Ստեփանակերտում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Ստեփանակերտի  առևտրային օբյեկտներում, լայն սպառման ապրանքների մանրածախ գների ուսումնասիրման արդյունքում՝  կրկին արձանագրվել է բենզինի և դիզվառելիքի միջին գների աճ: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Դիտանցման արդյունքում պարզվել է, որ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի միջին գինը 1 լիտրի դիմաց կազմում է  430 դրամ, նախորդ դիտանցման(01.03.2021)410 դրամի փոխարեն, իսկ դիզվառելիքի միջին գինն աճել է 30 դրամով՝ կազմելով   420 դրամ՝ 1 լիտրի դիմաց:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ հանձնաժողովի աշխատակազմի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը պարզաբանեց,որ Արցախում  բենզինի և դիզվառելիքի գների բարձրացումը հիմնավորվում է  նավթի համաշխարհային գնաճով, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ ՀՀ դրամի արժեզրկմամբ:

«Բացի այդ, Արցախում տեղի ունեցած գնաճը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վառելիքի գների համաչափ աճով: Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը նշված ապրանքների գնաճի վերաբերյալ տեղեկություններ է պահանջել գերիշխող դիրք ունեցող համապատասխան տնտեսավարող սուբյեկտներից՝ գնաճի հիմնավորվածությունը և համաչափությունը պարզելու նպատակով»,-մանրամասնեց Մկրտչյանը՝ հավելելով,որ առաջիկայում կհրապարակվեն այդ առումով իրականացվող ուսումնասիրության  վերջնական արդյունքները:

https://armenpress.am/arm/news/1045685.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին