Կարող ենք դատել, որ միջազգային հանրությանը պատերազմով շանտաժ անելու փորձը չանցավ․ Անդրիաս Ղուկասյան

Կարող ենք դատել, որ միջազգային հանրությանը պատերազմով շանտաժ անելու փորձը չանցավ․ Անդրիաս Ղուկասյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

 – Պարոն Ղուկասյան, Ադրբեջանի գործողությունների հետևանքով Հայաստանը կոչ արեց միջազգային հանրությանը և դաշնակիցներին՝ Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին քայլեր ձեռնարկել, որին ի պատասխան՝ վերջինս շեշտեց պաշտոնական դիմումի բացակայության մասին, ի վերջո՝ գործողությունները դադարեցվեցին ռուսական կողմի միջնորդությամբ։

Իմ կարծիքով՝ ակնհայտ է, որ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը մտադրված չեն Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հարցում Հայաստանի կողքին լինել։ Դա հայտնի փաստ է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ որպես անվտանգություն ապահովող փաստաթուղթ, նույնիսկ զուգարանի թղթի արժեք չունի։ Մենք տեսնում ենք, որ հնարավոր է խախտել հրադադարը և մնալ անպատիժ․ այդ հայտարարությունը որևէ պատասխանատվություն այս դեպքում չի պարունակում, ինչին ականատես ենք լինում։ Ըստ այդ հայտարարության՝ Ադրբեջանը երբ ու որքան ցանկանա, կխախտի հրադադարը և դա որևէ հետևանքների չի կարող բերել, իսկ երեկվա ռազմական գործողությունները ենթադրում էին հետևանքներ, օրինակ՝ Ռուսաստանը պետք է կողմերին հրավիրեր և պահանջեր, որ երկուսն էլ հեռացնեն իրենց զորքերը շփման գծից։ Եթե չկա այդպիսի գործողություն, նշանակում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը որևէ պատասխանատվություն չունեն եռակողմ հայտարարությունների խախտումների համար։ Սա կարևոր իրողություն է, և քանի Հայաստանի իշխանությունները հավատարիմ են այդ փաստաթղթի դրույթներին՝ ունենալու ենք Ադրբեջանի անպատիժ գործողություններ հայ-ադրբեջանական սահմանին կամ Արցախում։

ԱՄՆ-ն և  Ֆրանսիան հանդես եկան գործողությունները դադարեցնելու կոչերով և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը ևս գործնականում մշտապես արվող հայտարարությունների շրջանակում էր, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը, խաղաղության կոչերը երկու կողմերին։

Ես կհամարեի, որ արձագանք է նաև այն, որ Գերմանիան սառեցրեց «Հյուսիսային հոսք-2» գազամուղի սերտիֆիկացման աշխատանքները, դա կոնկրետ արձագանք է այս իրադարձությունների հետ կապված և դրա համար պատճառաբանություն կա, ըստ որի՝ Արևմուտքը համարում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար Ռուսաստանն ունի առաջնային պատասխանատվություն։ Արևմուտքի կողմից այսպիսի յուրաքանչյուր իրադարձություն դիտարկվում է Ռուսաստանի թույլտվությամբ կատարվող գործողություն, դրա համար տեսնում ենք, որ ոչ թե շեշտը դնում են Հայաստանի ու Ադրբեջանի գործողությունների վրա, այլ անմիջապես հասցեագրում են Ռուսաստանին։

Պարոն Ղուկասյան, մայիսին ադրբեջանական ուժերի ներթափանցման ժամանակ Ֆրանսիան պատրաստակամություն հայտնեց ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել, ինչին հայկական կողմը չարձագանքեց, թեպետ ակնարկեց, որ լուծումը պետք է լինի ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ֆրանսիայի նախորդ և այժմյա հայտարարություններում դիրքորոշման փոփոխություն չե՞ք նկատում։

Իրականում Ֆրանսիան հայտնեց իր պատրաստակամության մասին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ գումարել այս հարցով և դա չափազանց կարևոր հանգամանք էր, որն ի թիվս այլ հանգամանքների՝ ազդեց ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Ամփոփելով բոլոր իրողությունները և Փաշինյանի երեկվա ելույթը՝ կարելի է հասկանալ, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով Հայաստանին ներկայացրել է վերջնագիր, և Փաշինյանի ելույթը դրա մասին էր, որ Հայաստանն այդ վերջնագիրը մերժել է։ Հասկանալի է, որ խոսքը գնում է Մինսկի խմբի ֆորմատից դուրս խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Արևմուտքի դիրքորոշումը և՛ անցյալ տարի, և՛ հիմա շատ խիստ է։ Եթե Հայաստանն Ադրբեջանի հետ նման պայմանագիր թույլ տա կնքել, իսկ Արմեն Գրիգորյանի երեկվա ելույթից բխում է այն, որ Հայաստանը պատրաստ էր որոշակի վերապահումներով պայմանագիր կնքել, ապա ի պատասխան դրա՝ Ֆրանսիան և Նահանգները պատրաստ են ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Սա զսպող գործիք է, որն ազդում է և՛ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի վրա և որը ևս մեկ անգամ գործեց ռազմական գործողությունները կասեցնելու հարցում։ Կարող ենք դատել, որ միջազգային հանրությանը պատերազմով շանտաժ անելու փորձը չանցավ, այսինքն՝ միջազգային հանրությունը չտրվեց դիրքորոշումների որևէ փոփոխության։ Դա անիմաստ դարձրեց Ադրբեջանի ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը։ Ըստ էության՝ ռազմական գործողություններն սկսվել էին Փարիզում հանդիպումից հետո և հասկանալի է, որ սա փորձ էր տապալել այն առաջարկները, որոնք Մինսկի խումբը ներկայացրել է կողմերին։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին