Վազգեն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, որը կբողոքարկվի
Ցուցմունք չեմ տվել, որևէ հարցի չեմ պատասխանել: Այս մասին ՔԿ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը երեկ ՀՀ Քննչական կոմիտեի կողմից ստացել էր ծանուցագիր, որից պարզ էր դարձել, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնեց, որ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին, որը բողոքարկվելու է:
Նա էլ նշեց՝ գործ ունենք պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ: «Պարզ է, չէ՞, որ երբ քաղաքական իշխանությունն ունենում է քաղաքական հակառակորդ, վերջին 3 տարիների ընթացքում տեսնում ենք, որ անպայման պետք է լինի քրեական գործ: Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարությունները իբրև Քրեական օրենսգրքի հետ առնչության մեջ դիտարկելու ՔԿ մի փորձ, որը, պարզ է, պատվեր է պարզապես»,-ասաց նա՝ նշելով, թե քրեական գործը վերաբերում է Վազգեն Մանուկյանի կողմից հայտարարած պլան Ա-ին, պլան Բ-ին:
Նրա տեղեկացմամբ՝ Մանուկյանի կողմից ԱԺ պատգամավորների վերաբերյալ արված մի քանի հայտարարություններ ևս նշվում են քրեական գործում:
«Դրանք պետք է դիտարկել 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ: Եթե մեր ՔԿ-ն, Դատախազությունը սև ժապավեններ փակցնելը, ՀՀԿ պատգամավորների տների մոտ դագաղներ տանելը համարել է թույլատրելի, ապա տվյալ դեպքում Վազգեն Մանուկյանի հայտարարությունը դրանցից տասնապատիկ ավելի նվազ է: Խոսքը հանրային պարսավանքի մասին է, դրան պետք է արժանանան այն քաղաքական գործիչները, որոնք առնչություն ունեն նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետ»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե այս պարագայում Քրեական օրենսգրքի հետ առնչության մասին խոսելն առնվազն աբսուրդ է:
Նրա խոսքով՝ քաղաքական հետապնդման պարագայում ցուցմունք տալու անհրաժեշտություն չկա, քանի որ այն չի կարող դառնալ քննության առարկա: «Քաղաքական հետապնդման պատվերը պետք է լինի ՀՀ վարչապետի, իր մերձավոր շրջապատի կողմից՝ ԱԺ ներկայացուցիչներ և Կառավարություն: Վստահ եմ, որ եղել է ձերբակալելու ցանկություն, ուղղակի դրա համար պետք է փորձեն հիմքեր ստեղծել: Կարծում եմ՝ սա մարդկանց ճնշելու, վճռականությունը թուլացնելու հերթական փորձն է, ինչը չի ստացվելու»,-ասաց փաստաբանը:
https://www.tert.am/am/news/2021/03/04/Manukyan/3542877