Բեմանկարչական ցուցահանդեսով մեկնարկեց «Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

Բեմանկարչական ցուցահանդեսով մեկնարկեց «Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնը

«Հայ ֆեստ» 19-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվեց բեմանկարչական ցուցահանդեսով, որը բացվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Ցուցահանդեսում ներկայացված էին հայ թատրոնի  անվանի բեմանկարիչների աշխատանքներ, բացառիկ ցուցանմուշների  տեսքով՝ սկսած հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը։

Ցուցահանդեսի գաղափարը փառատոնի գեղարվեստական ղեկավար Եվգենիա Պոդպոմոգովայինն է, որը վերջերս է կյանքից հեռացել: Այն կյանքի է կոչել և համադրել ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչյա Քեշիշյանը։ Աշխատանքներին աջակցել է  հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող գրականության և արվեստի թանգարանը (խորհրդատու՝ Մարինե Հարոյան)։ Ցուցահանդեսը հասանելի կլինի այցելուների համար մինչև նոյեմբերի 24-ը։

Առցանց հարթակում փառատոնի մեկնարկն ազդարարեց Arlekin Players թատրոնը (ԱՄՆ)։ Հանդիսատեսի դատին հանձնվեց բեմադրիչ Իգոր Գոլյակի «chekhovOS» /փորձարարական խաղ/ առցանց ներկայացումը՝ ըստ  Ա․ Չեխովի «Բալենու այգին» պիեսի։ Անտոն Չեխովի դերում բալետի լեգենդ, դերասան, պրոդյուսեր Միխայիլ Բարիշնիկովն է, Ռանևսկայի դերում՝ «Թոնի» թատերական մրցանակակիր Ջեսիկա Հեքթը։ Այս ներկայացման ձևաչափն անսովոր էր հանդիսատեսի համար․ ինտերակտիվ ներկայացման մասնակիցը դառնալու համար պետք էր գործի դնել սեփական սմարթֆոնը։ Ներկայացման ընթացքում այն հեռակառավարման վահանակի դեր էր տանում, և սյուժետային գիծը հնարավոր էր փոխել՝ կախված հանդիսատեսի ընտրությունից։

Ցուցադրությունից հետո ներկայացման բեմադրիչը «Zoom» հարթակում պատասխանել է հայ հանդիսատեսի հարցերին: Իգոր Գոլյակը մասնավորապես նշել է, որ այս բեմադրության գաղափարը հղացել է լոքդաունի շրջանում: «Հասկանալի է, որ այդ սարսափելի օրերին համացանցը ողողված էր առցանց ներկայացումներով, ինչը մեզ անհետաքրքիր թվաց. թատրոնը կենդանի շփում է ենթադրում: Իսկ վատ որակի առցանց ցուցադրության փոխարեն մարդիկ կարող են կինո դիտել և կորցնել հետաքրքրությունը թատրոնի հանդեպ: Այդ իսկ պատճառով որոշեցինք ստեղծել թատրոն, կինո և համակարգչային խաղ միքսը: Եվ մարդկանց դա դուր եկավ, քանի որ այստեղ հնարավորություն կա դառնալ ներկայացման մասնակիցը, ազդել հերոսների ճակատագրերի վրա»,-շեշտել է բեմադրիչը: Գոլյակի խոսքով՝ համաճարակը հնարավորություն տվեց առցանց տարածքում ստեղծել նոր ժանր, ձեռք բերել նոր ընկերներ, համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրներում ապրող գործընկերների հետ:

Իգոր Գոլյակը (ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար) վիրտուալ թատրոնի ֆենոմենի հայեցակարգի և ուղղորդման համար համավարակի ժամանակ արժանացել է միջազգային ճանաչման: Գոլյակն ստացել է 2020 թվականին Էլիոթ Նորթոնի մրցանակը, որպես «Արլեկին Փլեյերս» թատրոնի վաստակավոր ռեժիսոր «Քարը» նախագծի համար և նույն թվականին առաջադրվել է նաև Արլեկին Փլեյերս թատրոնի «Ճայը» աշխատանքի համար: Նա Բոստոնի կոնսերվատորիայի դոցենտ է և ավելի քան մեկ տասնամյակ դասավանդել է թատերական արվեստ: Նա Իգոր Գոլյակի դերասանական ստուդիայի հիմնադիրն է և Արլեկին Փլեյերս Թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների Միացյալ Նահանգներում և այլ երկներում։

Միացիր մեր կայքին