Վարչապետը կարևորեց ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացումը

Վարչապետը կարևորեց ընտրությունների՝ նույնականացման քարտերով անցկացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական գործընթացներում որևէ տեսակի լարվածություն բացառելու համար կարևորում է, որ ընտրություններն անցկացվեն նույնականացման քարտերով՝ մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Փաշինյանն այս հարցի մասին խոսեց Կառավարության նիստում:

«Քաղաքական առումով՝ մենք պետք է չմոռանանք մի խնդրի մասին, որն ունենք: Ընտրական գործընթացն, ի վերջո, պետք է տեղի ունենա անձը հաստատող մեկ միասնական փաստաթղթով, դա պետք է լինի նույնականացման քարտը: Ուզում եմ, որ մենք կենտրոնանանք այս խնդրի վրա»,-ասաց վարչապետը:

Նա հիշեցրեց՝ հիմա ընտրական մի քանի փաստաթուղթ կա՝ նույնականացման քարտ, անձնագիր, կենսաչափական անձնագիր: Այսպիսով, ըստ նրա, անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընդ որում՝ ընտրական տեղամասում պետք է լինեն նաև քարտը կարդացող սարքեր, որոնք կլուծեն մանիպուլյացիայի հետ կապված բոլոր թեմաները: Վարչապետը, սակայն ընդգծեց՝ թեև, վերջին երկու ընտրություններում, որևէ նման խնդիր չի եղել:

«Սակայն, ամեն դեպքում, այս հարցում որևէ լարվածություն բացառելու միջոցն այն է, որ մենք ընտրություններն անցկացնենք նույնականացման քարտով, մաքսիմալ էլեկտրոնային ձևով: Այսինքն՝ մարդը գալիս, նույնականանում է, էլեկտրոնային համակարգը հաշվառում է  նաև իր քվեարկած լինելը, որը և՛ տեսական առումով, և՛ գործնականում բացառում է այլ տեղամասում այդ մարդու քվեարկած լինելը: Սա կլուծի նաև ընտրացուցակների խնդիրը: ID քարտ կունենան միայն այն մարդիկ, որոնք ներկայացել են և ստացել են, և դրանով բոլոր հարցերը կփակվեն»,-ասաց վարչապետը:

Միացիր մեր կայքին