Երևանի ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը մրցանակով է վերադարձել միջազգային ֆորումից

Երևանի ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը մրցանակով է վերադարձել միջազգային ֆորումից

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը երրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդական թատերական 4-րդ ֆորումի շրջանակում կազմակերպված մրցույթում: Ցուցադրվել է 12 մրցութային ներկայացում: Առաջին տեղը զբաղեցրել է Ուկրաինան, երկրորդը՝ Վրաստանը և երրորդը՝ Հայաստանը:

Ֆորումն անցկացվել է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը Տաշքենդում (Ուզբեկստան):

Դեկտեմբերի 10-ին «Արմենպրես»ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսին Հայաստանի թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանն ասաց, որ ֆորումի հիմնական նպատակը երիտասարդ թատերական գործիչների միջև շփումներ պահպանելն է: «Կարևոր իրադարձություն է, որում ընդգրկված են դրամատուրգներ, թատերագետներ, թատրոնի նկարիչներ: Ֆորումի շրջանակում լույս են տեսնում թատերական անթոլոգիաներ, անցկացվում են սեմինարներ և մրցույթ»,-նշեց նա:

Մելոյանը կարծում է, որ Հայաստանը ֆորումի չեմպիոնն է, որովհետև 4 անգամ մասնակցել է և մշտապես հաղթանակներով վերադարձել: «Գարդենիան» այնպիսի հաջողություն ունեցավ, որ ներկայացումից հետո, երբ մեր դերասանուհիները մտան այն ռեստորանը, որտեղ ընթրում էին ֆորումի բոլոր մասնակիցները, նրանց ծափողջույններով ընդունեցին»,-շեշտեց միության քարտուղարը:

Ռուսական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ ընդգծեց նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը՝ նշելով, որ, միջազգային ֆորումներին, փառատոններին մասնակցելով, մենք ներկայացնում ենք, թե ով ենք, թե որն է մեր թատրոնը:

«Գարդենիա» բեմադրության ռեժիսոր Գոռ Մարգարյանի խոսքով՝ դահլիճում տեղ չի եղել, թատերասերներն այն դիտել են անգամ կանգնած: Բանավոր համագործակցության առաջարկություն են ստացել Մինսկի և Ուզբեկստանի թատրոններից:

Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը ներկայացման հաջողության գրավականներից է համարում  այն, որ Հայաստանի պատվիրակությունն առաջնորդվել է «Մեկը բոլորի, և բոլորը մեկի համար» կարգախոսով:

Նա տեղեկացրեց, որ ֆորումն ունի երիտասարդ քննադատների բաժին, որը ենթադրում է քննարկումներ ներկայացումներից հետո, վարպետության դասեր և այլն:

«Ֆորումին ներկայացրել եմ ՀԹԳՄ-ի թատերագիտական կայքը՝ theatricalpoints.com-ը, որն աննախադեպ է: Կլոր սեղան քննարկմանը 12 երկրից միայն Հայաստանը թատերական, քննադատական ներկայացուցիչ ուներ: Բավականին բովանդակալից, թեժ քննարկում եղավ: Այն հանգամանքը, որ մեր թատերագիտական բովանդակությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ երկխոսություն ունի, որոշ երկրների բարի նախանձն էր շարժում: Թատերական կայք ունի նաև  Ադրբեջանը, սակայն նրանցը թատերական է, իսկ մերը՝ նեղ մասնագիտական՝ թատերագիտական»,-շեշտեց Մարտիրոսյանը:

Հայաստանը ֆորումին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարութան աջակցությամբ: Ֆորումի կազմակերպիչն է Թատերական միությունների միջազգային համադաշնությունը: Ֆորումի աշխատանքներին աջակցել է ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Դեռևս անցած տարի ֆորումի մասնագիտական հանձնախումբը հաստատել էր Հայաստանի թատերական գործիչների միության կողմից առաջադրված հայաստանյան թատերախմբի՝ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի մասնակցությանը։

Դեկտեմբերի 4-ին «Իլխոմ» թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը ցուցադրել է Է. Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի ռեժիսուրայով։  Ներկայացման դերակատարներն են Ելենա ՎարդանյանըՏաթևիկ ՄելքոնյանըՀայարփի Զուռնաչյանը և Աննա Մանուչարյանը։ Նկարչական ձևավորումն ու զգեստները՝ Նելլի Բարսեղյանիերաժշտական ձևավորումըԳոռ Մարգարյանի:

Մրցութային ժյուրիի կազմում են եղել արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Մուխաբատ Տուլյախոջաևան (Ուզբեկստան), ՌԴ ժողովրդական արտիստներ Իգոր Յասուլովիչը և Ելենա Յակովլևան, կինոյի և թատրոնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Ֆեկլիստովը, ՌԴ վաստակավոր արտիստ Իգոր Զոլոտովիցկին, արվեստագիտության թեկնածու, թատերագետ, թատերաքննադատ Մարիա Խալիզևան։

ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջազգային ֆորումը առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին Քիշնևում (Մոլդովա), երկրորդը` 2015 թվականին Մինսկում (Բելառուս), երրորդը՝ 2018 թվականին Հայաստանում (Երևան): Ֆորումի նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների (բեմադրիչներ, բեմանկարիչներ, դրամատուրգներ և թատերական քննադատներ) միջև ստեղծագործական շփումների զարգացումն ու ամրապնդումը, ինչը խթան է համընդհանուր երիտասարդական թատերական հարթակ ստեղծելու և սերտ համագործակցության համար:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին