Պետական սիմֆոնիկ նվագախումբը երեխաներին է ներկայացրել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգը

Պետական սիմֆոնիկ նվագախումբը երեխաներին է ներկայացրել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, հանդես է եկել «Սիմֆոնիկ մուլտֆիլմեր» համերգային ծրագրով:

Երեխաների համար նախատեսված համերգին հնչել են հայտնի ու սիրված մուլտֆիլմերի մեղեդիների սիմֆոնիկ կատարումները։ Զուգահեռ մեծ էկրանին ցուցադրվել են հատվածներ մուլտֆիլմերից։

Երեկոյի մենակատարներն են եղել Սիլվա Պետրոսյանը, Լուսինե Ստեփանյանը, Կիմ Սարգսյանը, Մարիցա Թիլիքյանը։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Մաեստրո Արզումանյանը նկատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն արդեն մի քանի տարի ներկայացնում է երեխաներին ուղղված համերգային ծրագրեր։ Նա հիշատակում է նաև վերջերս ներկայացված՝ Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա» երաժշտական նախագիծը, որը նույնպես լավ ընդունելության է արժանացել: Բոլոր նման նախագծերի նպատակը երեխաներին նվագախմբային կատարողական արվեստի հետ ծանոթացնելն ու դասական երաժշտության հետ մտերմացնելն է։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նախկինում նույնպես ներկայացրել է մուլտֆիլմերի մեղեդիները, սակայն այս համերգային ծրագրում ներառվել են նաև հայկական մուլտֆիլմերի մեղեդիներ։ Երաժշտության նվագախմբային մշակումները կատարվել են Սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Համերգն իրականացվել է նորարարական ձևաչափով. նորարարական մեթոդների շնորհիվ սինխրոնացվել էին էկրանին ցուցադրվող տեսանյութերը և նվագախմբի կատարումները։

Հարություն Արզումանյանը, խոսելով Սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին, նշում է. «Անկեղծորեն պետք է ասեմ՝ զարմանալի նվագախումբ է։ Շատ ճկուն կոլեկտիվ է։ Հաճախ ենք ունենում բարդ և տարբեր ծրագրեր, բոլոր խմբերը՝ և՛ լարային, և՛ փայտափողային, և՛ պղնձափողային խմբերը, հարվածայինները, ֆանտաստիկ դաշնակահարը, բոլորն այնքան ճկուն ու պրոֆեսիոնալ են, որ հեշտությամբ կարողանում են հաղթահարել բարդագույն ծրագրերը։ Հայաստանի պետական սիֆոնիկ նվագախումբն այսօր մեծագույն արժեք է»։

Նվագախմբի հաջորդ համերգը նոյեմբերի 27-ին է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Միքայել Թարիվերդիևի 90-ամյակին նվիրված երեկո՝ «Պահե՛ք ակնթարթը, մաե՛ստրո» խորագրով։

Միացիր մեր կայքին