Դեռ պատերազմի ժամանակ «WarGonzo»-ն  բազմաթիվ հղումներ է արել իր ներքին աղբյուրներին և տրամադրել ոչ ճշգրիտ տեղեկատվություն. Սամվել Մարտիրոսյան

Դեռ պատերազմի ժամանակ «WarGonzo»-ն  բազմաթիվ հղումներ է արել իր ներքին աղբյուրներին և տրամադրել ոչ ճշգրիտ տեղեկատվություն. Սամվել Մարտիրոսյան

«Ելնենք նրանից, որ դեռ պատերազմի ժամանակ «WarGonzo»-ն  բազմաթիվ հղումներ է արել իր ներքին աղբյուրներին և տրամադրել ոչ ճշգրիտ տեղեկատվություն։ Եկեք հասկանանք, որ այդ մարդը հայ, հայաստանցի չէ և իր մոտիվացիաները կարող են շատ տարբերվող լինել»,-Yerevanlur-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ ռուսական  «WarGonzo» նախագծի կողմից տարածվող լուրերին, թե հայկական կողմն ադրբեջանցիների հարձակման հետևանքով Արցախում ունի 3 զոհ։

«Ընդհանրապես, եկեք համաձայնենք, որ տելեգրամում շատ ալիքներ հիմնելով իրենց աղբյուրների վրա՝ ինչ ասես տարածում են․ պետք է զգուշավոր լինել»,- հավելեց զրուցակիցը։

Կեղծ ինֆորմացիայի արտահոսքի դեմ պայքարը, ըստ փորձագետի, Հայաստանում բավականին բարդ է․ «Եթե խորանանք, ապա այս հարցը ոչ մի երկրում էլ լուծում չի ստացել։ Սա ենթադրում է կոմպլեքս լուծումներ՝ սկսած հանրությանը կրթելուց մինչև կառավարության կողմից հստակ տեղեկատվական ռազմավարության լինելիությունն ու իրականացումը։ Սակայն, ամեն դեպքում, մեզ մոտ իրավիճակն ավելի բարդ է, քանի որ գտնվում ենք կոնֆլիկտային զոնայում, ներգրավված շատ կողմեր կան, որոնք տեղեկատվական պատերազմի տարբեր գործիքներ են օգտագործում»։

Սամվել Մարտիրոսյանի համոզմամբ՝ այդ խնդիրներին գումարվում է նաև բնակչության լայն հատվածի՝ պետական տեղեկատվության հանդեպ անվստահությունը, հատկապես՝ նոյեմբերի 9-ից հետո։ Ըստ նրա՝ այս ամենի արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, հետևաբար Կառավարությունը պետք է կարողանա այդ վստահությունը ետ բերել։

«Մենք կարող ենք տարիներ շարունակ խոսել նրա մասին, թե ինչ կարող է անել Կառավարությունը, սակայն դրանից ոչինչ չի փոխվի, մինչև չորոշվի իրականացնել, իսկ դրա համար անհրաժեշտ է փաստաթուղթ գրել՝ օգտվելով միջազգային փորձից, նաև պետք է  հաշվի առնել իրավիճակի առանձնահատկությունները։ Այս ամենից բացի պետք է սկսել այդ ամենն իրականացնել։ Դա բավականին երկար ժամանակ է ենթադրում, և այն, թե անընդհատ սպասենք, որ կսկսեն զբաղվել, սա անընդհատ հետաձգվող պրոցես է լինելու»,- նշեց զրուցակիցը։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին