Չեմ տեսնում պետության կոնկրետ գործողությունները, թե ի՞նչ են անում, որպեսզի գերեվարման դեպքերը չկրկնվեն․ Էդգար Խաչատրյան

Չեմ տեսնում պետության կոնկրետ գործողությունները, թե ի՞նչ են անում, որպեսզի գերեվարման դեպքերը չկրկնվեն․ Էդգար Խաչատրյան

Yerevanlur-ի զրուցակցին է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ քննվի։ «Զինված ուժեր ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնակարգերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- ասել էր նա։ Այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկվում է, ո՞րն է ձեր դիտարկումը, պե՞տք է քննություններ լինեն։

-Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ի՞նչն է պատճառը, որ բավական մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ գերեվարվել են։ Սա շատ կարևոր է հասկանալ պետության պարտավորության տեսանկյունից։ Այսինքն՝ պետությունն ի՞նչ պետք է աներ, որպեսզի քաղաքացին գերի չընկներ թեկուզ նաև պետպատերազմականգործողության ժամանակ։ Մենք շատ ենք խոսում Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության մասին, բայց շատ կարևոր է, թե քո սեփական պետությունն ի՞նչ մեխանիզմներ է կիրառում և ի՞նչ է անում, որպեսզի կանխի նման դեպքերը։ Եվ սա իրոք քննության առարկա պետք է լինի։

Հաջորդ հարցը՝ ի՞նչ են անում պետությունը և համապատասխան մարմինները, օրինակ, քննչական մարմինները, որպեսզի բացահայտեն անհետ կորած քաղաքացիների ճակատագրերը։ Այստեղ էլ պետությունն ունի պարտավորություն հարազատներին տեղեկատվություն տրամադրելու և ի վերջո նրանց տուն վերադարձնելու առումով։ Հիմա շատ կարևոր է հասկանալ պետության իրականում արած գործողությունները։ Հայտարարություններ անել, տխուր դեմքով կանգնել ու ասել, որ այսքան գերի, այսքան անհետ կորած ունենք, դա խնդրի լուծում չէ։ Համենայնդեպս, ես հիմա չեմ տեսնում պետության կողմից իրականացվող հստակ ու կոնկրետ գործողություններ, թե ի՞նչ են անում,որպեսզի նման դեպքեր չկրկնվեն։

Փաշինյանի այդ հայտարարությունից հետո եղան կարծիքներ, որ դա բացասաբար կազդի զինծառայողների ու նրանց ծնողների հոգեբանական վիճակի վրա։ Դուք ինչպե՞սկմեկնաբանեք սա։

-Իհարկե, ազդում է մարդկանց վրա, մարտունակության վրա է ազդում, մարդկանց մոտ պանիկա է առաջացնում։ Բայց ես միշտ եղել եմ այն տարբերակի կողմնակիցը, որ պետք է առերեսվել խնդիրների հետ։ Ես հասկանում եմ դրա բացասական հետևանքները քաղաքացիների վրա, բայց մյուս կողմից այդ ազդեցությունը չունենալու համար ոչինչ չանել կամ ուղղակի թաքցնել թվերը, ճիշտ չէ։ Ես կասկած ունեմ, որ գերիների թվերը շատ ավելին են, քան ներկայացվում է։ Եթե սա թաքցվում է այն բանի համար, որ պանիկա չառաջանա հասարակությունում, ինձ թվում է՝ դա սխալ մոտեցում է։ Փոխանակ լուծումներ գտնեն, ոնց անենք, որ հետագայում կանխենք նման դեպքերը, լռել նշանակում է հնարավորություն ստեղծել հետագա նման դեպքերի կրկնության համար։

-44-օրյա պատերազմից հետո մենք լսում ենք պատմություններ, որ վերադասի սխալ հրամանների կամ սխալ ինֆորմացիայիհետևանքով զինծառայողները շրջափակման մեջ են հայտնվել, գերեվարվել ու զոհվել են։ Երբ խոսք է գնում քննության մասին, արդյոք հենց վերադասի գործողությունները չպե՞տք քննվեն, այդ իրավիճակների մեղավորները պատժվեն։

-Այո, ես հենց դա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ պետք է քննություն տարվի, թե ինչ հանգամանքներում քաղաքացին անհետացավ։ Ի՞նչն էր պատճառը, ո՞վ էր հրաման տվել, ինչո՞ւ էր այդ մարդը այդ պահին գտնվում այդ վայրում, որտեղ նրա կյանքը վտանգված էր, ի՞նչ վերլուծության հիման վրա էր հրամանը տրվել։ Անհետանալու այս հանգամանքները շատ կարևոր են, որովհետև հաճախ ունենում ենք հակասական տվյալներ։ Մեկն ասում է՝ վիրավորված էր, այսինչ մեքենան եկավ տարավ, բայց որևէ կերպ ոչ մի ինֆորմացիա չի լինում, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել։

Այսինքն՝ շատ անհասկանալի իրավիճակներ կան։ Եվ ի վերջո գալիս ենք այն եզրակացության, որ պետք է հասկանանք՝ ի՞նչ է եղել քաղաքացու անհետանալուց առաջ, ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե այդ անհետացումը տեղի է ունեցել սխալ հրամանի հետևանքով։ Նաև մահվան դեպքերին է սա վերաբերում, ո՞վ է պատասխանատու և այդ մարդն ի վերջո ի՞նչ պատասխանատվություն պետք է կրի։

Միացիր մեր կայքին