Նույնիսկ եթե Հայաստանում երազում են խաղաղության մասին, չի նշանակում, որ Ալիևն էլ նույնը երազում․ Թևան Պողոսյան

Նույնիսկ եթե Հայաստանում երազում են խաղաղության մասին, չի նշանակում, որ Ալիևն էլ նույնը երազում․ Թևան Պողոսյան

Yerevanlur-ի զրուցակիցն է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ Թևան Պողոսյանը։

Պարոն Պողոսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անցած գիշեր ելույթ ունենալով ՄԱԿի Գլխավոր ասամբլեայում, հայտարարել է, թե Երևանը պետք է ընտրություն կատարի համագործակցության և տարածքային պահանջների միջև: Ի՞նչ է նշանակում իր այս հայտարարությունը, նմանատիպ հռետորաբանությունը թույլ տալի՞ս է մտածել, որ այդ երկրի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել։

Ես Ալիևի հռետորաբանությունը պետք է գնահատեմ իր երեկվա խոսքերո՞վ, թե՞ ամբողջական՝ հաշվի առնելով, թե ով է Իլհամ Ալիևը, ինչեր է խոսել իր իշխանության գալու օրվանից, նույնիսկ դրանից առաջվանից, երբ դեռ  «Սոկար»-ի ղեկավարն էր։

Այնպես որ երեկվա իր խոսքերը  պարզապես շարունակություն են։ Նա փորձեց ասել, որ այլևս չկա արցախյան խնդիր ու հիմնավորումներ բերեց, թե իրենք ավելի մեծ տարածքային հավակնություններ ունեն Հայաստանի հանդեպ։ Հիմա ամեն մեկը մյուսի բառերի մեջ ազդակներ է փորձում փնտրել, բայց որևէ մեկը մի պարզ հարցի չի կարողանում պատասխանել՝ իրենք մտածում են ինչ-որ բա՞ն է  փոխվել  Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Այդ բոլոր ազդակներն էլ օգտագործելու են Հայաստանի Հանրապետությունը վերացնելու համար։ Երբ հանրությունը հունիսի 20-ի ընտրություններում որոշում էր կայացնում, թող մտածեր՝  իր կայացրած որոշմամբ ու՞մ է ավելի մեծ ուրախություն պարգևելու։ Հունիսի 20-ին եթե այլ արդյունք ունենայինք,  Ալիևն այդպես չէր խոսա։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր ցանկացած որոշում ունենում է իր հետևանքները։ Թող ամեն մեկը հասկանա՝ ինքը հաճույք ստանու՞մ է  Ալիևի խոսքերից ու երբ գնում էր  հունիսի 20-ին որոշում կայացնելու՝ ի՞նչ էր մտածում, դա ի՞նչ հետևանքներ է ունենալու։

-Ալիևը խոսում է Հայաստանի տարածքային պահանջների մասին, արդյոք այդ կերպ ինքն իրեն չի հակասում՝ այն իմաստով, որ նախկինում ասում էր, թե Ղարաբաղյան խնդիրն ամբողջությամբ կարգավորված է։

-Ալիևը մեկ անգամ չէ, որ ասել է, որ իրենց երազանքն է Զանգեզուրը՝ մեր Սյունիքին իրենք այդպես են ասում, նաև՝ Սևանը, Երևանը։ Դա իր ազգային երազանքն է , որը նա ձևակերպել է ու հետևողականորեն գնում է  դրա հետևից։ Միայն ՄԱԿ-ի ամբիոնից չէ , որ այդ մասին խոսում է, պետք է դիտարկենք նաև իր բոլոր նախկին հարցազրույցները։ Պետք է  հասկանանք, որ այդ մարդիկ իրենց ազգային երազանքի հետևից գնալու են՝ անկախ նրանից՝ մեր դուրը դա գալի՞ս  է, թե՞ ոչ։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ Հայաստանը, աշխարհով մեր սփռված տաս միլիոն հայերը՝ ազգային երազանք ձևավորե՞լ են, գալիք սերունդների համար խնդիր դրե՞լ են։ Այն երկիրը, որը չունի ապագայի ընկալում՝ չի կարող գոյատևել։  Դու դիմացդ նպատակ ես դնում ու սկսում ես քայլել դեպի այդ նպատակը։ Այս իմաստով Ալիևն իր երազանքները գաղտնի չի պահում, արտահայտում է։ Ի դեպ այդ կարծիքը նա արտահայտում է ի լուր աշխարհի։ Երբ այլ երկրներ Ադրբեջանի հետ հարաբերություններ են հաստատում, գիտեն ում  հետ համագործակցում, ինչ հարցերով պետք է սիրաշահեն։ Երբ  մենք ասում ենք խաղաղություն,  ոչ ոք չի հասկանում՝ դա ինչ խաղաղություն է։ Նույն տարածաշրջանն ամբողջությամբ խաղաղության մեջ չէ, մենք միայնակ մեջտեղում խաղաղությու՞ն ենք հաստատելու։ Նայեք՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունները, Իրան-Թուրքիա հարաբերությունները, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Ի՞նչ եք անելու, ո՞նց ենք անելու։ Բոլորն այդ հաշվարկները գիտեն ու հասկանում են, որ այս երկիրն անլուրջ է վերաբերում այն գործընթացների հանդեպ, որ տեղի է ունենում։ Միայն սիրուն խոսքեր են հնչում։ Մեզ միշտ ասել են՝ խաղաղությունը լավ բան է, ո՞վ դա չգիտի։ Բայց ի՞նչ ձևով։ Նայեք Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ՝ ՆԱՏՕ-ի անդամ երեք  պետությունները։ Չե՞ն ուզում խաղաղություն, չե՞ն երազում խաղաղության դարաշրջանի մասին։ Բայց ամեն երկիր  իր շահերին համահունչ է շարժվում։ Ես չեմ կարողանում հասկանալ՝ այսօրվա իշխանությունները մեր շահերը ընկալու՞մ են։

Այնպես որ նույնիսկ եթե Հայաստանում երազեն խաղաղության մասին, չի նշանակում, որ Ալիևն էլ այդ նույն երազանքը կիսում է։ Քո թշնամին չի երազում քեզ հետ խաղաղ ապրի, երազում է քեզ ոչնչացնել։ Պետք չէ մանիպուլացնել ազգին ու սին խոստումներ տալ։ Այսօր ունենք ռազմավարական դաշնակից, որն ապահովում է մեր անվտանգությունը։ Այդպես է եղել անցած դարի սկզբներին՝ 1916-1917 թվականներից։ Հետո ի՞նչ տեղի ունեցավ, Ռուսաստանում փոփոխություններ, ռուսն էլ գնաց իր հողի հետևից։ Հիմա ի՞նչ ենք մտածում, եթե Ռուսաստանում ինչ-որ փոփոխություններ լինեն, ի՞նչ է տեղի ունենալու, ինչի՞ն ենք մենք պատրաստ։ Մենք դասեր չենք քաղում ո՛չ սեփական պարտությունից, ո՛չ աշխարհաքաղաքական զարգացումներից։

-Դուք օրերս Արցախում էիք․․ կնկարագրե՞ ք հետպատերազմյան այս շրջանում ի՞նչ իրավիճակ է այնտեղ, ինչպիսի տրամադրություններ են, ի՞նչ են մարդիկ մտածում խաղաղություն հաստատելու հնարավորության մասին։

-Անհանգիստ իրավիճակ դեպի ապագան։ Պարզապես արթնանում ենք, ապրում՝ հույսով, որ լավ կլինի։ Մինչև հունիսի 20-ն այլ սպասումներ էին, բայց դրանից հետո  իրավիճակ փոխվեց։ Հասկանում են, որ իրենց խնդիրների հետ մնացել են մենակ։ Հիմա ինչ-որ շինարարություն է գնում, մարդիկ դաշտեր ունեն, որ մշակում են, բայց  այդ ամենը չկա ազգային օրակարգի մեջ։ Մարդը չի կարող  ապրել միայն տնտեսական ու սոցիալական գաղափարներով։ Դրա համար պետք է փոխվեն պետական ընկալումները։ Այնպես որ պատկերացրեք՝ Հայաստանում 2 միլիոն ծախսում են լուսային շքեղ խաղերի համար, իսկ այդ նույն օրը Ստեփանակերտում հոսանքազրկումներ են։ Այդ մարդիկ ի՞նչ սպասումներ պետք է ունենան։ Որևէ  ոլորտում զարգացում չկա․․․ դրան էլ գումարեք Ալիևի խոսքերը։ Հայաստանից էլ չկան համարժեք պատասխաններ, որ մինչև վերջ պայքարելու ենք։ Փողոցով երբ քայլես հանգիստ վիճակ է, մարդիկ գնում են աշխատանքի, գալիս են․․․ բայց երբ մարդկանց հետ խոսում են՝ հասկանում ես բոլորի մոտ հարցականներ են, անորոշությունն էլ շատ մեծ հոգեբանական ճնշումներ է ավելացնում։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին