Փաստը, որ Ադրբեջանը գնում է միջադեպեր ստեղծելու ճանապարհով, խոսում է լայնածավալ գործողություններ իրականացնել չկարողանալու մասին․ Դավիթ Հարությունով

«Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ կրկին ռազմական ճնշում է գործադրում՝ իր հայտարարած խնդիրների իրագործումն ապահովելու համար»,- Yerevanlur-ի հետ զրույցում հայտարարեց ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
Հարությունովի գնահատմամբ՝ Ադրբեջանի պահանջները չեն համընկնում հայկական կողմի մոտեցումների հետ, ուստի կարելի է ենթադրել, որ լարվածության պատճառը հայկական կողմի՝ Ադրբեջանի տարբերակին չհամաձայնելն է։
Ըստ վերլուծաբանի՝ այս պահին ռազմական սցենարներ հավանական չեն, քանի որ ռուսական կողմը ներկա է և կմիջամտի հնարավոր լայնածավալ գործողությունների դեպքում․ «Միջադեպերը կարող են տարբեր ինտենսիվության լինել, բայց չեն վերածվի լայնածավալ գործողությունների։ Ցավոք սրտի, սակայն, Հայաստանում անընդհատ միջադեպեր կլինեն․ Ադրբեջանը մեկ տարվա ընթացքում հետևողականորեն այդ մոտեցումն է ցուցաբերում։ Այս պահին հավանականությունը մեծ է, որ ստեղծված իրավիճակը կարող է շարունակվել և կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կամ հայկական կողմը զիջման գնա կամ Ադրբեջանը հրաժարվի «միջանցքից»։
Ադրբեջանի՝ ուժ կիրառելու մասին զգուշացումները, ըստ ռազմական վերլուծաբանի, մշտապես արվում են, սակայն եթե Ադրբեջանն ունենար լայնածավալ գործողությունների գնալու քաղաքական և ռազմական հնարավորություն, ինչպես 2020 թվականին, վաղուց կիրականացներ։
«Փաստը, որ Ադրբեջանը գնում է միջադեպեր ստեղծելու ճանապարհով, խոսում է նրա մասին, որ այս պահին չեն կարող լայնածավալ գործողություններ իրականացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ ստեղծվող միջադեպերը կարող են տարբել լինել, օրինակ՝ լոկալ բախումներ, կամ ապրիլյան պատերազմի նման, երբ իրավիճակը շատ մոտ էր լայնածավալ պատերազմին»,- հավելեց Հարությունովը՝ մատնանշելով, որ խնդիրն էսկալացիայի բավականին մեծ դաշտի առկայություն է, հետևաբար Ադրբեջանը կփորձի բոլոր հնարավորություններն օգտագործել։
Անդրադառնալով հայկական կողմի ռազմական պատրաստվածությանը՝ Հարությունովը նշեց՝ հնարավոր լայնածավալ կոնֆլիկտի դեպքում բացասական տարբերակը Թուրքիայի միջամտությունն է և չենք կարող ասել, որ հայկական կողմը պատրաստ է դրան․ «Այդպես չէինք կարող ասել անգամ մինչև պատերազմը։ Այժմ Պաշտպանության նախարարությունը հրապարակում է լուսանկարներ՝ դիրքերի կահավորման աշխատանքների մասին, իհարկե՝ ոչ ցանկալի արագությամբ և որոշակի ուշացումով, բայց ինչ-որ բան արվում է։ Ամեն ինչ կախված է միջադեպերի սցենարներից»։
Մարիամ Ասատրյան