Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բացվեց նորոգված ու կահավորված վերականգնողական բաժանմունքը

Կենտրոնական կլինիկական հոսպիտալում բացվեց նորոգված ու կահավորված վերականգնողական բաժանմունքը

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում կայացավ «Sante՛ Armenie՛» (առողջություն Հայաստանին) նախաձեռնության կողմից նորոգված և կահավորված վերականգնողական բաժանմունքի բացումը։

Փարիզի համալսարանական հիվանդանոցի վերականգնողական նյարդաբանական բաժանմունքի ղեկավար նյարդաբան Կարինե Շահբազյանը նշեց, որ իրենց նախաձեռնության շնորհիվ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները և առհասարակ զինհաշմանդամները կկարողանան նոր սարքավորումներով հագեցած վերականգնողական բուժում ստանալ։

«Մենք այդ ժամանակ նկատեցինք, որ վերականգնողական բուժումը Հայաստանում բավականին թույլ էր, և անմիջապես որոշեցինք մեր առաքելությունն ուղղել այդ ուղղությամբ։ Այստեղ ստեղծել ենք այնպիսի վերականգնողական համակարգ, որոնք համապատասխանում են այժմյան գիտական մեթոդներին։ «Sante՛ Armenie՛»-ն ֆինանսավորում է 2 կինեզոթերապևտի, ովքեր ստացել են ֆրանսիական կրթություն և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում են աշխատելու։ Սարքավորումների մեծ մասը Իտալիայից և Ֆրանսիայից են, մի մասն էլ հայկական արտադրության են։ Մոտակա օրերին դրանք արդեն կտեղադրվեն բաժանմունքում»,- նշեց Շահբազյանը և հավելեց, որ վերականգնողական բուժումն առաջին հերթին ֆիզիկական բուժում է։

Նրա խոսքով՝ բժիշկները նաև վերապատրաստման կուրսեր են անցնելու Փարիզում։ Սարքավորումները նախատեսված են լինելու կինեզոթերապիայի, հոդային, գանգուղեղային վնասվածքների, շարժիչ ապարատի, հավասարակշռության համար և այլն։

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ բուժծառայության գնդապետ Վահան Գևորգյանը շնորհակալություն հայտնեց «Sante՛ Armenie՛»-ին՝ բաժանմունքի կառուցման, վերանորոգման համար։

«Այս բաժանմունքը կծառայի և՛ զինվորներին, և՛ պայմանագրային զինծառայողներին, և՛ զինհաշմանդամներին։ Մասնագետները պատրաստ են իրենց ունակությունները ներդնելու, և հուսով ենք, որ այս բաժանմունքի շնորհիվ բոլոր զինծառայողների վերականգնումն արագ կընթանա»,- ասաց հոսպիտալի պետը։

«Sante՛ Armenie՛» կազմակերպության ՀՀ-ում ներկայացուցիչ Գևորգ Աբգարյանը հայտնեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմից ի վեր իրենց հետ աշխատում են շուրջ 200 բժիշկներ՝ ֆիզիոթերապևտներ, վիրաբույժներ և այլն։

Միացիր մեր կայքին