Ազգային պատկերասրահում ներկայացված «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագիծը նվիրված է Այվազովսկուն

Ազգային պատկերասրահում ներկայացված «Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագիծը նվիրված է Այվազովսկուն

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում արվեստասերներին ներկայացվեց թանգարանի «ետնաբեմը»։ Ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը։

Դրա առաջին ցուցադրությունը ներկայացնում է Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակից ծովանկարիչներ՝  Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները։

Պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը դիմելով ներկաներին՝ ասաց, որ կարևոր են մշակութային ժառանգության տարածումը, պահպանումն ու վերականգնումը։

«Այս նախագիծը միտված է թանգարանի բացահայտմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության համաշխարհային հանրահռչակմանը։ Թանգարանն առաջին անգամ է  իրագործում նման նախագիծ, այն նվիրված է Այվազովսկուն և իրեն անմիջականորեն առնչվող ծովանկարիչներին։ Նախագիծը կոչվում է «Նվիրատուներ և նվիրատվություններ», քանի որ թանգարանը 100 տարեկան է և իր հավաքածուում այսօր ունի 40 հազարից ավելի նմուշ։ Այս հավաքածուի մեծ մասն իրական գլուխգործոցներ են և դրանք այս թանգարան մուտք են գործել նվիրատուների շնորհիվ»,- նշեց Հակոբյանը։

Համադրող Հայկուհի Սահակյանը ներկաներին իր հեղինակային էքսկուրսիայով ներկայացրեց ցուցադրությունը։

«Նվիրատուներ և նվիրատվություններ» նախագծի ցուցանմուշները որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ, Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և այլ նվիրատուներ։

Միացիր մեր կայքին