Ոստիկանությունն ամփոփել է 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Ոստիկանությունն ամփոփել է 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեությունը

Ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2021 թվականի 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները հոկտեմբերի 15-ին ամփոփվել են ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ։
«Ոստիկանության 9 ամսվա գործունեության արդյունքների մասին զեկուցեց ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը: Ոստիկանության մարզային վարչությունների պետերն իրենց հերթին ներկայացրին ստորաբաժանումների և ենթակա բաժինների կատարած աշխատանքը։

Հաշվետու ժամանակահատվածում, հետպատերազմյան և ներքաղաքական լարված իրավիճակով, համավարակի կանխարգելման աշխատանքներով, ինչպես և Ազգային ժողովի ընտրությունների պատշաճ անցկացման հետ կապված ծառայություններով պայմանավորված, ոստիկանության ողջ համակարգը գործել է գերծանրաբեռնված օրակարգով: Ոստիկանությունն այդ պայմաններում կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել կայուն հասարակական կարգն ու անվտանգությունը:

Հաշվետու շրջանում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 6,1%-ով, ինչը գլխավորապես պայմանավորված է խարդախությունների, գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերի թվի աճով»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ գրանցված դեպքերի հիմնական մասը ոչ մեծ (57,3%) և միջին ծանրության (26,7%) հանցագործություններն են, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 84,0%-ը:

Ըստ առանձին հանցատեսակների` որոշ չափով աճել են սպանության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, գողության, ավազակության, խարդախության, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների, տրանսպորտային միջոցներ փախցնելու, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս, այդ թվում՝ ծանր վնաս պատճառելու, բռնաբարության ու բռնաբարության փորձի, բնակարանային գողության, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, այդ թվում՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված դեպքերը:

«Հաշվետու շրջանում ծանր հանցագործություններով բացահայտման արդյունավետությունը կազմել է 38,1%, առանձնապես ծանր 494 հանցագործություններով՝ 58,7%:

Հայտնաբերվել է 711 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 161-ը կաշառակերության դեպքեր են, 66-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման, 93-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 211-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 51-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
2021 թ. 9 ամիսների ընթացքում հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 142 480 նյութ և հարուցվել 11 396 քրեական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 1407 ծառայողական քննություն, որի արդյունքում կարգապահական տույժի է ենթարկվել 412 ծառայող»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամփոփման ավարտին ելույթ է ունեցել ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Նա վեր է հանե խնդիրներն ու բացթողումները և դրանք վերացնելու ուղղությամբ ժամանակ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին: «Նաև հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները սպանությունների, սպանության փորձերի, բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ։

Ոստիկանության պետը կարևորեց հետախուզվողների հայտնաբերման և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման աշխատանքները։ Նա նշեց, որ լինելու են կադրային փոփոխություններ, իսկ ոստիկանության այն ծառայողները, որոնք կթաքցնեն դեպքերն ու պատշաճ արձագանք չեն տա հանցագործություններին, խստորեն կպատժվեն։

Խոսվեց նաև ՏԻՄ առաջիկա ընտրությունների մասին։ Քննարկվեցին նաև համավարակի դեմ պայքարի և առանձին հանցագործություններով կատարվող աշխատանքների մանրամասներ։ Տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Միացիր մեր կայքին