Տեղորոշում առանց GPS-ի. hայ մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման ունիվերսալ հարթակ

Տեղորոշում առանց GPS-ի. hայ մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման ունիվերսալ հարթակ

Հայ մասնագետները սարք են ստեղծում են հեռակառավարվող ունիվերսալ սարք, որի միջոցով հնարավոր կլինի լոկալ տեղորոշում իրականացնել առանց GPS-ի: Թվային աշխարհի այնքան կարևոր բաղադրիչները` հեռակառավարումը, տվյալների ընդունումն ու փոխանցումը շուտով հնարավոր կլինի իրականացնել հայկական արտադրության հեռակառավարվող ունվերսալ սարքի միջոցով։ Առայժմ սարքը հատուկ անվանում չունի։

Նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։ Կիրառության ոլորտը բավականին լայն է․ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական այլ գործընթացները։ Դրսում տարածում ունեցող ուսումնական այս մեթոդը նոր սարքի միջոցով հնարավոր է տեղակայվի նաև մեր երկրում։ Սակայն ինժեներական այս նորամուծության հեռանկարային բաղադրիչները շատ ավելի հեռու են տանում։
Ի վերջո, կա՞ն նմանատիպ հարթակներ միջազգային շուկայում, ինչո՞վ է բացառիկ ու կարևոր հայկական արտադրության սարքը և ի՞նչ կիրառություն է գտնելու առաջիկայում։ «Արմենպրես»-ին մանրամասներ են պատմում ծրագիրն իրականացնող «Թրասթ Էդվայզեր» ընկերության տնօրեն Վահան Վերմիշյանը և աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Մկրտումյանը։

«Թրասթ Էդվայզեր» ընկերությունը հիմնվել է 2018-ին և զբաղվում է հիմնականում բիզնես կառավարմամբ։ Ընկերության գործունեության տեսակներից մեկն է նաև՝ VR (virtual reality) համակարգերի կիրառումը տարբեր ոլորտներում (սկսած խաղերի կազմակերպումից, մինչև գիտական փորձարկումներ)։ Այդպիսի նախագծերից մեկի հետազոտման ընթացքում առնչվել են խնդրի, որի լուծման համար անհրաժեշտ էր ունենալ հարթակ (սարք), որը կկարողանար տվյալներ հավաքագրել, հետազոտել և ուղարկել դրանք նախապես որոշված սարքավորումներին։ Վահան Վերմիշյանն ընդգծում է՝ «Հարթակի ստեղծումը դարձել է առաջնային հատկապես՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի աշխատակցի հետ իրականացրած հետազոտությունների ժամանակ»։

Ընկերության VR սարքը կցվել է հայկական արտադրության «Քայլաբեր»-ին, որը հնարավորություն է տալիս վերջույթների շարժունակությունը կորցրած պացիենտին (բուժառուին) ուղղահայաց դիրքով, ֆիքսված կատարել վերականգնողական վարժություններ։ VR համակարգը «Քայլաբեր»-ին հաղորդում է լրացուցիչ սիմուլիացիոն էֆեկտ, և պացիենտը հնարավորություն է ունենում քայլքը կատարել նախապես ծրագրավորված միջավայրում ու սցենարով (հետաքրքիր վայր, էքստրեմալ վայր, փողոցի խաչմերուկ և այլն)։ Հետազոտության ընթացքում պարզվել է, որ նման մոտեցմամբ իրականացվող վարժանքը նպաստում է պացիենտի` որոշակի տոկոսով ավելի արագ վերականգնվելուն՝ նյարդերի վրա լրացուցիչ իմպուլսների ստացման հաշվին։ Բացի այդ՝ վարժություններն ավելի հետաքրքրությամբ ու հաճախակի են կատարում։ Առաջիկայում հրավիրվելու է բժշկական խորհրդատվություն՝ մասնագիտական գնահատական ստանալու և հետազոտությունը գիտական մակարդակով իրականացնելու համար։

Վերականգնումն անհատական ծրագիր է ենթադրում

Հենց այս կետում առաջ են գալիս խնդիրները։ Վահան Վերմիշյանը նախ նշում է, որ այսօր մեր հանրապետությունում մի քանի հազար «Քայլաբերի» անհրաժեշտություն կա (ինչն արդեն իսկ ֆինանսական ռեսուրս է ենթադրում), բայց չկա համապատասխան հաստատություն, որտեղ հնարավոր կլինի տեղադրել այդ քանակի սարքեր։ Բացի այդ, զինհաշմանդամների և շարժողական խնդիրներ ունեցող այլ պացիենտների համար դժվար է ամեն օր բժշկական կենտրոն այցելել։ Այսպիսով՝ նախընտրելի է, որ թվայնացված «Քայլաբեր» սարքը (VR համակարգով) լինի պացիենտի տանը։ «Ասենք թե՝ տրամադրեցինք։ Առաջ է գալիս մյուս խնդիրը՝ վերականգնումն անհատական ծրագիր է ենթադրում՝ բժշկական կուրս՝ կախված հիվանդության աստիճանից (թե որքան քայլք պետք է անի, ինչ արագությամբ, ինչ չափով ու անկյունով բարձրացնի ոտքը և այլն)։ Մեր առաջարկած հեռակառավարման սարքը հնարավորություն կընձեռի մասնագետներին՝ բժշկական կենտրոնից ամենօրյա մոնիթորինգ կատարել և վերահսկել բուժման ընթացքը»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը։

Հեռակառավարող այս սարքի ստեղծման գաղափարով՝ ընկերությունը մասնակցել և շահել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում կազմակերպվող «Գաղափարից-Բիզնես» անվանումով դրամաշնորհին, որի արդյունքում տրամադրվել է 10 միլիոն դրամ աջակցություն։ Ծրագիրն ինքնին շատ ավելի մեծ ներդրումներ է պահանջում, ինչը «Թրասթ Էդվայզեր»-ն իրականացնում է սեփական միջոցներով։

Մաթեմատիկական բարդագույն ալգորիթմներ

Աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Մկրտումյանը պարզաբանում է՝ ինչպես է իրականացվելու վերականգնողական ծրագիրը․ «Սարքը կցվում է քայլաբերին, հավաքագրում է պացիենտի բուժման համար անհրաժեշտ տվյալները, մշակում դրանք մեր մշակված մաթեմատիկական ալգորիթմներով, հետո փոխանցում մեր կողմից նախապես նշված սարքին՝ կապի տարբեր միջոցներով։ Ի տարբերություն շուկայում գոյություն ունեցող նմանատիպ այլ հարթակների, լոկալ հարթակը մարմնի զրոյական՝ բազայի դիրք արձանագրելու խնդիր չունի։ Սարքում առկա գրավիտացիոն սենսորը թույլ է տալիս կողմնորոշվել, թե որտեղ է հատակը, դրա նկատմամբ արդեն կառուցվում է բազան՝ տեղում ու շատ արագ։ Ալգորիթմը բավականին դժվարությամբ ենք ստացել․ կիրառել ենք մեքենայական ուսուցում, ստացած ալգորիթմը տեղադրել վերհսկողական փոքր չափի սարքի մեջ, որ վերջինս տեղում կարողանա հաշվարկն անել ու մեծ ճշտությամբ ստանա լոկալ տեղորոշումը»։

 

Ապրանքային շուկան

Անդրադառնալով մեր «Ինչո՞վ է առանձնանում «Թրասթ Էդվայզերի» առաջարկը տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում առկա նմանատիպ սարքերից» հարցին՝ Հովհաննես Մկրտումյանն ասաց, որ երբ խնդիրը լուծելու համար ուսումնասիրել են շուկան, առնչվել են մի փաստի հետ, որ շուկայում գոյություն ունեցող սարքերը կամ շատ թանկ են, կամ չունեն կապի միջոցներ՝ Wi Fi, Bluetooth, կամ բաց կոդով չեն և թույլ չեն տալիս ինտեգրվել մեր սարքերին, կամ էլ բավական ճշգրտություն չունեն։

Շուկայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերել են նմանատիպ հարթակ ունեցող չինական ընկերություն, որը տվյալները հավաքագրում է, բայց չի փոխանցում։ Այսպիսով, կոմբինացված տարբերակով, որ տվյալները ստանա, դրանք վերածի կոորդինատների ու փոխանցի այլ սարքի՝ չեն հանդիպել։

Տվյալների փոխանցման ավելի ապահով տարբերակ

Գաղափարի մշակման ընթացքում առաջացել են նաև այլ լրացուցիչ հետաքրքրություններ, որոնցից մեկը՝ ստացվող տվյալները վերածել կոորդինատների և դրանք փոխանցել այլ վայր։ Տնօրենը նկատեց, որ սա էլ մեկ այլ հեռանկարի մասին է խոսում․ GPS-ին դառնում է անալոգային սարք: Սակայն GPS-ի ընդունիչը տվյալներն ընդունում է արբանյակից և խոցելի է նրանով, որ կարող են հատուկ ալիքների միջոցով կանխարգելել տվյալների ընդունումը, ինչը իր հերթին կբերի անհրաժեշտ պահի կոորդինատների հասանելիության բացակայությանը։ «Թրասթ Էդվայզեր» ՍՊ-ի կողմից ստեղծվող հարթակը, հետագա մշակումների արդյունքում, հնարավորություն կտա տվյալները հավաքագրել, վերածել կոորդինատի և փոխանցել դրանք անհրաժեշտ վայր՝ առանց արբանյակից տվյալներ ստանալու։ Ներկայումս, ընկերությունը մշակում է կոորդինատների տրամադրման երկու տարբերակ՝ Wi-Fi ցանցի և Line-ի միջոցով, բայց հետագայում, համապատասխան անհրաժեշտության և հնարավորության դեպքում՝ կաշխատեն տվյալների փոխանցման ավելի ապահով տարբերակի ստեղծման և մշակման ուղղությամբ, ինչը ընկերության տնօրենի կարծիքով՝ շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի տարբեր ոլորտներում։

Բաց կոդ, փակ համագործակցություն

Համակարգը ներկա պահին ունենալու է բաց կոդ  (Open source), ինչը աշխատանքային խմբի ղեկավարը համարում է իրենց ծրագրի առավելություններից մեկը. «Քանի որ առաջին պլանում է այն, որ հայ արտադրողը կարողանա աշխատել, կիրառել հարթակը՝ առանց բարդությունների ու ժամանակի կորստի»։ Վահան Վերմիշյանը հավելեց, որ քննարկումների ժամանակ պարզել է, որ սարքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև արտերկրում։ Վստահ է՝ պահանջարկը մեծ է լինելու։

Շատ այլ հեռանկարներ էլ կան, բայց այս պահին չեն ուզում բարձրաձայնել, որովհետև կարող են լինել առաջարկներ՝ փակ համագործակցության շրջանակներում։

Փորձարկումն ու ծրագրի ավարտը

Սարքը մշակման փուլում է, փորձարկումներ են անում և մոտ են ավարտին։ Մի շարք տեխնիկական խնդիրների են հանդիպել։ Սարքը համեմատական փոքր չափի է լինելու, սակայն դրանում տեղադրված չափիչ սարքերը բավականին բարձր ճշգրտությամբ պետք է ստանան խնդրի լուծման պատասխանները։
Դա նշանակում է, որ տարբեր ընկերությունների արտադրած մասերը «Թրասթ Էդվայզերի» ստեղծած ծրագրի և մաթեմատիկական ալգորիթմի միջոցով պետք է կարողանան աշխատել միմյանց հետ համակցված։ Մինչդեռ փորձարկումների ընթացքում պարզվել է, որ մասերի մի մասը մյուսների հետ չի աշխատում, և այլն։
Ծրագրի ավարտը նախանշել են մինչև 2022-ի մարտը և վստահ են, որ մինչ այդ կհաղթահարեն բոլոր խնդիրները, կստանան պահանջվող հարթակը ու կներկայացնեն այն։

 

Միացիր մեր կայքին