Փաստաբանը՝ ԱԺ-ում ընդունված նախագծի մասին
Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով նախագծին, նշեց, որ որոշումն ավելորդ ծանրաբեռնվածություն է առաջացնում Բարձրագույն դատական խորհրդում, չնայած որ ԲԴԽ-ն բոլոր դիմումները պարտավոր չէ վարույթ ընդունել, բայց ամեն դեպքում դիմումներին ընթացք պետք է տրվի՝ հասկանալու համար խելամի՞տ են դրանք, թե ոչ.
«Նախագծով ցանկացած քաղաքացի կարող է դիմում գրել ԲԴԽ, ընդ որում՝ ոչ միայն պրոֆեսիոնալ գրված հիմնավորումներով, այլ ցանկացած տեսակի բողոք, գանգատ, ոչ իրավաբանորեն և գրագետ գրված դիմումներով, ու դա առաջացնում է շատ հայցադիմումներ, որոնք ուղղակիորեն դատարան չեն կարող գնալ՝ ոչ ճիշտ իրավական պահանջով: Ճիշտ է՝ դրանք ծանր գործեր չեն, կարող են վերադարձնել և վարույթ չընդունել, բայց քանակական առումով ծանրաբեռնվածություն է առաջացնելու ԲԴԽ-ի համար»:
Անդրադառնալով նախագծի մշակման համար հիմք հանդիսացած պատճառներին՝ փաստաբանը նշեց.
«Այն պատճառաբանությունները, որ արդարադատության նախարարը կամ էթիկայի հանձնաժողովը լավ չի աշխատում ու չպատճառաբանված որոշումներ է տալիս, դա հիմք չէ, անիմաստ պատճառաբանություն է, նույն հաջողությամբ կարող է ԲԴԽ-ն չպատճառաբանել: Գուցե խնդիրը ուրի՞շ հարթությունում փորձեն լուծել ու հասկանալ, նախարարն ինչո՞ւ է չպատճառաբանված որոշումներ տալիս, ինչո՞ւ են այդ որոշումները համարում չպատճառաբանված, կամ եթե օրենսդրական արգելք կա, որ այդ որոշումը չի պատճառաբանվում կամ կոնկրետ հիմքեր է պետք պատճառաբանելու համար, դա օրենսդրական հիմքերով նախատեսեն»:
Խուդոյանն ընդգծեց, տեսնելով, թե ինչ փաթեթի մեջ է ներկայացվում, տպավորություն է ստեղծվում, որ նախագիծը ոչ թե դատական համակարգի բարելավման համար է, այլ քողարկված նպատակներ ունի, ինչն այլ հետևանքներ կարող է առաջացնել. «Ընդհանուր տպավորությունն այն է, որ տրամադրվածություն կա ԲԴԽ-ն գրավելու, այստեղ ուղղակիորեն ԲԴԽ-ի լիազորություն է տրվում ցանկացած անձի դիմումով, որևէ դատավորի կաշկանդվածության մեջ պահել»:
https://www.tert.am/am/news/2021/03/20/khudoyan/3558472