Փոլ Գոբլը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմի քայլերի մասին
Ըստ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի՝ Արևմուտքը, և առաջին հերթին ԱՄՆ-ն և Ֆրանսիան, առաջիկա ամիսներին շատ ավելի ակտիվ դեր են ստանձնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքում, քան նրանք ունեցան վերջին պատերազմի ժամանակ:
Նա Tert.am-ի հետ զրույցում, մասնավորապես, մատնանշեց՝ այդ ժամանակ ԱՄՆ-ն կաշկանդված էր նախընտրական քարոզարշավի և Պուտինի նկատմամբ Թրամփի հարգանքի պատճառով: «Բայց իրավիճակն արդեն փոխվել է: Եվ ես ակնկալում եմ շատ ավելի մեծ տեղաշարժ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- ասաց նա։
Փոլ Գոբլը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին, և նրան, որ հայկական կողմը նշում է, որ անհրաժեշտություն կա այն ուժեղացնելու, նշեց, որ ի տարբերություն շատերի, ինքը երբեք Մինսկի խմբի «մեծ երկրպագուն» չի եղել:
«Միշտ զգացել եմ, որ դա մի մարմին է, որը ստեղծվել է ոչ թե տարածաշրջանի խնդիրները լուծելու, այլ դրանք սառեցնելու համար, համոզված լինելով, որ իրերն իրենց տեղերում պահելը մի տեսակ լուծում է: Մինսկի խումբը հիմնականում էական դեր չի խաղացել մարտերի ընթացքում, և նա ստիպված կլինի քրտնաջան աշխատել ՝ նորից արդիական դառնալու համար: Ֆրանսիան այստեղ գլխավոր դերակատարն է»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի ղեկավարության` պատերազմի ժամանակ միջազգային հանրության հետ հարաբերություններին, ամերիկացի վերլուծաբանը նշեց, որ Երևանը դրսի խաղացողներից ոչ մեկի հետ արդյունավետ չի աշխատել։
«Բաքուն առաջին անգամ առավելության հասավ ոչ միայն պետական համակարգի կողմից սահմանների կայունությանն ազգերի ինքնորոշման իրավունքի հանդեպ նախապատվություն տալու շնորհիվ, այլ նաև այն պատճառով, որ հայ պաշտոնյաները, նույնիսկ իրենց դիրքից ելնելով, չեն կարողացել առավելագույնին հասնել: Նրանց պակասում էր ուրիշներին դիմակայելու համար քայլեր ձեռնարկելու երևակայությունը: Ինչո՞ւ այն բանից հետո, երբ Մոսկվան շարունակաբար խոսում էր Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանին չաջակցելու անհրաժեշտության մասին (հաշվի առնելով, որ Հայաստանը վերջինիս որպես պետություն չի ճանաչել), Հայաստանը չորոշեց ձեռնամուխ լինել ԼՂՀ ճանաչմանը։ Կարող էր այդպես վարվել, բայց չարեց: Ուղղակի լուռ նստեց»,-ասաց նա։
https://www.tert.am/am/news/2021/03/20/Paul-Goble/3558440