«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի միջև վարչապետի պաշտոնի պայքար է լինելու․ Արմեն Բադալյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի միջև վարչապետի պաշտոնի պայքար է լինելու․ Արմեն Բադալյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերն այս փուլում արդեն հայտարարում են ձևավորվող դաշինքների կամ այլ ձևաչափով ընտրություններին մասնակցելու մասին։

Նման մտադրություն արդեն հայտնել են «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ձևավորվել է «Հայաստան» դաշինքը, որը ևս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ու «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորել են «Պատիվ ունեմ» դաշինքը։

Արտահերթ ընտրություններին, ըստ ամենայնի, կմասնակցի նաև Հայ ազգային կոնգրեսը՝ ՀԱԿ-ի առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։

«Հանուն Հանրապետության» և «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունները քննարկում են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին համատեղ ներկայանալու հարցը։

«Եթե առաջնորդվենք այն թեզով, որ ընտրությունները տեղի կունենան ազնիվ ու արդար սկզբունքով, ապա այս պահի դրությամբ 4 ուժ կարող է մտնել խորհրդարան»,- Yerevanlur-ի հետ զրույցում ասում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

Նա հավելում է․ «Դրանք են՝ «Հայաստան» դաշինքը, որը ղեկավարում է երկրորդ նախագահը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը ղեկավարում է գործող վարչապետը, «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ղեկավարում է Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը»։

Ըստ նրա՝ հիմնական ընտրապայքարը «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև է, բայց թե ինչ համամասնություն կլինի, դժվար է այսօր կանխատեսել։

«Այդ երկու ուժերի միջև պայքարը վարչապետի պաշտոնի համար պայքար է, նրանք չեն պայքարում, որպեսզի խորհրդարանում 5, 10 կամ 15 մանդատ ունենան, նրանց նպատակն է, որպեսզի իրենց ղեկավարները դառնան վարչապետ։ Մնացածը՝ ԲՀԿ-ն պայքարում է, որպեսզի խորհրդարանում իր տեղերը պահի կամ ավելացնի, իսկ «Պատիվ ունեմ»-ը պայքարում է, որպեսզի մտնի խորհրդարան և ազդեցիկ դեր ունենա, հնարավորինս հաջողություն ունենա»,- հավելում է Բադալյանը։

Մասնագետի խոսքով՝ ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա այդ ուժի ժամանակը վաղուց անցել է, և գրեթե զրոյական է հավանականությունը, որ ՀԱԿ-ը կարող է հայտնվել խորհրդարանում։

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Արմեն Բադալյանի խոսքով, խիստ կասկածելի է, որ այդ ուժը ևս կհայտնվի խորհրդարանում։ «Այդպիսի շատ ուժեր են եղել, որոնք մեկ անգամ մտել են խորհրդարան, հետո դուրս են եկել, օրինակ՝ ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» և այլն»,- նշում է նա։

Արմեն Բադալանն անդրադառնում է նաև այն հարցին, որ ըստ որոշ տեսակետների՝ մարդիկ նախկինների վերադարձ չեն ցանկանում։ Ինչո՞ւ պետք է այս պայմաններում հաջողեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ձևավորած դաշինքները։

«Դա աշխատող թեմա էր 2018 թվականի ապրիլ, մայիս, հունիս, հուլիս ամիսներին։ Սակայն երբ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ ժամանակ ՀՀԿ-ն հեղափոխական էյֆորիայի ժամանակաշրջանում, ըստ պաշտոնական տվյալների, հավաքեց գրեթե 5 տոկոս, ապա կարող ենք ասել, որ այդ ժամանակվանից սկսած արդեն նախկինների թեման չի աշխատում։ Առավել ևս, եթե դրանից կես տարի հետո՝ 2019 թվականի մայիսին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ քաղաքապետի ընտրություն, որի թեկնածուներից մեկին բացահայտ պաշտպանում էր գործող վարչապետը, իսկ մյուսին անուղղակի պաշտապանում էր նախկին ԲՀԿ-ն, և հաղթեց նախկինի թեկնածուն, ապա կարող ենք ասել, որ դրան էլ գումարած, որ իշխանության ապիկար քաղաքականության հետևանքով Covid-ի շրջանում 5000-ից ավելի մարդ մահացավ, դրան էլ գումարվեցին Արցախյան երկրորդ պատերազմում 5000 զոհերը, 2000 անհետ կորածները, մի քանի հարյուր գերիներն  ու Արցախի 75 տոկոսի կորուստը, այս իրավիճակում նախկինների թեման այլևս չունի այն ուժգնությունը։ Դա ունի ուժգնություն զուտ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի համար, իսկ այն մյուս ընտրազանգվածը, որը տատանվող էր և հեղափոխության ժամանակ միացել էր վարչապետին, հիմա այդ տատանվող ընտրազանգվածի համար նախկինների թեման այլևս չի աշխատում»,- նշում է Բադալյանը։

Հարցին, թե Հայաստանի քաղաքացիներն այս փուլում որքանո՞վ են հետաքրքրված ընտրական գործընթացներով, Արմեն Բադալյանը պատասխանում է, որ դա պետք է ճշտել սոցիոլոգիական հարցումների միջոցով, բայց Հայաստանում վստահություն ներշնչող սոցիոլոգիական հարցումներ անող կազմակերպություն գոյություն չունի։

Ընտրազանգվածի մասնակցությունն, ըստ մասնագետի, կապված է նաև ընտրությանը մասնակցող ուժերի գրագետ քարոզարշավի հետ։

«Եթե նրանք կարողանան գրագետ քարոզարշավ իրականացնել, ապա խորհրդարանական ընտրություններին բավականին ակտիվ մասնակցություն կլինի։ Իսկ եթե ոչ գրագետ քարոզարշավ իրականացնեն, մասնակցությունը պասիվ կլինի։ Այսինքն՝ մասնակցության տոկոսը կապված է իմ նշած հիմնական ուժերի կողմից գրագետ քարոզարշավ իրականացնելու հետ։ Այնպիսի ասելիք ու բովանդակություն պետք է ներկայացնեն, որը պահանջարկ կունենա և մարդկանց համար խթան կհանդիսանա՝ ակտիվ գնալու և քվեարկելու»,- հավելում է նա։

Անդրադառնալով իշխող ուժի շանսերին՝ Բադալյանն ասում է, որ դա էլ կախված է նրանից, թե «Պատիվ ունեմ», «Հայաստան» դաշինքներն ու ԲՀԿ-ն ինչ որակի քարոզարշավ կիրականացնեն։ Դրանից է կախված ՔՊ-ն խորհրդարանում կունենա՞ մեծամասնություն, թե՞ ոչ։

«Մեծամասնություն ասելով՝ նկատի չունենք 50+1, այս պահի դրությամբ ոչ ոք 50+1 տոկոս չի ունենալու։ Եթե ունեցավ, հատկապես՝ իշխանության պարագայում, ուրեմն վարչական ռեսուրսի կիրառմամբ կեղծիքներ են եղել։ Բայց ՔՊ-ն խորհրդարանում տեղ կունենա։ Եթե «Հայաստան» դաշինքի քարոզարշավը գրագետ լինի, ապա առաջին տեղում «Հայաստան» դաշինքը կլինի, երկրորդ տեղում՝ ՔՊ-ն։ Եթե անգրագետ եղավ, ապա ՔՊ-ն կունենա մեծամասնություն։ Բայց խնդիրն այն է, որ անգամ մեծամասնություն ունենալն իրենց չի փրկում, որովհետև ՔՊ-ն ընտրություններին գնում է այն նպատակով, որպեսզի վարչապետի պաշտոնը պահպանի։ Դրա համար իրեն պետք է մեկ կամ երկու այլ ուժ, որոնց հետ կոալիցիա ձևավորելով՝ ՔՊ-ն կկարողանա վարչապետ ընտրել։ Եթե այդ մեկ կամ երկու ուժերը չանցնեն խորհրդարան, ՔՊ-ն միայնակ չի կարող կառավարություն ձևավորել ու վարչապետ ընտրել»,- նշում է Արմեն Բադալյանը։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին