Ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հայտարարությունները դավաճանություն են ու  պետական հեղաշրջման փորձ․ Տիգրան Խզմալյան

Ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հայտարարությունները դավաճանություն են ու  պետական հեղաշրջման փորձ․ Տիգրան Խզմալյան

Yerevanlur-ի զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, վերջին օրերին կրկին ակտիվացել է ռուսական լեզվին Հայաստանում կարգավիճակ տալու հարցը։ Այդ մասին  տարբեր հարթակներում բարձրաձայնել են  գործարարներ Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, նման հայտարարություններն ի՞նչ միտում ունեն։

-Այդ հայտարարությունները տեղավորվում են ՀՀ Սահմանադրության 299 և 301 հոդվածներում նկարագրված հանցագործությունների մեջ, որոնք  նկարագրում են պետական դավաճանությունը։ Այո՛, սա պետական դավաճանություն է։ Մեր նման միատարր ազգի համար պետական լեզուն հայերենն է։ Կարող է որպես երկրորդ լեզու լինել արևմտահայերենը։ Մնացածը քնարական զեղումներ են, որոնք նկարագրվում են քրեական օրենսգրքով ու Սահմանադրությամբ։

Սա նույնն է, ինչ պատրաստվող քոչարյանական զույցերը, որոնք ընտրություններից երեք ամիս անց պետական հեղաշրջման նպատակ ունեն։ Լեզվի հետ կապված այս բոլոր հայտարարությունները ևս պետական հեղաշրջման փորձեր են։ Լեզուն ու մշակույթը ազգի ինքնության կնիքն են։ Այն ավելի կարևոր է, քան կրոնը, երբեմն՝ ավելի կարևոր, քան պետություն ունենալը։ Մենք որպես ազգ պահպանվել ենք նախևառաջ մեր լեզվի շնորհիվ և բոլոր ոտնձգությունները պարզապես պետական հեղաշրջման կոչեր ու փորձեր են։

-Կարծում եք՝սա առանձին գործիչների՞ ցանկություն է, թե՞ ռուսական պետական քաղաքականություն, որն իրականացվում է այդ մարդկանց ձեռքերով։

-Դա հստակ ռուսական պետական քաղաքականություն է։ Հիշեցնեմ, որ սա  առաջին անգամը չէ։ Դա եղել է Ռուսաստանի ոտք դնելուց 12 տարի անց՝ 1840 թվականին, երբ առաջին անգամ Հայաստան հասկացությունը դուրս եկավ քարտեզներից ու մենք դարձանք էրիվանյան նահանգ, հետո 1903 թվականի հունիսի 12-ին, ռուսական ցարը հրովարտակ ստորագրեց, որով փակվում էին հայկական դպրոցները և եկեղեցական գույքն էլ առգրավվում էր ռուսական դատարանի օգտին։ Դա հսկայական գումար էր՝ 111 միլիոն ոսկե ռուբլի, ինչն  այսօրվա թվերով ավելին է, քան 1․5 միլիարդ դոլլարը։ Այն ժամանակ դա արժանացավ հայ ժողովրդի կատաղի դիմադրությանը, որը օրհնվեց Խրիմյան հայրիկի հայտնի խոսքերով։ Մարդիկ, ովքեր հիմա շարունակում էն կատարել չարիքի կայսրության կամքը՝ գործակալներ են։ Ինչպիսի գեղեցիկ խոսքեր  էլ ասեն, գեղեցիկ գաղափարներ էլ առաջ քաշեն՝ միևնույնն է, դա դավաճանություն է։

-Նույն գաղափարն առաջ մղվեց և հաջողությամբ գործարկվեց Արցախում։ Կարո՞ղ է նաև Հայաստանում հաջողություն ունենալ նմանատիպ նախաձեռնությունը։

Հենց այդ պատճառով էլ  Արցախն աբխազացվեց ու շատ արագ դառնում է  Ռուսաստանի ֆորպոստ։ Համենայնդեպս՝ դա է նրանց ցանկությունը։ Որպես հակառակ օրինակ, հիշեցնեմ, որ Եվրամիության կազմում բոլորովին այլ վիճակ է։ Այնտեղ սրբության սրբոց է համարվում բոլոր ազգերի մշակույթն ու լեզուները, փաստաթղթերը, օրենքները թարգմանվում են 28 լեզուներով։ Այնտեղ հասկանում են, թե ինչ է նշանակում ազգային լեզուն, ազգային մշակույթը ցանկացած պետության գոյության համար։ Մեզ հիմա փորձում են զրկել դրանից։ Այն, որ դա անում է Ռուբեն Վարդանյանը կամ Սամվել Կարապետյանը էլ ավելի դառն է ու անթույլատրելի։ Մարդիկ, ովքեր շատ ավելի մեծ օգուտ կարող էին բերել մեր երկրին, փաստորեն հիմա կատարում են ռուսական գործակալների գործառույթը։

-Իսկ հասարակության մոտ դա ինչպե՞ս կընկալվի։ Առաջարկողները մարդիկ են, որոնք մեծ հեղինակություն ունեն ու հսկայական ներդրումներ են անում Հայաստանում։ Հնարավո՞ր է դա գրավի մարդկանց հետաքրքրությունը։

-Դա նման է կաշառքի։ Եվրոպան մեզ առաջարկեց 3 միլիարդ դոլլար։ Դա պետական բյուջեին հավասար գումար է, փոխարենը Եվրոպան  որևէ բան  չստացավ։ Եվրոինտեգրման մասին խոսք չկա կառավարության 2021 թվականի 200 էջանոց փաստաթղթում։ Օգտվելով առիթից ուզում եմ հիշեցնեմ, որ ընդամենը մեկ օր առաջ՝ ՄԱԿ-ում կայացավ դարակազմիկ մի իրադարձություն՝ փաստորեն աշխարհի նոր բաժանում տեղի ունեցավ։ ԱՄՆ նախագահ Բայդենն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինին իրենց ճառերում երկու կարևոր հայտարարություն արեցին։ Առաջինն այն էր, որ այդ երկու պետություններն են բաժանում աշխարհը։ Եվ երկրորդն այն էր, որ նրանք ոչ մի դեպքում չեն պատերազմելու միմյանց դեմ։ Այսինքն՝ երեկ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ աշխարհի նոր բաժանումը։ Այնտեղ Ռուսաստանի մասին որևէ խոսք չկար, Ռուսաստանն աշխարհի բաժանման մեջ խաղացող չէ։ Այնպես որ ավելի տրամաբանական կլիներ, որ Հայաստանի մասին մտածողներն առաջակեին անգլերենը կամ չինարենը դարձնել երկրորդ պետական լեզու։ Բայց ինչպես տեսնում եք՝ դա տեղի չի ունենում։ Մեզ նորից առաջարկում են մեր ոխերիմ թշնամու լեզուն դարձնել պետական՝ այսինքն ոչնչացնել Հայաստանը։ Չեն էլ նկատում, թե աշխարհում ինչ է կատարվում։ Հայաստանին տրված է ևս մեկ հնարավորություն։ Շատ կարճ ժամանակահատվածում պետք է որոշվի՝ ինչպիսին է լինելու մեր պատասխանը աշխարհի բաժանման մարտահրավերին։ Ում հետ ենք մենք լինելու՝  բռնապետությունների՞, թե՞ ժողովրդավարությունների։

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին