Ադրբեջանցիները փորձում են հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել մշակութային կենտրոնների հետ կապված․ Ռոբերտ Ղևոնդյան

Ադրբեջանցիները փորձում են հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել մշակութային կենտրոնների հետ կապված․ Ռոբերտ Ղևոնդյան

«Հասկանալի է, որ ադրբեջանցիները փորձում են տարբեր սադրանքների միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա, սա էլ այդ միջոցներից մեկն է, որովհետև նրանք գիտեն, որ Հայաստանի հասարակությունը բավականին զգայուն է մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ։ Ամարասի վանքն էլ բացառություն չէ, նրանք փորձում են հնարավորինս շատ խնդիրներ ստեղծել մշակութային կենտրոնների հետ կապված»,- Yerevanlur-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ մեկնաբանելով Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշը ռուս խաղաղապահների կողմից հեռացնելու դեպքին։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների մոտեցմանը՝ Ղևոնդյանը նշեց․ «Նրանց գլխացավանք պետք չէ, նրանք փորձում են միջոցներ գտնել, որ երկու կողմից խնդիրներ չունենան։ Իրենց համար նշանակություն չունի, թե որտեղ և ինչ դրոշ կբարձրանա»։

Ադրբեջանի սադրանքները, ըստ քաղաքագետի, անընդհատ կրկնվելու են․ «Սա ոչ առաջինն է լինելու, ոչ վերջինը։ Մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ սադրանքները չեն սահմանափակվելու միայն պահանջներ ներկայացնելով, կարող են լինել փոքրածավալ բախումներ, առանձին հատվածներում նույնիսկ զոհեր։ Պետք է հասկանալ, որ նրանք այս պահին մեծ հոգեբանական առավելություն ունեն և դա փորձելու են վերածել մեծ կապիտալի, որի համար պետք են գործողություններ, որոնք թեման «տաք» կպահեն Հայաստանի ներսում, և Ադրբեջանը կկարողանա ազդել Հայաստանում գործընթացների վրա, ինչն էլ տեղի է ունենում Արցախում, Երասխում, Սյունիքում։ Պետք է կարողանանք մեր շահերն իրացնել պերմանենտ սադրանքների միջավայրում։ Այլ տարբերակ չունենք»։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանում բավականին լավ են աշխատում, դասեր են քաղել․ «Հույս ունենանք՝ մենք էլ կսովորենք նման կերպ աշխատել թշնամիների հետ»։

Մարիամ Ասատրյան

Միացիր մեր կայքին