Խոշոր համայնքների դեպքում դժվար է քաղաքական գործիչ գտնել, որը նաև լավ կառավարիչ է․ Վահան Մովսիսյան

Խոշոր համայնքների դեպքում դժվար է քաղաքական գործիչ գտնել, որը նաև լավ կառավարիչ է․ Վահան Մովսիսյան

Yerevanlur-ի զրուցակիցն է “Համայնքների ֆինանսիստների միավորում” ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանը։

 – Պարոն Մովսիսյան, Ազգային ժողովն այսօր հավանություն տվեց համայնքների խոշորացման ծրագրին, որով առաջարկվում է 441 հայանքի միավորմամբ ձևավորել 37-ը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, որքանո՞վ էֆեկտիվ արդյունք կտա գործընթացը։

Խոշորացման գործընթացի նախապատրաստական աշխատանքները 10 տարի առաջ են սկսել, բուն խոշորացումը՝ 5 տարի, և այս գործընթացը պետք է ունենար տրամաբանական ավարտ, կամ այլևս չարվեր կամ շարունակվեր։ Խոշորացումը ցույց տվեց, որ կառավարման տեսանկյունից շատ կարևոր գործիք է, կարծես՝ արդարացրեց իրեն, հետևաբար Կառավարությունը որոշեց շարունակել։ Ժամանակը հարմար չէր եղել՝ հեղափոխություն, կորոնավիրուս, պատերազմ, ընտրություններ։ Եթե ավելի ուշ արվեր, ապա պետք է խոշորացվող համայնքներում հերթական ընտրություններ անեին, որոշ ժամանակ հետո՝ խոշորացում, որը սթրեսային իրավիճակ կառաջացներ։ Մինչև հիմա բոլոր խոշորացումները եղել են փնջային մոդելով։ Հիմա մոտեցումը փոխվել է, մեծ մասշտաբով է իրականացվում։ Խոշորացվում են այն համայնքները, որոնք ժամանակին խոշորացվել էին, այսինքն տեղի է ունենում կրկնակի խոշորացում։ Սա է իրականությունն ինչ կատարվում է։

Խորհրդարանական ընդդիմությունը ապօրինի է համարում նախագիծը, նրանք բոյկոտել են նիստը և պնդում են՝ սա համայնքների ղեկավարներից ազատվելու միջոց է հանդիսանում, իսկ իշխանությունը համարում է, որ կառավարման արդյունավետությունն է այս կերպ բարձրանալու։ Ի՞նչ հնարավոր ռիսկեր եք նկատում գործընթացում։

Խոշորացումն ինքնին քաղաքական գործառույթ է։ Դժվար է մտածել, որ 20 փորձագետ կնստեն ու կգծեն ինչ-որ քարտեզ ու Կառավարությունը կընդունի։ Խոշորացումն օրենքի փոփոխություն է, ինչը քաղաքականություն է ենթադրում։ Ասել, որ դա քաղաքական էլեմենտ է, իհարկե այդպես է։ Սակայն արդյո՞ք քաղաքական էլեմենտը պարունակում է իշխող կուսակցության գործողություն, որպեսզի ինքն ավելի ամուր լինի և իր թեկնածուները կարողանան առաջ գնալ, կդժվարանամ ասել, որովհետև ընտրությունները լինելու են համամասնական և բոլոր կուսակցություններն ունեն շանսեր անցնելու։ Երբ մենք խոշորացնում ենք փոքր տիրույթներով, տեղական նշանակությունն զգալիորեն մեծանում է և տեղական հեղինակությունները, փոքր կուսակցությունները, որոնք կարող են մասնակցել այդ ընտրություններին, շանս ունեն ձայն հավաքելու։ Ավելի մեծ տիրույթում բարդ է, ավելի մեծ շանս ունեն այն կուսակցությունները, որոնք կայացած ու հայտնի են և դրանց մեջ իշխող կուսակցությունը մեծ շանս ունի։ Եթե հաշվի առնենք, որ ընտրությունները ժողովրդավար են անցնելու, ապա քննադատելու որևէ առիթ չունենք։ Մի կողմից գիտենք՝ ով ավելի մեծ շանս ունի, մյուս կողմից՝ դժվար կլինի ասել, որ որևէ մեկը նախանշված բաներ է արել, որպեսզի իր կուսակցությունը շատ ձայներ հավաքի։ Ազգային ժողովը պետք է խոսեր այն մասին, թե որն է պահանջը, որ փոքր փնջերից տեղափոխվել ենք խոշոր փնջերի։ Այստեղ տրամաբանությունը հուշում է, որ այդ համայնքներն ավելի լուրջ խնդիրներ են լուծելու։ Ես կցանկանայի, որ քաղաքական ղեկավարությունն ասեր իրենց տեսլականը, թե որն է մեծ խոշորացնելու պատճառը։ Խոշոր համայնքների դեպքում վտանգավոր է այն, որ դժվար է քաղաքական գործիչ գտնել, որը լավ կառավարիչ է։ Շատ երկրներում այդ երկրներում այդ երկու ֆունկցիաներն առանձնացնում են և համայնքի ղեկավարը լինում է ավագանու ղեկավարը, իսկ գործադիր ֆունկցիաներն իրականացնում են պրոֆեսիոնալ մարդիկ։ Այս մասին ընդհանրապես չի խոսվել, ինչը շատ զարմանալի է, սա շատ խոցելի է։

Պարոն Մովսիսյան, ի՞նչ խնդիրներ եք մատնանշում կառավարիչների ղեկավարման հետ կապված։ 

Պարզ է, որ համայնքի ղեկավարներ ընտրվելու են կուսակցությունների առաջադրած՝ տարածքում ամենահայտնի քաղաքական գործիչները, դրանում որևէ վատ բան չեմ տեսնում, քանի որ ընտրությունը քաղաքական է, դրանով պետք է լուրջ մարդիկ զբաղվեն։ Մի քիչ տարակուսած ցանկանում եմ ասել, որ արդյո՞ք այդ լուրջ քաղաքական մարդիկ լուրջ կառավարիչներ կլինեն, որովհետև այնպես չէ, որ Հայաստանը լիքն է բոլոր տեսակի մասնագետներով, նրանք այնքան սակավաթիվ են, որ անհրաժեշտություն կլինի երկար մտածելու։ Անհրաժեշտ է հիմա էլ քննարկել հարցը, որ միգուցե համայնքի ղեկավարը մնա ավագանու ղեկավար և լուծի քաղաքական խնդիրները, բայց գործադիրի դեպքում լինեն կառավարիչներ, ովքեր պրոֆեսիոնալ կրթություն և փորձ ունեն դրա հետ կապված, ինչպես, օրինակ, արել է հարևան Վրաստանը։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին