Ադրբեջանի նպատակն է ժամանակի ընթացքում վերջնական անեքսիայի ենթարկել Արցախի տարածքն ամբողջությամբ․ Տարոն Հովհաննիսյան

Ադրբեջանի նպատակն է ժամանակի ընթացքում վերջնական անեքսիայի ենթարկել Արցախի տարածքն ամբողջությամբ․ Տարոն Հովհաննիսյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, Արցախում ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, պարբերաբար սարդրանքների է դիմում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում այս գործողությունները։

-Նպատակը շատ պարզ է, Ադրբեջանի պետական քաղաքականությունը, պետական գործիչների հայտարարություններն ու դրանց հետևած գործողությունները ցույց են տալիս մի բան, որ Ադրբեջանն ուզում է ժամանակի ընթացքում վերջնական անեքսիայի ենթարկել Արցախի տարածքն ամբողջությամբ։ Իրենք այդ նպատակին հասնելու համար տարբեր տեսակի գործողություններ իրականացնելու են, այդ թվում՝ սադրանքներ, ագրեսիվ գործողություններ Արցախի ու ՀՀ նկատմամբ։ Այդ թվում՝ իրենց նպատակին հասնելու համար այդ քայլերի մեջ մտնում է նաև Արցախի բնակչության շրջանում անընդհատ խուճապային տրամադրություններ տարածելը, նաև Հայաստանն անընդհատ լարված մթնոլորոտւմ պահելը։ Չմոռանանք, որ մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարը սպանել էր խաղաղ բնակչի, ով դաշտում աշխատանքներ էր իրականացնում։ Արդյո՞ք Ադրբեջանը դադարեցնելու է իր այս գործելաոճը, ոչ։ Եթե հնարավորություն ունեցավ, ինքն անընդհատ այդ քայլերին դիմելու է։

-Ի՞նչ պետք է անի հայկական կողմը ստեղծված իրավիճակում։

-Մենք պետք է իրականացնենք շատ մանրակրկիտ վերլուծություն և ըստ այդմ մշակենք մեր հստակ քաղաքականությունը և այդ քաղաքականության իրագործմանն ուղղված հստակ ու ճշգրիտ քայլեր իրականացնենք։ Դա վերբերում է թե ռազմական ոլորտին՝ իր անվտանգության բաղադրիչներով, թե քաղաքական ոլորտին, թե տնտեսական։ Կա երկու տարբերակ՝ կամ պետք է համոզենք Ադրբեջանին, որ դադարեցնի իր ագրեսիվ գործելաոճը, կամ պետք է պարտադրենք։

Համոզելը շատ բարդ կստացվի, եթե իրենք չունեն որևէ քաղաքական շարժառիթ՝ այդ քաղաքականությունը դադարեցնելու։ Համոզելու դիմաց, բնականաբար, իրենք շատ մեծ բաներ են պահանջելու, այդ թվում՝ թե Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից հրաժարվելը, թե,այսպես կոչված, միջանցքների հարցերը։ Այսինքն՝ նմանատիպ պահանջներ ու նախապայմաններ են առաջ քաշելու, որոնք մենք չենք կարող իրագործել այնպես, ինչպես իրենք են ցանկանում, քանի որ դա վնասում է և ապագայում էլ ավելի վնասելու է մեր շահերին, այդ թվում՝ ՀՀ շահերին։ Իրենք համենայնդեպս մինչ օրս պատրաստակամություն չեն ցուցաբերում՝ հրաժարվելու այդ քաղաքականությունից։ Միգուցե, եթե համապատասխանգործոններ լինեն, այդ թվում՝ և միջազգային, և մեր կողմից, ժամանակի ընթացքում կարող է փոխվել իրենց մոտեցումը։ Բայց համենայնդեպս առայժմ նախադրյալներ ցույց չեն տալիս։

Պարտադրելում համար ևս քիչ մեխանիզմներ ունենք այս պահին։ Դա արդեն կախված է նրանից, թե ինչ ուղղությամբ ու ինչպես կզարգանանք մենք, որպեսզի ավելացնենք մեր՝  պարտադրելու հնարավորությունները։ Այսինքն՝ պետք է դրա ուղղությամբ աշխատենք նաև, որ կարողանանք պարտադրել մեր ցանկացած խաղաղությունը կամ առնվազն պարտադրել Ադրբեջանին՝ չիրականացնել իր ագրեսիվ գործողությունները՝ դրան հակադրելով համաչափ այլ բան, որը կստիպի իրենց հրաժարվել այդ քաղաքականությունից։ Դա կարող է լինել թե ռազմական, թե քաղաքական։

Այստեղ, իհարկե, շատ կարևոր է նաև միջազգային խաղացողների դիրքորոշումը և քայլերը։ Ինչպես դուք նշեցիք՝ ռուս խաղաղապահներն Արցախում են, բայց ադրբեջանցիները չեն դադարեցնում իրենց ագրեսիան։ Այո, որովհետև ռուս խաղաղապահների առաքելությունը մինչև ինչ-որ մակարդակի, ինչ-որ աստիճանի վրա է աշխատում։ Այդ աստիճանը համենայնդեպս այս պահին էսկալյացիայի ավելի խորացումը թույլ չտալն է, ինչն իրենք իրականցնում են։ Դրանից ներքև աստիճանի վրա էֆեկատիվ չի աշխատում, որպեսզի նմանատիպ սադրանքների չդիմի Ադրբեջանը։ Ինչո՞ւ, որովհետև նմանատիպ մեխանիզմները բավարար չեն։ Եվ այնպես չէ, որ Արցախի անվտանգային բաղադրիչը միայն պետք է վստահել ռուսական խաղաղապահական կոնտինգենտին։ Պետք է նաև աշխատանք իրականացնել Պաշտպանության բանակի կարողություններն ավելացնելու ուղղությամբ։

Իհարկե, Ադրբեջանի այս սադրանքներն ուղղված են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Եվ, իհարկե, այս սադրանքներն իրականացնելիս Ադրբեջանն իր թիկունքում քաղաքական և անվտանգային առումով ունի Թուրքիային՝ որպես աջակցող, որն ավելացնում է Ադրբեջանի կարողությունները, այդ թվում՝ սադրանքի ու ագրեսիյաի դիմելու կարողությունները մինչև ինչ-որ աստիճանի, որտեղ արդեն մյուս խաղացողների՝ մասնավորապես, ՌԴ հնարավորությունների հետ է հատվում։ Հաշվի առնեով իր հեղինակության վրա այս ամենի ազդեցությունը՝ իր կարողությունները հարավորությունների չափով պետք է ավելացնի նաև ՌԴ-ն, հակառակ դեպքում Ադրբեջանին զսպող այլ ավելի էաֆեկտիվ մեխանիզմներ այս պահին չկան։

Իհարկե, նաև պետք է նաև անպայման վերսկսվի Մինսկի խմբի գործընթացը։ Բայց պատերազմից առաջ մենք տեսել ենք, որ այնպես չէ, որ Մինսկի խմբի գործընթացը ևս լիարժեք մեխանիզմ է, եթե լինելու է այնպես, ինչպես պատերազմից առաջ էր՝ սադրանքներն ու ագրեսիվ գործողություններն առհասարակ բացառելու ուղղությամբ։ Դրա համար այս ամենը պետք է իրար հետ համդարվի, որպեսզի մենք հնարավոր արդյունավետ մակարդակի կարողանանք հասցնել Ադրբեջանի ագրեսիայի զսպումները։

Միացիր մեր կայքին