Տարօրինակ կոնտրաստ և անակնկալ դինամիկա հայ-թուրքական ուղղությամբ

Մինչ Հայաստանում ուշադրությունը կենտրոնացած էր Բրյուսելում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման վրա, որը տեղի է ունենում ԵԽ նախագահ Շարլ Միշելի նախաձեռնությամբ՝ Արևելյան գործընկերոթյան ծրագրի գագաթնաժողովի շրջանակում, անսպասելի հայտարարություն եղավ Անկարայից, որը հետո հաստատեց Երևանը:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլուն իր երկրի խորհրդարանում հայտարարել է, որ Անկարան ու Երևանը առաջիկայում կնշանակեն հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ: Չավուշողլուն չի մանրամասնել ավելին: Ավելին չի մանրամասնել նաև Երևանը, բայց դեկտեմբերի 14-ին ԱԳՆ խոսնակի հայտարարությամբ հաստատել է, որ Երևանն էլ կնշանակի ներկայացուցիչ, ինչպես Թուրքիան: Ինչ ժամկետներում, ինչ ձևաչափում, ինչ տրամաբանությամբ կլինեն նշանակումները, դեռևս պարզ չէ:
Հատուկ ներկայացուցիչների մասին հայտարարությունը հնչեց դեկտեմբերի 10-ին Մոսկվայում այսպես ասած 3+3 ձևաչափի գաղափարի շրջանակում 3+2 հանդիպումից հետո: Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թոււրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալները հանդիպեցին Մոսկվայում և քննարկեցին 3+3-ի վերաբերյալ մոտեցումները: Հանդիպմանը չէր մասնակցել Վրաստանը: Հանդիպմանն անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, իսկ այժմ փաստենք, որ հենց այդ մոսկովյան հանդիպումից հետո է Թուրքիան հայտարարում հատուկ ներկայացուցիչների մասին, իսկ Երևանը՝ հաստատում:
Երևի թե քիչ հավանական կլինի վարկածը, որ այդ թեման քննարկվել է հենց 3+2-ի շրջանակում: Կասկածից վեր է, որ հատուկ ներկայացուցիչների տարբերակը անցել է որոշակի տևական քննարկում, հատկապես եթե նկատի առնենք այն, որ ժամանակ առ ժամանակ հրապարակ էին սպրդում հայ-թուրքական որոշակի միջնորդավորված շփումների մասին տեղեկություններ, անգամ Էրդողանի մակարդակով արվող հայտարարություններ: Էրդողանն էր հայտարարել, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպում:
Երևանը հետո արձագանքել էր, որ չի եղել այդպիսի առաջարկ, որովհետև այդպիսի հանդիպումը պետք է ենթադրի նախապատրաստական որոշակի շփումներ, որոնք այդ պահին գոյություն չունեին: Եվ այդ իմաստով, ի դեպ, հետաքրքիր է, թե արդյո՞ք հատուկ ներկայացուցիչների մեխանիզմի ներդրումից հետո քննարկման առարկա կարող է լինել Փաշինյան-Էրդողան հանդիպման կազմակերպումը:
Առայժմ շատ վաղ է խոսել հնարավոր «բովանդակային» կողմի մասին, քանի դեռ բովանդակությունը տեխնիկական մեխանիզմի թեման է, ընդ որում՝ առանց ժամկետների: Ավելին, պարզ չէ նաև, թե իրադարձությունը կամ թեման ինչ ձևաչափով է ծավալվել: Գործել է վրացակա՞ն միջնորդությունը, ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան:
Օրինակ մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանը հայտարարեց, որ Երևանը դիմել է Մոսկվային հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը նպաստելու հարցով: Դա հայտարարեց ԱԳՆ խոսնակ Զախարովան, իսկ Հայաստանի ԱԳՆ խոսնակը հետո հաստատեց, որ հայտնել են Մոսկվային այդպիսի ակնկալիք: Սրան զուգահեռ, Չավուշողլուի հայտարարությունից հետո Բլումբերգ գործակալությունը անանուն թուրքական դիվանագիտական աղբյուրին արված հղումով նշում է, որ Թուրքիայի քայլը բխում է դեռևս հոկտեմբերին Հռոմում G20-ի գագաթնաժողովում Բայդենի հորդորից, որը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Ըստ Բլումբերգի վարկածի, Էրդողանը գնում է Հայաստանի հետ հարաբերությանը միտված քայլի, որպեսզի այդ կերպ բարելավի հարաբերությունը Բայդենի հետ:
Սակայն բոլոր դեպքերում ուշագրավն այն է, որ հայտարարությունն արվել է Մոսկվայում 3+2-ից հետո: Եթե Թուրքիան գործել է ըստ Բայդենի, նշանակու՞մ է դա, որ Հայաստանն էլ ըստ Բայդենի է գործել՝ ընդառաջելով 3+2-ին և մասնակցելով մոսկովյան հանդիպմանը: Չմոռանանք, որ դա տեղի էր ունենում Ջո Բայդենի «Հաննուն ժողովրդավարության» միջազգային առցանց համաժողովին զուգահեռ, որին մեր տարածաշրջանից հրավիրվել էին միայն Հայաստանն ու Վրաստանը:
Նիկոլ Փաշինյանը մասնակցեց և ելույթ ունեցավ, չնայած Մոսկվան դժգոհություն էր հայտնել Բայդենի նախաձեռնության կապակցությամբ: Տեղի ունեցող զարգացումները, դրանց որոշակի դինամիկայի աճը կարո՞ղ է հիմք լինել եզրակացնելու կամ նշմարելու միտում, որ հարավկովկասյան տարածաշրջանի հիմնական քաղաքական սխեմաները աստիճանաբար կարող են սկսել պտտվել ոչ թե արցախյան, հայ-ադրբեջանական, այլ հայ-թուրքական խնդրի շուրջ: Նման եզրակացություններ անելու հավաստի հիմքերը շատ չեն, և անգամ շոշափելի էլ չեն, սակայն բոլոր դեպքերում առկա է բավականին հետաքրքիր թվացող մի «կոնտրաստ»: Սոչիի եռակողմ հանդիպմանն ազդարարվեց քաղաքական համաձայնությունների շոշափելի աստիճան, սակայն հետագայում իրավիճակը գնաց լարվածության աճի, ու այդ ֆոնին հանկարծ «կառուցողական» միտում հայ-թուրքական ուղղությամբ:
Հայկ Իսրայելյան