Բոլորս մտահոգվում ենք Սյունիքի դեպքերով, բայց փորձում ենք առանց էմոցիաների գտնել հայանպաստ լուծումներ․ Վլադիմիր Վարդանյան

Բոլորս մտահոգվում ենք Սյունիքի դեպքերով, բայց փորձում ենք առանց էմոցիաների գտնել հայանպաստ լուծումներ․ Վլադիմիր Վարդանյան

Yerevanlur-ի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

-Պարոն Վարդանյան, Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ դուք ավելի վաղ հայտարարել էիք, որ կառավարության ծրագրով Հայաստանի համար ստեղծվում է անվտանգության անհրաժեշտ միջավայր։ Այս օրերին Սյունիքում Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող զարգացումներն ինչպե՞ս եք գնահատում։

-Կառավարության ծրագրում նախատեսված են միջոցառումները, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանում ապահովվեն տարածաշրջանում անվտանգության անհրաժեշտ բոլոր նախադրյալները, և ձևավորվի անհրաժեշտ միջավայր։ Այո, բոլորս մտահոգվում ենք տեղի ունեցող զարգացումներով, մասնավորապես, Սյունիքում տեղի ունեցածով և փորձում ենք առանց էմոցիաների,առանց որևիցե եղանակով լարելու իրավիճակը գտնել այնպիսի հայանպաստ լուծումներ, որոնք հետագայում հարատև կարգավորման հիմք կհանդիսանան։

-Անվտանգության ապահովման ուղղությամբ իշխանությունների քայլերը բավարա՞ր են։ Այս հարցը տալիս եմ, որովհետև այսօր շատ է քննադատվում, որ թշնամին Հայաստանի տարածքում ճանապարհ է փակում, բայց մենք դրան չենք հակազդում։

-Ինչ վերաբերում է անհրաժեշտ քայլերին, ապա քայլերն իրականացվում են՝ ելնելով իրավիճակից։ Եվ մենք պետք է կարողանանք հնարավորինս արագ կարգավորումներ ու արդյունավետ լուծումներ ունենալ։

Հայաստանի իշխանությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց դրան ի պատասխան Ադրբեջանը ագրեսիվ գործողությունների է դիմում, Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով։ Այս իրավիճակում հնարավո՞ր է խաղաղություն հաստատել տարածաշրջանում։

-Ես բազմիցս Ազգային ժողովի ամբիոնից էլ եմ հայտարարել, հիմա էլ պետք է ասեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությանն անդամակցած ցանկացած երկիր պետք է դիտարկվի որպես խաղաղասեր, այսինքն՝ սպառնալիքներ չուղղի որևիցե այլ երկրի հասեցին։ Եթե մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին, դա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված կարևորագույն առանցքային դրույթներն են։

Բայց ստացվում է, որ Հայաստանը միակողմանի է գնում խաղաղության։

-Ինչ վերաբերում է այս կամ այն պետության կողմից օգտագործվող հռետորաբանությանը, դրա ոչ իրավաչափության հարցը թող քննարկեն համապատասխան կառույցները։ Մենք՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր ենք ապահովել այնպիսի իրավիճակ, որը թույլ կտա մեզ, պաշտպանելով մեր ազգային շահերը, կատարել նաև մեր պարտավորությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության շրջանակներում։ Այդ քայլերը պետք է անենք՝ օգտագործելով այն բոլոր միջոցները և այն գործիքակազմը, որը թույլ է տալիս պաշտպանել ՄԱԿ-ի կանոնադրությամբ յուրաքանչյուր պետությանը վերապահված իրավունքները։

Միացիր մեր կայքին