Ստացվում է՝ Ռուսաստանը խրախուսում է ճանապարհներ, որոնք իրենց շրջանցելու են․ Ստեփան Գրիգորյան

Ստացվում է՝ Ռուսաստանը խրախուսում է ճանապարհներ, որոնք իրենց շրջանցելու են․ Ստեփան Գրիգորյան

 Yerevanlurի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իրանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստան-Իրան այլընտանքային ճանապարհի և «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման մասին, որին աջակցելու պատրաստակամություն ավելի վաղ հայտնել էր նաև Իրանը։

Շատ կարևոր է, որ հայտարարելուց հետո կոնկրետ քայլեր ձեռնարկվեն։ Գորիս-Կապան հատվածում շրջանցող ճանապարհն իրոք կառուցվում է, դա լավ է։ Եվրամիության կողմից միայն 600 միլիոն եվրո տրվում է «Հյուսիս-Հարավ»-ի կառուցման համար, Իրանն էլ է համաձայն աջակցել կառուցման հարցում։ Գլխավորը՝ պլաններից գործողություններին անցումն է, քանի որ վերջին 2-3 տարիներին կառուցման աշխատանքներն իսկապես ակտիվացել են, բայց այն հնարավորինս շուտ պետք է կառուցել, որպեսզի տարածաշրջանում գործոն դառնա և մեր միջոցով բեռներ անցնեն, օրինակ՝ նույն Հնդկաստանն ու Չինաստանը,  ցանկություն են հայտնում Իրանով, Հայաստանով դուրս գալ դեպի Սև ծով կամ դեպի Ռուսաստան։

– Պարոն Գրիգորյան, ԱԽ քարտուղարը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ միջանցքի շուրջ չբանակցելու առումով, մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան խաղաղության դիմաց պահանջում են միջանցք։ Ի՞նչ զարգացումների սպասել նույն հարցի շուրջ տարբեր պահանջներ ունեցող կողմերից։

Ակնհայտ է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի շահը միջանցքի բացումն է, կոպիտ ասած՝ ստիպել բացել ճանապարհը, որ Թուրքիա-Նախիջևան-Ադրբեջանը միավորվեն և շատ ակտիվ օգտագործում են Ռուսաստանի գործոնը, քանի որ, ըստ իս, Ռուսաստանն է նաև պահանջում Հայաստանից բացել այդ ճանապարհը։ Իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ այն է, որ Հայաստանը ոչ մի դեպքում ճանապարհներ չպետք է բացի, եթե դրանք հետո կվերահսկվեն այլ խաղացողներով, օրինակ՝ ռուս-թուրքական և այլն։ Եթե նույնիսկ լինի ապաշրջափակում և մենք բացենք ճանապարհները, ինձ համար կարևոր է, որ մենք վերահսկենք դրանք։ Այն, ինչ Ադրբեջանն է առաջարկում, որքանով ես ճիշտ եմ հասկանում, այն է, թե տվեք մեզ ճանապարհ, որը կվերահսկի Ռուսաստանը կամ Թուրքիան, անընդունելի է մեզ համար, դա պաշտոնական Երևանն էլ ասեց։

Ըստ էության՝ Հայաստանի կողմից արվող հայտարարությունը դա է ենթադրում՝ իր վերահսկողության ներքո թույլ տալ Ադրբեջանին ու Թուրքիային օգտվել ճանապարհներից։ Դրա ռեալիզացումն ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել։

Վերջին ժամանակներում տեսանք, որ շատ ցավոտ արձագանքեց Իրանը, նա էլ դեմ է, որ Հայաստանին ստիպեն բացել այդ ճանապարհը, այսինքն՝ Իրանի դիրքորոշումն այն է, որ Հայաստանի սուվերենությունը և սահմանները չեն կարող փոխվել։ Եթե Հայաստանը կամավոր բացում է ճանապարհը, ինքը վերահսկում է, ապա ոչինչ չի փոխվում, ուրեմն Թուրքիան մեզ համար ճանապարհ կբացի, մենք՝ իրենց, բայց եթե Սյունիքով ճանապարհը կվերահսկվի այլ խաղացողներով, ապա դա կհարվածի մեր սուվերենությանը, չեմ կարծում՝ ճիշտ է դրան համաձայնվելը, եթե նույնիսկ Ռուսաստանը մեզ ճնշի, պետք է հրաժարվել։ Այս հարցում մենք ունենք կողմնակիցներ՝ ի դեմս Իրանի, նաև Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները կդատապարտեն այն փաստը, որ ինչ-որ պետություններ մեզ կստիպեն բացել ճանապարհը։ Նրանք կողմնակից են տարածաշրջանային համագործակցության հարցով, բայց չեն համաձայնվի, եթե դա լինի ստիպողական։

Իսկ ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում, պարոն Գրիգորյան։

Անկեղծ ասած՝ չեմ հասկանում այս հարցում Ռուսաստանի շահը։ Ստացվում է՝ Ռուսաստանը խրախուսում է ճանապարհներ, որոնք իրենց շրջանցելու են՝ Թուրքիա-Նախիջևան-Հայաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա։ Այսինքն խրախուսվում է ինչ-որ կոմունիկացիաների աշխատանք՝ Ռուսաստանին շրջանցող։ Չեմ հասկանում, թե Ռուսաստանի շահը որտեղ է, բայց գոնե մինչև այսօր մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն էլ է պնդում, որ միջանցքը պետք է բացվի։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին