Միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանի երեք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործում

Միջազգային կառույցները կաջակցեն Հայաստանի երեք ուղղություններով բարեփոխումների իրականացման գործում

Միջազգային մի շարք կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրը կաջակցի Հայաստանի կառավարության՝ արդյունավետ և հաշվետու հաստատություններ կառուցելու բարեփոխումների օրակարգին: Ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Ծրագիրն իրականացվելու է երեք բաղադրիչով՝ հիմնված մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանական համակարգի և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա: «Ծրագրի առաջին փուլը հաջողությամբ արդեն իրականացվել է, և մենք շարունակելու ենք  սերտ համագործակցությունը: Արդարադատության նախարարությունը այն եզակի կառույցներից է, որ բոլոր երեք ուղղություններով է հանդիսանում շահառու, ինչը ևս մեկ անգամ  ընդգծում է կառավարության վերաբերմունքը այն բոլոր նախաձեռնություններին, որը իրականացվում է այս ծրագրի շրջանակներում»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Մարդու  իրավունքների պաշտպանության բաղադրիչն  իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից: Այն միտված է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի կարողությունների հզորացմանը, իրազեկվածությանն ու կրթության խթանմանը: Ոստիկանության բարեփոխումների բաղադրիչն  իրականացվելու է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից, ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ: Այն աջակցելու է ոստիկանության ընթացիկ բարեփոխումների իրականացմանը: Իսկ սահմանադրական բարեփոխումների բաղադրիչն իրականացվելու է ՄԱԶԾ-ի կողմից՝ նպաստելու սահմանադրական բարեփոխումների առաջխաղացմանը ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման միջոցով:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորեց ծրագրի իրականացումը, և շեշտեց, որ այն 24 ամիսների ընթացքում աջակցելու է ՀՀ կառավարության բարեփոխումներին և  հաշվետու հաստատությունների ստեղծմանը:

«Ծրագիրը նաև շատ կարևոր է սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար: Մենք գնահատում ենք այն առաջընթացը, որ տեղի է ունեցել Հայաստանում: Հաշվետու մարմիններ ստեղծելը ժամանակ է պահանջում, բայց մենք արդեն տեսնում ենք հստակ քաղաքական կամք, այդ իսկ պատճառով  մեր ակտիվ մասնակցությունն ենք ցուցաբերում այս ոլորտին»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

 

Միացիր մեր կայքին