Քիչ հավանական է, որ Վրաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից. Գելա Վասաձե
Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեյի հարցազրույցը։
– Վրաստանում իրավիճակը լարված է: Որքանո՞վ է դա սոսկ Վրաստանի ներքին խնդիրը, և որքանո՞վ է այդ հարցը կապված Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով, որ այդ երկրները զգալի տնտեսական և քաղաքական ազդեցություն ունեն Վրաստանում:
– Իրավիճակը Վրաստանում շատ լարված է նախորդ տարվա հոկտեմբերի 31-ից, երբ Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այն բանից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները, երկիրը գտնվում է ծանր քաղաքական ճգնաժամի մեջ: Ի՞նչ է փոխվել այս օրերին: Փոխվել է այն, որ եթե մինչև Նիկա Մելիայի կալանավորումը հնարավորություն կար հասնել քաղաքական փոխզիջման իշխանությունների և ընդդիմության, կամ ընդդիմության մի մասի միջև, ապա հիմա շանսերը, որ կողմերը կկարողանան պայմանավորվել, փաստացի հասցված են զրոյի: Իհարկե, սա մեր ներքին քաղաքական խնդիրն է, որը ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն, ինչ կատարվում է Վրաստանում, այսպես թե այնպես, կապված Ռուսաստանի հետ:
– Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իր առաջին այցը կկատարի Ադրբեջան: Ալիևը նրան համարում է պետականամետ գործիչ: Որքանո՞վ այդ այցը որևէ առնչություն ունի Ալիևի գնահատականների հետ:
– Վրաստանի բոլոր առաջին դեմքերը երկրի ղեկավարի պաշտոնում իրենց առաջին այցերը կատարում են Բաքու և Երևան: Տարօրինակ կլիներ, եթե Ղարիբաշվիլին բացառություն լիներ, այնպես որ, այստեղ ոչ մի նոր բան չկա:
– Թբիլիսիում և Բաթումում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի կալանավորումից հետո: Կարո՞ղ է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից:
– Քիչ հավանական է, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից, առավել ևս, որ բոլոր բողոքի ակցիաները արդյունավետ լրացում են մեր միջազգային գործընկերների կողմից ճնշումներին, որոնք ուզում են կանխել Վրաստանում ժողովրդավարական գործընթացների ոչնչացումը:
Քիչ հավանական է, որ Վրաստանում իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից. Գելա Վասաձե | 1in.am