Իշխանությունը Գյումրիում հաղթանակ տանելու հարցում վստահ է

Իշխանությունը Գյումրիում հաղթանակ տանելու հարցում վստահ է

Այս կիրակի՝ Գյումրիում կանցկացվեն հերթական ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես հայտնի է՝ իշխանությունների թեկնածուն գործող  մարզպետ Հովհաննես Հարությունյանն է։ Ընտրություններին մասնակցելու են մի շարք այլ ուժեր՝ այդ թվում այս իշխանությունների նկատմամբ  ռադիկալ ընդդիմադիր կեցվածք ունեցող դաշինքներ։

Գյումրու մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները հարյուր տոկոսանոց վստահություն ունեն իրենց հաղթանակի հարցում։ Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաև Գյումրու ՔՊ-ական պատգամավորները իրենց հաղթանակի հարցում վստահ են, նույնիսկ իրենց հիմնական մրցակից որևէ ուժի  կամ գործչի չեն համարում։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ Հովհաննես Հարությունյանն անգամ իրեն տեղակալ է արդեն «նշանակել» ՔՊ խմբակցության քարտուղար, գյումրեցի Նազելի Բաղդասարյանի եղբորը։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների միակ մտահոգությունն այժմ ավագանու կազմն է, քանի որ իշխանությունը չի ցանկանում քաղաքապետարանում տեսնել այնպիսի ուժերի, որոնք ունեն իշխանությունների հանդեպ ռադիկալ տրամադրվածություն և կարող են ավագանու նիստերը վերածել շոուների։

ՔՊ խմբակցության գյումրեցի պատգամավոր Էմմա Պալյանը Yerevanlur-ի հետ զրույցում հաստատեց՝ իրենց հաղթանակի հարցում վստահ  են․«Նախևառաջ ուզում եմ նշել, որ մենք  ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել Գյումրիում, բակ չի եղել ոչ չմտնեինք ու չզրուցեինք քաղաքացիների հետ։ Մենք ոչ միայն խոստումներ ենք տվել, այլ նաև մատնանշել ենք, թե ինչպես ենք պատկերացնում առկա խնդիրների լուծումը։ Վստահ եմ, որ գյումրեցիները մեզ հավատացել են։ Մենք հոկտեմբերի 17-ին հաղթանակ ենք տոնելու և հենց ՔՊ-ն է ստանձնելու  Գյումրու քաղաքային իշխանությունը»։

Էմմա Պալյանը մնացած 9 ուժերին ևս ցանկացավ հաջողություն։ Անդրադարձավ մեր վերը նշված այն դիտարկմանը, թե իշխանությունները Գյումրու ավագանիում շոու անող ընդդիմություն չեն ուզում․«Դուք շատ ճիշտ եք նկատել խորհրդարանում մեր ընդդիմությունը հենց դրանով է  է զբաղված։ Մինչ օրս նրանք որևէ լուրջ օրենսդրական գործունեություն չեն ծավալել, իսկ հայրաքաղաքում կցանկանայի տեսնել այնպիսի ընդդիմություն, որը ռեալ հակակշիռ կլինի իշխանություններին, ինչ-որ տեղ նաև ի նպաստ քաղաքի աշխատանք իրականացնելու հարցում»։

Էմմա Պալյանը, սակայն, հերքեց այն տեղեկությունը, թե Հովհաննես Հարությունյանը Նազելի Բաղդասարյանի եղբորը փոխքաղաքապետի պաշտոնն է խոստացել։ Պատգամավորի  խոսքերով՝ դրանք ասեկոսեներ են,  նման որոշում չկա և տվյալ անձը միայն իրենց ցուցակի երկրորդ համարն է։

Մեր զրուցակիցը կարծում է, որ այս ՏԻՄ ընտրությունները հունիսի 20-ի համապետական ընտրությունների տրամաբանական շարունակությունն են։ Նա վստահ է, որ  վարչապետի նկատմամբ վստահությունը կփոխանցվի նաև Գյումրու իրենց թեկնածուին և այժմ գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանը կդառնա քաղաքապետ։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին