ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ և Ադրբեջանի գործընկերների հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձը

ՀՀ գլխավոր դատախազը ՌԴ և Ադրբեջանի գործընկերների հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում Արթուր Դավթյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, կողմերն ընդգծել են եռակողմ հանդիպման ձևաչափի կարևորությունը հատկապես Արցախում և տարածաշրջանում կայունության և օրինականության, Արցախի բնակչության բնականոն կենսագործունեության, անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին նպաստելու առումով:

Կողմերը նաև օգտակար են գնահատել պատերազմի ընթացքում անհետ կորած անձանց, զինծառայողների փնտրման, այդ նպատակով կողմերի միջև միջնորդավորված տեղեկատվության փոխանակման գործընթացի ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը և կարևորել են այդ աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Ընդհանուր պատրաստակամություն է արտահայտվել նաև հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հաղորդակցության  ուղիներում տարաբնույթ օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման և գործընթացի շարունակման շուրջ՝ որպես կապող օղակ՝ հիմնական դերակատարում վերապահելով Արցախում տեղակայված և գործունեություն ծավալող ՌԴ դատախազության ներկայացուցիչներին, որոնց գործունեության արդյունավետությունը բարձր է գնահատվել:

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպման ընթացքում շեշտել է Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների վերադարձման անհրաժեշտությունը՝ որը նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետով, ինչը կարևոր ազդակ կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության, հետագա հնարավոր համագործակցության, անվտանգության երաշխավորման, կողմերի միջև վստահության նախադրյալների ստեղծման համար:

ՀՀ գլխավոր դատախազը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման, էսկալացիայից խուսափելու նպատակով արձանագրվող և հնարավոր օրինախախտման միջադեպերի, դրանց հանգամանքների պարզմանն ուղղված երկկողմ տեղեկատվության փոխանակման ձևաչափերի ներդրման շուրջ քննարկումների կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել տարածաշրջանում լարվածության թուլացման, հումանիտար խնդիրների լուծման, կողմերի միջև երկխոսության հաստատման ուղղությամբ ռուսական կողմի և անձնապես ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի անհատական ջանքերը և ցուցաբերած հետևողականությունը:

Միացիր մեր կայքին