Վարչապետ Փաշինյանի կամա, թե ակամա խոստովանությունը

Վարչապետ Փաշինյանի կամա, թե ակամա խոստովանությունը

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ավելի քան երկու ժամ տևած ասուլիսը ըստ էության նախորդեց երկու հանդիպումների, որոնք սպասվում են առաջիկա շաբաթներին: Առաջինը Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումն է Սոչիում նոյեմբերի 26-ին, և երկրորդը՝ Փաշինյան-Ալիև, որ դեկտեմբերի 15-ին սպասվում է Եվրամիության Արևելյան գործծընկերության գագաթնաժողովի շրջանակում Բրյուսելում: Երկրորդ հանդիպման պայմանավորվածությունը ԵԽ նախագահ Շարլ Միշելի ջանքով է:

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք չէ այդ և այդօրինակ հանդիպումներից ունենալ և դրական սպասում և թե ապոկալիպտիկ վախ, այդուհանդերձ որևէ մեկի մոտ երևի թե կասկած չկա, որ այդպիսի հանդիպումները ընդամենը ժամանց չեն և դրանք հետպատերազմմյան բարդագույն հարցերի շուրջ ծանր քաղաքական, դիվանագիտական, ռազմա-քաղաքական պայքարի հանգրվաններ են: Պատահական է՞ր այդ հանդիպումներից առաջ մամուլի մեծ ասուլիսի մասին որոշումը, թե՞ պարզապես համընկնում, այդ հարցին երևի թե առավել ճշգրիտ կպատասխանի Նիկոլ Փաշինյանը կամ այն թիմը, որի հետ քննարկումների մասին օրինակ նա խոսում էր ասուլիսի որոշ դրվագներում:

Եվ հենց այդ դրվագները մեզ համար կարող են հիմք լինել եզրակացնելու համար, որ երկու կարևոր հանդիպումներին ընդառաջ մեծ ասուլիսի մասին որոշումը պատահական չէր: Իսկ խոսքը այն դրվագների մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը «շեղվելով» այսպես ասած բուն հարցադրումներից, ծավալուն կերպով անդրադարձավ բանակցային նախապատերազմական պատմությանը, դրա հանդեպ իր քաղաքական վերաբերմունքին, դրա վերաբերյալ հանրության հետ կոմունիկացիային, հնարավոր բացթողումներին և սխալներին, հնարավոր մեղքին և այլն:

Այս ամենը անկասկած ունի հանգամանալից դիտարկման կարիք և թերևս պետք է դառնա հասարակական-քաղաքական կյանքի զննության առարկան: Ավելորդ է ասել, որ դա պետք է տեղի ունենա բացարձակապես էմոցիաներից զուրկ տրամաբանությամբ և միջավայրում, որովհետև խոսքը զուտ պատմական հանգամանալից էքսկուրսը չէ, այլ Հայաստանի շուրջ և Հայաստանի հետ տեղի ունեցող զարգացումների համատեքստում հասարակական դիմադրունակության և կանխարգելիչ մեխանիզմների ձևավորումը:

Ըստ էության, Պուտին-Փաշինյան-Ալիև և Փաշինյան-Ալիև հանդիպումներից առաջ մեծ ասուլիսի կամա, թե ակամա ասվածի առանցքը խորքային իմաստով հայկական դիմադրունակ օրգանիզմի, այդ օրգանիզմի՝ մարտահրավերներին կանխարգելիչ տրամաբանությամբ հակազդելու ինստիտուցիոնալ և մտա-գաղափարական կարողությունների բացակայության և ըստ այդմ խնդիրներին, ռիսկերին ու սպառնալիքներին պոստֆակտում արձագանքելու «դատապարտվածության» մասին էր: Ուզում էր դա ասել Փաշինյանը, թե ոչ, նույնիսկ գուցե էականն էլ չէ: Էական է այն, որ նրա ասուլիսը ստացվեց այդ մասին՝ կամա, թե ակամա:

Ընդ որում, խոշոր հաշվով այդ մասին է խոսում հայաստանյան անկախ պետականության քաղաքական ընթացքի պատմությունը՝ ցավոք սրտի, միայն պոստֆակտում: Եվ մեծ հաշվով ներկայումս հայ ժողովուրդը, հայկական հանրությունը, հավաքական հայությունը կանգնած է այդ ճամփաբաժանի առաջ՝  մենք շարունակում ե՞նք իրադրության հանդեպ մոտեցումների, գնահատականների, պատկերացումների այսպես ասած հին համակարգով և քաղաքական հին ռեժիմով կենսագործունեությունը, թե՞ պատրաստ ենք հանրայնորեն, հավաքականորեն դիտարկել քաղաքական կենսագործունեության նոր սխեմաների և մեխանիզմների հնարավորությունն ու վերանայել Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական միջավայրի գնահատման սանդղակը:

Դա է լինելու որոշիչը արտաքին ռազմա-քաղաքական մարտահրավերների միջավայրին պոստֆակտում արձագանքի դատապարտվածությունից կանխարգելիչ հնարավորությունների անցման համար: Հայաստանը ներկայումս գտնվում է անցման հենց այդ շրջանում, որի արդյունքից է կախված, թե ընթացիկ-օպերատիվ, և թե համակարգային ռազմավարական կարողությունների ձևավորման ինտենսիվությունն ու էֆեկտիվությունը: Ակնառու է նաև, որ ներքաղաքական կյանքում այդ առաքելությանը կոչված քաղաքական խմբավորումների ճնշող մեծամասնության համար առ այսօր այդ հարցերը երկրորդական են: Ըստ այդմ հանրության համար առաջնային է դառնում այդ խնդիրների քննարկման և լուծման այլ ձևաչափերի հարցում հրատապ պատասխաններ գտնելը:

Հայկ Իսրայելյան

Միացիր մեր կայքին