Ֆրանսիան բացահայտ մատնացույց արեց, որ ՀՀ իշխանությունն իրեն ադեկվատ չի պահում․ Lragir

Ֆրանսիան բացահայտ մատնացույց արեց, որ ՀՀ իշխանությունն իրեն ադեկվատ չի պահում․ Lragir

Lragir.am-ի զրուցակիցն է Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, Հայաստանի սահմաններին մի քանի օր է՝ իրավիճակը լարված է, Հայաստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին։ Ի՞նչ զարգացումներ կարող են լինել։

Կարծիքներ կան, որ սա կարող է պատճառ դառնալ նույնիսկ ռազմական դրություն մտցնելու և արտահերթ ընտրություններն այսպիսով հետաձգելու համար։ Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, բոլոր հնարավոր սցենարները պետք է հաշվի առնեն։

Ինչ վերաբերում է բուն խնդրին, թե ինչ է սահմանին տեղի ունենում, նորից պետք է կրկնեմ, որ Հայաստանի իշխանությունների վարքագիծը մոտ չէ այն անհրաժեշտ գործողություններին, որոնք պետք է լինեն, եթե պետությունը տարածքային ամբողջականության կամ տարածքի անձեռնմխելիության խնդիր ունի։ Մենք էլի տեսնում ենք, որ ՀՀ-ն արդեն ձևավորված ավանդույթի համաձայն այս լարվածության հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին չի դիմում։

Այնինչ, Ֆրանսիայի նախագահն էլ այդ մասին խոսեց։

Նա ստիպված եղավ արդեն բացահայտ մատնացույց անել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունն իրեն ադեկվատ չի պահում՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների համաձայն։ Դա նշանակում է, որ կամ ՀՀ ղեկավարությունը գտնվում է ուրիշ խաղացողների՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածության մեջ, կամ իրականում տեղյակ է, որ որևէ իրական սպառնալիք չկա։ Պարզապես սա խաղ է, որն ունի ներքին և արտաքին նպատակներ։

Ցանկացած երկրի ղեկավար, եթե այդ երկրի տարածքի նկատմամբ անձեռնմխելիության կամ տարածքային ամբողջականության սպառնալիք կա, պարտավոր է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա չի անում, ես գտնում եմ, որ դա նշանակում է՝ սպառնալիք չկա, այսինքն՝ հարցը գտնվում է Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան տիրույթում և, այսպես ասած, պայմանավորված գործողությունների շրջանակում։

Բայց պայմանավորվածությունը չի նշանակում, որ սպառնալիք չկա, այդպես չէ՞։

Մենք երկրի իշխանությունների նկատմամբ արդեն հասել ենք այն անորոշության ու անվստահության վիճակի, որ բնականոն պատկերացում կա, որ կարող է լինել սպառնալիք հանրությանը, պետությանը, պետական ու ազգային շահերին, որը բացարձակապես սպառնալիք չէ իշխանությունների համար, որովհետև իշխանության շահերը գտնվում են ուրիշ տիրույթում, և իշխանությունն այդ պետական շահերի համար պատասխանատու չէ։ Այսօր իսկապես մենք ունենք այդ պատկերը մեր երկրում, և դա մի գործոն է, որն ազդում է հանրության ընկալումների վրա։

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հայտարարություններով հանդես եկան ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հայկական կողմն ինչպե՞ս պետք է օգտագործի այդ հայտարարությունները։

Այդ հայտարարությունները հենարան էին Հայաստանի իշխանությունների համար, որպեսզի գերի վերցնեին ադրբեջանական այդ զինվորներին և այսպիսով նաև բեկում մտցնեին գերիների հարցում։ Մենք տեսնում ենք, որ այդ քայլերը չեն արվում, լիովին այլ հարթության մեջ է խնդիրը։ Ես դա կապում եմ այն իրավիճակի հետ, որը նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է։ Ադրբեջանը, Ռուսաստանը և Թուրքիան ձգտում են հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմանի պայմանագրի ստորագրմանը՝ հակամարտության դադարեցման և, այսպես ասած, խաղաղ կարգավորման։ Եվ այդ հարցում գոյություն ունի երեք դիրքորոշում։

Առաջին դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է մանդատ ստանալ քաղաքացիներից այս ընտրություններում։ Դրանով հետաձգեց այդ պայմանագրի կնքման ժամկետը։ Ի՞նչ է նշանակում այդ պայմանագրի կնքումը՝ հաջողություն ասել Մինսկի խմբին և դուրս գալ այդ ֆորմատից, կնքել Կարսի պայմանագրի պես երկրորդ պայմանագիր, որով Հայաստանին ուժով պարտադրված մի վիճակը դառնում է Հայաստանի համար թղթի համար պարտավորություններ։

Մանրամասները՝ Lragir.am

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին