Խաղաղապահ ուժերը չունեն միջազգային մանդատ, ինչը լուրջ խնդիր է ու անհանգստացնում է Ռուսաստանին․ Անդրիաս Ղուկասյան

Խաղաղապահ ուժերը չունեն միջազգային մանդատ, ինչը լուրջ խնդիր է ու անհանգստացնում է Ռուսաստանին․ Անդրիաս Ղուկասյան

Yerevanlur-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Պարոն Ղուկասյան, ՀՀ կառավարությունը լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել է, թե Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ։ Ձեր կարծիքով՝ դրանք ի՞նչ քննարկումներ  են, և արդյոք խոսքը խաղաղապահների ժամկետի երկարաձգման պայմաններին է  վերաբերում։

Այս պահի դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերն Արցախում չունեն հաստատված մանդատ, ինչը հանդիսանում է  լուրջ խնդիր Ռուսաստանի Դաշնության համար, և  Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ամեն կերպ այդ խնդիրը լուծել։  Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանը ըստ միջազգային ճգնաժամային խմբի տված տեղեկությունների պահանջում է, որ այդ մանդատը  հաստատված լինի միայն Ադրբեջանի կողմից ու  Հայաստանն այդ հարցում մասնակցություն չունենա։ Հայաստանն, ըստ նույն աղբյուրի, համաձայն չէ այդ մոտեցման հետ ու պնդում է, որ հայկական կողմը նույնպես պետք է այդ մանդատը հաստատի։ Այս պահի դրությամբ սրանք են մանդատի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկումները։

Հասկանալի է, որ այդ խնդիրը մեծ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար, որովհետև ռուսական զորքերի ներկայությունն Արցախում հակասում է Մինսկի խմբի շրջանակում մինչ այդ գոյություն ունեցող պայմանավորվածությունների։ Հայտնի փաստ է, որ Մինսկի խմբի համանախագահները մինչ այդ իրար մեջ պայմանավորվել էին, որ խաղաղարար գործողությունները հակամարտության գոտում պետք է իրականացնեն չեզոք Զինված ուժեր։ Դրանք չեն կարող լինել հակամարտող երկրների Զինված ուժեր։ Դա չի կարող լինել նաև տարածաշրջանի հարևան երկրի Զինված ուժեր։ Այսինքն՝ ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը և ո՛չ Թուրքիան, ըստ գոյություն ունեցող պայմանավորվածությունների, չէին կարող այդպիսի դերակատարում ունենալ։

-Բայց հիմա կարծես մյուս համանախագահները դեմ չեն․․

-Ո՛չ, այս առումով հակադրություն կա ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև։ Հենց դա է  հավանաբար պատճառը, թե ինչու Մինսկի խումբն արդեն տևական ժամանակ պատերազմից հետո չի կարողանում միասնական դիրքորոշմամբ հանդես գալ։ Հենց գերտերությունների ներսում կան վիճելի հարցեր, որոնք վերաբերում են ռուսական զորքերի ներկայությանն այս տարածաշրջանում։ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պահանջն է, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր Զինված ուժերը և այդ տարածքներում՝ ոչ միայն Արցախում, այլ հարակից տարածքներում՝ նախկին անվտանգության գոտում, տեղակայվեն ԵԱՀԿ զորքերը՝ ինչպես և պայմանավորված է եղել նախկինում գերտերությունների միջև։

Հայաստանի դիրքորոշումն այս հարցում լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հետ։ Հայաստանն այդ առումով հանդես է գալիս որպես Ռուսաստանի Դաշնության շահերը սպասարկող կողմ և դրա համար մենք լսում ենք այն հայտարարությունները, որ ՀՀ իշխանությունները բոլոր մակարդակներում  մանդատի հարց են քննարկում Ռուսաստանի հետ։ Ըստ էության՝ սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները համաձայն կլինեն ցանկացած լուծման, որը Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի միջև ձեռք կբերվի։ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այդ պայմանավորվածություններին դեմ են, նաև պահանջում են, որ Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի փոխարեն տեղակայվեն ԵԱՀԿ դիտորդներ։

-Մամուլում կան տեղեկություններ, թե Բաքուն նաև պնդում է, որ հինգ տարի հետո խաղաղապահ զորքերի կազմը պետք է ընդլայնվի ու ավելանան Պակիստանն ու Թուրքիան։ Մենք ի՞նչ կարող ենք դրան հակադրել։

-Ադրբեջանն իր տարածք կարող է հրավիրել Թուրքիայի ու Պակիստանի զորքերը միայն միակողմանի գործողություններով։ Հիմա էլ կարող է անել։ Բայց  վերջնական   որոշումը, որը պետք է վերջնական ընդունվի  թե՛ Արցախի կարգավիճակի և թե՛ անվտանգության երաշխիքներ  հաղորդող խաղաղապահ ուժերի վերաբերյալ, պետք է ձեռք բերվի Ռուսատանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև։ Ադրբեջանի հայտարարությունները՝ Պակիստանի ու Թուրքիայի զորքերը Ադրբեջանում տեղակայելու մասին լիովին այլ քաղաքական նպատակ են հետապնդում։ Թուրքիան հայտնվելով ԱՄՆ-ի ճնշման, այդ թվում նաև՝ ռազմաարդյունաբերական ոլորտի պատժամիջոցների տակ, փորձում է արևմուտքի համար նոր  քաղաքական նախագիծ առաջարկել՝ այն է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը կարող են ձևավորել նոր դաշինք Իրանի դեմ ու հանդես գալ որպես Իրանին զսպող, նույնիսկ Իրանի վրա հարձակվող քաղաքական ինչ-որ միավոր։ Թուրքիան հույս ունի, որ այդ հնարավորությունը հիմք է տալու ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ սակարկել Արցախի դեմ ագրեսիայի  ու այսօր Արցախում ստեղծված իրավիճակի հարցը։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին