Ինքնասպանություն կլինի համարելը, որ Ադրբեջանն Իրանի հետ առճակատման է գնալու․ Արտյոմ Տոնոյան

Ինքնասպանություն կլինի համարելը, որ Ադրբեջանն Իրանի հետ առճակատման է գնալու․ Արտյոմ Տոնոյան

Yerevanlur-ի զրուցակիցն է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

 – Պարոն Տոնոյան, Իրան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում՝ պայմանավորված Գորիս-Կապան ճանապարհի իրադարձություններով, հայտնի է, որ դեպի ադրբեջանական սահման են տեղափոխվել իրանական զինտեխնիկա և մարդկային ուժ։ Ի՞նչ է մտադիր անել Իրանը։

Պետք է նշել, որ լարվածության հերթական ալիքը հենց Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած իրադարձություններով։ Այն, որ Իրանը սպառազինություն է տեղափոխում դեպի Ադրբեջանի սահման, բողոքի տեսքով լայն արձագանք է գտնում Ադրբեջանում, դա էլ փաստ է։ Այս ամենը երկու երկրների հարաբերություններում նոր չէ, տարբեր ժամանակաշրջաններում նման լարվածության ալիքներ եղել են և հիմա գործ ունենք հերթական նոր փուլի հետ։

Ի պատասխան իրանական զինտեխնիկայի՝ Թուրքիան ևս զորքեր է կուտակում Իրանի հետ սահմանին, ինչի՞ կարող է հանգեցնել սահմաններին զորքերի կուտակումը։

Իրանի պարագայում պետք է հաշվի առնել, որ նա ցանկանալու է քաղաքական և դիվանագիտական լուծում։ Եթե հարկ լինի պատասխանելու, ապա Իրանն իր քաղաքականությանը հատուկ ձևով օգտագործելու է պատժելու կամ պատասխանելու այլ միջոց, ոչ լայնածավալ գործողություններ, իրենք Ադրբեջանի վրա ազդելու «փափուկ ուժի» բավական ուժեղ գործիքակազմ ունեն», հավանաբար հետագայում կօգտագործեն, չնայած որոշակի նշաններ կան, որ այդ գործիքակազմը հիմա էլ է կիրառվում, խոսքը վերաբերում է թալիշական ակտիվությանը, խնդրի հանրային օրակարգ գալուն։ Ինքնասպանություն կլինի համարելը, որ Ադրբեջանն Իրանի հետ առճակատման է գնալու, ինչքան էլ իրենք հայտարարեն, որ ռազմական սցենարի դեպքում Պակիստանը կհասնի Թեհրան և այլն, սակայն իրական քաղաքականության մեջ հասկանում են՝ խելահեղություն կլինի։

Պարոն Տոնոյան, Իրանը թեև միշտ հանդես էր գալիս մեղմ դիրքերից՝ պաշտպանելով տարածաշրջանում բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն վերջին շրջանում անգամ պաշտոնական մակարդակով են լինում քննադատություններ, բողոքներ՝ ուղղված Թուրքիային և Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, բարեկամական հարաբերություններ ունեցող երկներին ի՞նչ զարգացումներ են սպասվում։

Ինչքան էլ Իրանը փորձում է հավասարակշռված դիրքորոշում ունենալ, անգամ պատերազմից հետո որոշակիորեն խախտում է այդ հավասարակշռությունը՝ հաշվի առնելով ստատուս-քվոյի հետ կապված փոփոխությունները, նոր իրողությունները, այդ առումով նույնիսկ ոչ միշտ է պահպանում հավասարակշռությունը։ Այնուամենայնիվ, տեղի է ունեցել Իրանի քաղաքացիների ձերբակալություն, ընդ որում մի իրավիճակում, որը մինչև այդ չէր կանխատեսվում։ Երկու երկրների հարաբերությունների առումով՝ իրավիճակը նախադեպային է, նախկինում տեղի չէր ունեցել լարվածության նմանատիպ առիթ, կրոնական, էթնիկական և տնտեսական որոշ հարցեր եղել են, սակայն այս դեպքը որոշակիորեն նախադեպային է։ Իրանում հասկանում են, որ Ադրբեջանը միայնակ համարձակ քայլի չէր գնա և Իրանի քաղաքացու չէր ձերբակալի։ Իրանում այս պահին համարում են, որ կա Թուրքիայի անմիջական մասնակցությունը կա, որը մշտապես մրցակցության մեջ է Իրանի հետ։

Առաջիկայում նախատեսվում է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս հանդիպումն ի՞նչ կտա երկրներին՝ հաշվի առնելով իրանցի դեսպանի և Ալիևի օգնականի երկու հանդիպումները, որոնք, ըստ էության, մեծ կարևորություն չունեցան։

Կարող եմ ենթադրել, որ անգամ ձեր նշածն է ցույց տալիս, որ գործընթացում անմիջական մասնակցություն ունի նաև Թուրքիան և, հավանաբար, դրանով է պայմանավորված, որ նշված երկու հանդիպումները արդյունք չեն տվել և Թուրքիայի ներգրավմամբ է փորձ արվելու խնդիրը լուծել։ Հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ տարածաշրջանում որևէ քար անգամ չի կարող շարժվել առանց Թուրքիայի թույլտվությամբ։ Սա էլ է ապացուցում, որ գործընթացում կա Թուրքիան և ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մոսկվան էր անգամ խնդիրը Թուրքիայի հետ քննարկում, նույնը տեղի է ունենում Իրանի պարագայում։ Որոշ առումներով՝ Ադրբեջանը դադարում է ինքնուրույն լուծումների հնարավորություն ունենալ և չի կարողանում խնդրի լուծմանն առանց Թուրքիայի թույլտվության գնալ։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին