Ադրբեջանին դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններ պետք չեն, դրանք կսահմանափակեն Սյունիքում նրա էքսպանսիան․ Կոլերով

Ադրբեջանին դեմարկացիայի վերաբերյալ բանակցություններ պետք չեն, դրանք կսահմանափակեն Սյունիքում նրա էքսպանսիան․ Կոլերով

Yerevanlur-ի զրուցակիցն է ռուսական Ռեգնում գործակալության խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը։

-Պարոն Կոլերով, երեկ Կրեմլը հաստատեց, որ նոյեմբերի 26-ին Սոչիում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպումը։ Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ կարելի է սպասել այդ հանդիպումից։

-Նախևառաջ նշեմ, որ կողմերն այդ հանդիպումից տարբեր ակնկալիքներ ունեն։ Ռուսաստանը չի հանդիսանում հակամարտության կողմ, այլ պարզապես ռեալիզացնում է իր գործառույթը՝ որպես միջնորդ ու խաղաղապահ։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ հանդիպումից ուզում է ստանալ հիմնավորումներ՝ Սյունիքում իր հետագա էքսպանսիայի համար։ Եվ այդ էքսպանսիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Սյունիքում չկա պաշտոնական սահման։ Հայաստանն այդ հանդիպումից ուզում է ստանալ պաշտպանություն այդ էքսպանսիայից, բայց  դրա համար անպայման պետք է  հասնել դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար բանակցություններ սկսելուն։ Կրկնում եմ՝ քանի դեռ սահմանը չկա, էքսպանսիան կշարունակվի։ Ուստի հետևություն անենք՝ ցանկալի կլիներ, որ այդ հանդիպմանը որոշում ընդունվեր  սահմանների որոշման համար գործընթաց սկսելու վերաբերյալ։ Դուք գիտեք, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը պաշտոնապես  հայտարարեց, որ նման բանակցություններ այժմ գոյություն չունեն։Եվ ուրեմն հիմա խնդիր է դրված՝ հասնել նման բանակցությունների։ Սա ամենակարևոր խնդիրն է, մնացած ամեն ինչը տեխնիկական հարցեր են։

-Երեկվա ասուլիսի ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սոչիում նախատեսվում է դեմարկացիա ու դելիմիտացիա սկսելու վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթի ստորագրություն։ Սա դրական ազդակ կարո՞ղ ենք համարել։

Որպեսզի հանձնաժողովը սկսի բանակցություններ դելիմիտացիայի մասին, պետք է նախևառաջ սկսել բանակցություններ այդ հանձնաժողովի ստեղծման մասին։Եթե ստորագրվի փաստաթուղթ երկկողմանի հանձնաժողով ստեղծելու մասին, արդեն շատ լավ արդյունք կլինի։ Բայց մենք պետք է շատ լավ հասկանանք, որ դելիմիտացիայի մասին նման բանակցություններն այժմ ձեռնտու չեն Ադրբեջանին, այդ երկրին դա պետք չեն, որովհետև դրանք կսահմանափակեն Սյունիքում նրա էքսպանսիան։ Նույնիսկ եթե  դեկլարատիվ հայտարարություն լինի, որ այո՛, շատ լավ է  բանակցություններ տանել դելիմիտացիա իրականացնելու համար, պետք է սպասել բանակցությունների ռեալ սկսելուն։

-Սյունիքում Ադրբեջանի կողմից էքսպանսիա իրականացնելու նպատակը ո՞րն է, ի՞նչ է ուզում Բաքուն։

-Էքսպանսիայի էությունն այն է, որ ադրբեջանական զորքերը շարժվում են Սյունիքում առաջ՝ հայկական տարածքներով։ Եվ այդ առաջխաղացման իդեոլոգիան Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններ են Զանգեզուրի միջանցք ստանալու մասին։ Ամեն ինչ ուղիղ ասված է, ոչ մի կասկած չկա։

-Բայց  հայկական կողմն ամեն կերպ հերքում է, որ նման միջանցք է տրամադրելու։ Ի՞նչ սպասել դիրքորոշումների այս հակասականության պարագայում։

Այո՛, հայկական կողմը հերքում է, բայց այդ մասին շատ ուղիղ կերպով հայտարարել են Թուրքիան ու Ադրբեջանը։ Ես Հայաստանի մասին առհասարակ չեմ խոսում։

Հարցը հետևյալն է՝ եթե հայկական կողմը հերքի իր այդ  մոտեցումը,  կնշանակի, որ Սյունիքում նման սադրանքները շարունակակա՞ն կլինեն։

-Այո՛, միանշանակ։

-Պարոն Կոլերով, Դուք նշում եք նաև, որ նման գործողությունները շարունակական կլինեն մինչև սահման չգծվի, բայց համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ դեմարկացիան շատ երկար ժամանակ է պահանջում։ Այսինքն՝ մենք այդ ընթացքում նորից խաղաղության մեջ չե՞նք լինելու, անգամ եթե գործընթացը սկսելու համաձայնություն ձեռք բերվի։

-Այո՛, իրավացի եք։ Դա կարող է տարիներ տևել։ Հետևաբար որպես մինիմում պետք է սկսել բանակցություններ դելիմիտացիա սկսելու համար։ Բայց պետք է հասկանալ,  որ եթե Հայաստանը շարունակի չօգտագործել իր բոլոր ուժերը սեփական սահմանների պաշտպանության համար, ոչ մի բանակցություն էլ չի օգնի։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին