ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով։  Մեզ փոխանցած ինֆորմացիայի համաձայն՝ առաջին փուլի ընտրությունը տեղի է ունեցել ընթացակարգային մի շարք խախտումներով։ Մասնավորապես տեղեկացանք, որ ընտրության ընթացքը պետք է վարեր կառավարման խորհրդի նախագահ Անահիտ Զոհրաբյանը, սակայն նրա փոխարեն նիստը, ըստ մեզ հասած ինֆորմացիայի վարել է հենց Արեգնազան Աբրահամյանը։ Բացի այդ, քանի որ առաջին փուլում  ընտրելու իրավունք են ունեցել  երկու ծնող ու երկու ուսուցիչ, մեզ հասած ինֆորմացիայի համաձայն, Մկրտչյանը նրանց ասել է՝  լավ իմացեք, քվեարկության արդյունքները հայտնի են լինելու ու դա հետագայում իր ազդեցությունն է ունենալու։

Երկրորդ փուլի քվեարկությունը տեղի է ունենալու վաղը՝ նոյեմբերի 25-ին։ Այս անգամ ընտրելու իրավունք ունեն կառավարման խորհրդի մյուս անդամները՝ նախարարության, քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Տեղեկացանք, որ այս անգամ էլ Արեգնազան Մկրտչյանը զանգահարում է այդ անդամներն և խնդրում ու համոզում հենց իրեն ընտրել։ Մեր աղբյուրը մասնավորապես նշում է՝ տպավորություն է, թե այդ պաշտոնին ընտրվելը կենաց- մահու հարց է թեկնածուի համար։ Առաջին փուլով հենց նա է ընտրվել։

Yerevanlur-ը լսեց նաև հակառակ կողմի կարծիքը։ Մասնավորապես զրուցեցինք կառավարման խորհրդի նախագահ Անահիտ Զոհրաբյանի հետ։ Վերջինս կտրականապես հերքեց այն լուրը, թե առաջին  փուլի  քվեարկության նիստն ինքը չի վարել։ Ասաց՝ պարզապես ծնողներից մեկը հարց է հնչեցրել, որի պատասխանն իմացել է Արեգնազան Մկրտչյանը և դրա պատասխանը հնչեցրել է։ Նա նաև նշեց, որ տեղյակ չէ՝ արդյոք զանգեր են հնչեցվել կառավարման խորհրդի մյուս անդամներին քվեարկությանը կողմնորոշելու իմաստով։ Նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի ու անձամբ միայն զանգել է քվեարկության օրվա ու ժամի մասին հիշեցնելու նպատակով․«Ո՞նց կարող է այնպիսի ինֆորմացիա լինել, թե նիստը վարել է հավակնորդը։ Ինքը չի կարող  վարել։ Մենք այբբենական կարգով նշանակել ենք, հերթով՝ մեկ-մեկ մտել են հավակնորդները, ներկայացել ու դուրս են եկել։ Նույնիսկ իմ տված  ժամից ավել մնացած հավակնորդներ են եղել ու ես մի քանի անգամ խնդրեցի, որ սիրուն չի լինի՝ մեկը երկար ներկայացնի, մյուսը՝ կարճ․․ ինձ  խնդրեցին՝  մի երկու րոպե էլ տրամադրել, ես էլ  խոսքը չեմ կտրել ու դուրս հրավիրել՝ ասելով, թե ժամդ լրացել է։ Միակ պահը, երբ բոլորն իրար հետ ներկա են եղել՝ վերջին րոպեն է եղել, երբ նիստն ավարտել վերջացրել էր, հասել էր քվեարկության արդյունքների հրապարակմանը»։

Անահիտ  Զոհրաբյանն ասաց, որ անհավանական է, որ տնօրենի հավակնորդը զանգի նախարարության աշխատակցին  ու քվեարկության վերաբերյալ ինչ-որ բան ասի․«Մենք իրենց հետ գործ չունենք՝ նախարարության, քաղաքապետարանի, թաղապետարանի ներկայացուցիչներն են բաց քվեարկությամբ իրենց ձայնն ասելու։ Մենք, Արեգնազանն այդքան ռիսկ ունի՞, որ  զանգի իրենց ինչ-որ բան ասի, առյուծի մի՞ս ենք կերել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին