Հայաստանի ԱԺ բախումները հեռակա կարգով հիշեցնում են Վրաստանը, բայց ոչ եվրոպական որևէ երկիր․ Մարատ Հակոբյան

Հայաստանի ԱԺ բախումները հեռակա կարգով հիշեցնում են Վրաստանը, բայց ոչ եվրոպական որևէ երկիր․ Մարատ Հակոբյան

Yerevanlur-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։

-Պարոն Հակոբյան, համոզված եմ հետևում եք Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և արդեն երկու օր խորհրդարանում իշխանության ու ընդդիմության միջև ընթացող բախումներին ու քաշքշուկներին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

 -Հետևելով Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցող իրադարձություններին, կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ոչ մի կերպ չի բխում այն ընտրողների շահերից, որոնք պատգամավորներին մանդատ են տվել օրենսդիր գործունեության համար։ Խորհրդարանի ղեկավարին և խմբակցությունների ղեկավարներին անհապաղ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքը վերականգնելու համար:

-Այս օրերին, Հայաստանում հաճախ են համեմատականներ անցկացվում Ուկրաինայի Ռադայի և այնտեղ ընթացող նմանատիպ զարգացումների հետ։ Ձեր կարծիքով՝ կա՞ն նմանություններ։

Աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում են թեժ մարտեր են ընթանում, բայց ինձ համար դժվար է զուգահեռներ անցկացնել այն ամենի միջև, ինչ տեղի է ունենում Հայաստանի Ազգային ժողովում՝ եվրոպական որևէ երկրի հետ։ Գուցե հեռակա կարգով հիշեցնում է Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցող իրադարձությունները:

Կարծում եք նման մթնոլորտում հնարավո՞ր է շարունակել բնականոն աշխատանքը, թե՞ հնարավոր են արտահերթ զարգացումներ, ընդհուպ՝ արտահերթ ընտրություններ։

– Եթե ​​իրավիճակը հնարավոր չլինի  կարգավորել մոտ ապագայում, ապա խնդիրը կարող է դուրս գալ փողոց և տեղի ունենան անկանխատեսելի զարգացումներ: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա դա չի կարելի բացառել, բայց ես կարծում եմ, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է:

-Իշխանությունը իրավիճակի պատասխանատվությունը դնում է ընդդիմության, ընդդիմությունն էլ՝ իշխանության վրա։ Ձեր կարծիքով՝ ու՞մ է ձեռնտու այս մթնոլորտը։ Ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել։

 Հայաստանի այսօրվա իշխանությունների համար, կարծես, օրինաչափ  է դառնում պատասխանատվությունը գցել սկզբում նախկինների, հետո ՝ հանգամանքների վրա: Ակնհայտ է, որ իշխող ուժի ոչ բոլոր ներկայացուցիչներն են գիտակցում, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Երկրում կատարվող ամեն ինչի համար պատասխանատվությունն է կրում այն ուժը, որին ժողովուրդը իշխանություն է տվել։ Կարծում եմ, որ ներկայիս իրավիճակը Հայաստանում ոչ ոքի ձեռնտու չէ: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն արտաքին ռիսկերը և չբերեն իրավիճակի ապակայունացման:

Ներքին անկայունությունից կարո՞ղ են օգտվել արտաքին ուժերը։ Նկատի ունեմ,թե՛ Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող երկրները և թե՛ նաև մեր ռազմավարական դաշնակիցը։

-Հայաստանում անկայունությունից կարող են օգտվել դրսում։  Հաշվի առնելով հակամարտության աշխարհագրությունը և  չլուծված լինելու հանգամանքը, քաղաքական ուժերը պետք է վերանայեն իրենց մոտեցումները և խուսափեն ներքին ցնցումներից:

Մարիամ Գրիգորյան

Միացիր մեր կայքին