Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության չեկան

Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության չեկան

Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցչի միջնորդությամբ Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև մեկ շաբաթ շարունակվող երկխոսությունը երկրում քաղաքական ճգնաժամի լուծման վերաբերյալ ավարտվեց առանց արդյունքի՝ հայտնել է Interfax-ը:

«Վրաստանում քաղաքական ճգնաժամի լուծումը կախված է վրացի քաղաքական առաջնորդներից: Հուսով եմ, որ կուսակցությունները կխորհեն ստեղծված իրավիճակի մասին»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը:

Գրեթե ինը ժամ տևած բանակցություններից հետո ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին ասել է, որ երկխոսությունը խափանվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների մեղքով:

«Իշխող կուսակցության ներկայացուցիչները տապալեցին բանակցությունները՝ հրաժարվելով քննարկել նոր խորհրդարանական ընտրությունների նշանակման և քաղբանտարկյալների ազատ արձակման մեր հիմնական պահանջները»,- լրագրողներին ասաց Մինաշվիլին:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը լայնածավալ ցույցերով կպատասխանի իշխանությանը:

Իր հերթին, բանակցությունների մասնակից, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է, որ ընդդիմության նպատակն է ցանկացած ձևով խափանել համաձայնության ձեռքբերման գործընթացը:

«Ընդդիմության առաջարկները վերջնագիր էին` ուղղված օրենքի խախտմանը: Ակնհայտ դարձավ, որ ընդդիմությունը ցանկանում է խափանել բանակցությունները»,- ասել է Կոբախիձեն:

Այնուամենայնիվ, նա չի բացառել հետագա բանակցությունների հնարավորությունը՝ շեշտելով, որ իշխանություններն ընդդիմությանը օրենքի խախտում թույլ չեն տա:

https://www.1lurer.am/hy/2021/03/19/%D5%8E%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B9%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B3%D5%A3%D5%B6%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1/436809

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին