Սպասվող ծանր բանակցություններից առաջ Փաշինյանին անհրաժեշտ էր հասարակության հետ հաղորդակցություն․ քաղաքագետները՝ վարչապետի ուղերձների մասին

Սպասվող ծանր բանակցություններից առաջ Փաշինյանին անհրաժեշտ էր հասարակության հետ հաղորդակցություն․ քաղաքագետները՝ վարչապետի ուղերձների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հնչեցված ուղերձները շատ կարևոր էին։ Yerevanlur-ի հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

«Փաշինյանն ասաց այն ամենը, ինչը պետք է ասեր երկրի ղեկավարը՝ կապված անվտանգային խնդիրների հետ։ Փաշինյանի խոսքերը կարելի է մեկնաբանել որպես կշռադատված ղեկավարի խոսքեր, բայց այնուամենայնիվ մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ այն, ինչ ասվում է հանրային տիրույթում, չի նշանակում, որ հենց դա էլ պետք է տեսնենք իրականում։ Կան գործընթացներ, որոնք ստվերային են ու չեն երևում հանրային տիրույթում։ Վարչապետն ինքն էլ նշեց այդ մասին, ասաց, որ իրավիճակը կարող է 10 րոպե անց փոխվել, և կստացվի, որ ես ստել եմ։ Դա բավական ցայտուն ցույց է տալիս մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների փոփոխելիությունը, որը մենք բոլորս ենք տեսնում»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ուղերձներ էր պարունակում Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Սոչիում և Բրյուսելում կայանալիք հանդիպումներից առաջ, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց․ «Չեմ կարծում, որ ասուլիսը նշանակվել է կոնկրետ Սոչիում կայանալիք հանդիպման մասին տեղեկանալուց հետո, սա վաղուց էր հայտարարված։ Բայց Բրյուսելում կայանալիք հանդիպման հետ կարող է կապված լինել։ Ուղերձնեը շատ կարևոր էին, որովհետև Հայաստանում կա մի կոնտինգենտ, որը փորձում է ամեն գործընթացի հետևում տեսնել խնդիրներ ու այդ խնդիրների վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Սա, կարելի է ասել, կանխարգելիչ միջոցառում էր՝ այդ կոնտինգենտի կողմից հնարավոր նոր խարդավանքներին դիմակայելու համար։ Եվ Փաշինյանն իր հայտարարություններով դա որոշակի կանխարգելեց»։ Ըստ Ղևոնդյանի՝ մյուս կողմից էլ պետք է հաշվի առնել, որ այդ կոնտինգենտն այնուամենայնիվ կգտնի տարբերակ՝ պղտոր ջրում նորից ձուկ որսալու։

«Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ բավական ծանր են լինելու բանակցությունները՝ թե նոյեմբերի 26-ին Սոչիում, թե դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումների ժամանակ։ Եվ այդ ծանր բանակցություններից առաջ հավանաբար Փաշինյանին անհրաժեշտ էր հասարակության հետ որևէ հաղորդակցություն, և որոշվեց դա այս միջոցով անել։ Թեև ես չեմ զարմանա, որ մինչև Բրյուսելի հանդիպումը մեկ անգամ էլ Ֆեյսբուքով պատասխանի հարցերին, ինչպես բազմիցս արել է»,- հավելեց նա։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում որևէ նորություն չհնչեց։ «Այսինքն՝ որևէ նոր բան չի ասվել, և, անկեղծ ասած, ինձ մոտ մտահոգություններ առաջացրեց։ Ինչո՞ւ, որովհետև փաստորեն տողատակերով ասաց, որ Սյունիքի այդ 6 գյուղերը դժբախտ ու դժգույն են։ Երևի այն էր իմաստը, որ եթե դրանք մեզ պետք էին, ինչո՞ւ չէին բնակեցրել։ Ինքը խոսեց նաև այդ վտանգների մասին, բայց որևէ բան չասաց, թե ինչպես ենք դիմակայելու դրանց։ Իմ կարծիքով՝ ինքը նույնիսկ պետականության մասին շատ վատ բաներ ասաց, որոնք պետության ղեկավարն իրավունք չուներ ասել։ Օրինակ՝ ասաց, որ փաստորեն հնարավոր է, որ մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մենք մեր պետականությանը լուրջ ենք վերաբերվել։ Կարծում եմ՝ դա անթույլատրելի է պետության ղեկավարի, պետական գործչի համար»,- Yerevanlur-ի հետ զրույցում ասաց Արմեն Բաղդասարյանը։

Անդրադառնալով հարցին, թե Սոչիում ու Բրյուսելում կայանալիք հանդիպումներից առաջ ի՞նչ ուղերձներ էր պարունակում ասուլիսը, Բաղդասարյանը նշեց,որ նախ այդ երկու հանդիպումները համարժեք չեն, օրակարգերն էլ տարբեր են լինելու։ «Կարծում եմ՝ Բրյուսելում ավելի շատ ուշադրության կարժանան հումանիտար խնդիրները, մասնավորապես, ռազմագերիների վերադարձի հարցը, իսկ ավելի առարկայական հարցերը, օրինակ, դելիմիտացիա-դեմարկացիա, կոմունիկացիաների ապաշրջափակում, դրանք կքննարկվեն Ռուսաստանի հետ համատեղ։ Այսինքն՝ նախնական քննարկումները կլինեն Սոչիում, որտեղ կնախապատրաստվի փաստաթուղթ, որը հետագայում, կարծում եմ, կստորագրվի Մոսկվայում»,- հավելեց  Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ շատ հնարավոր է, որ ժողովրդի թիկունքում իսկապես լինեն գաղտնի համաձայնություններ։ «Տեսեք՝ ինքն ասում է՝ իհարկե, այդ դելիմիտացա-դեմակրացիան պետք է լինի գաղտնի գործընթաց, նկատի ունի՝ ոչ հրապարակային, գուցե ճիշտ է ասում։ Բայց հրապարակային պետք է լինեն այն իրավական փաստաթղթերը, որոնց հիման վրա դա իրականացվելու է։ Այսինքն՝ նախքան աշխատանքներ սկսելը հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է դա իրականացվելու։ Այ դա չի կարող գաղտնի լինել։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մեր երկրի տարածքային ամբողջականությանը, որի անմիջական երաշխավորը նաև ինքն է»,- հավելեց Բաղդասարյանը։

Միացիր մեր կայքին