Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները չեն կարող շրջիկ արկղով քվեարկել. նոր փոփոխությունների փաթեթ

Ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողները չեն կարող շրջիկ արկղով քվեարկել. նոր փոփոխությունների փաթեթ

Հայաստանում նախատեսվում է հրաժարվել ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից, նաև օրենքի մակարդակով նախատեսվում է ամրագրել, որ համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը ընտրատեղամասից պետք է ապահովվի ուղիղ հեռարձակում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց համահեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նախ վստահեցրեց, որ փաթեթը միտված է լուծվելու Ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները: «ՏԻՄ ընտրությունների համամասնական ընտրակարգը, երբ ներդրվում էր, առաջարկվեց, որ առանձին քվեաթերթիկներով քվեարկությունը, այսինքն՝ նույն ԱԺ-ի մոդելը, կիրառվի միայն 70 հազար և ավելի ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվի հին մոդելը՝ երբ թեկնածուների անունները մեկ քվեաթերթիկով են, ընտրությունը կատարվում է գրիչով: Անցյալ ՏԻՄ ընտրությունների փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր քվեաթերթիկներով էր քվեարկությունը, ավելի քիչ էին լինում անվավեր քվեաթերթիկներ, քան այն համայնքներում, որտեղ քվեարկությունը գրիչով էր: Առաջարկվում է, որ ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում ամբողջությամբ անցում կատարվի տարբեր քվեաթերթիկներին, այսինքն՝ ներդրվի այն մոդելը, որն գործում է ԱԺ ընտրությունների ժամանակ»,- ասաց Հովակիմյանը:

Փոփոխություններով առաջարկվում է նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողների՝ շրջիկ արկղով քվեարկելու ինստիտուտից հրաժարվել: Ըստ պատգամավորի՝ այդ ինստիտուտը պարունակում է չարաշահման մեծ ռիսկեր: «Ըստ այդմ առաջարկվում է հրաժավել այս ինստիտուտից, որ շրջիկ արկղը կիրառվի բացառապես ձերբակալման վայրում գտնվող անձանց դեպքում»,- ասաց պատգամավորը:

Ներկայում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին թեկնածու առաջադրվածները կարող են ինքնաբացարկ ներկայացնել քվեարկությունից 10 օր առաջ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունները և կուսակցության ցուցակի առաջին 3 համարները ինքնաբացարկի հնարավորություն ունենան քվեարկությունից մինչև 5 օր ավելի ժամանակ՝ քվեաթերթիկների տպագրությունն ապահովելու համար:

Առաջարկվում է նաև համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության օրը քվեարկության գործընթացի առցանց հեռարձակումն ապահովել: Գործող օրենսդրությամբ առցանց հեռարձակում ապահովվում է միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Փորձը ցույց տվեց, որ, երբ վատ մտադրություն ունեցող մարդը գիտի, որ ամեն ինչ տեսագրվում է, հետագայում պատասխանատվության խնդրի առաջ կարող է կանգնել, դա զսպում է նրան: Այսպիսով, առաջարկվում է, որ ՏԻՄ համամասնական ընտրությունների ժամանակ ևս պետությունը քվեարկության օրը ապահովի ուղիղ հեռարձակումը տեղամասերից»,-նշեց պատգամավորը:

Առաջարկվում է նաև, որ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ նախընտրական հիմնադրամները բացվեն Կենտրոնական բանկում:

«Հաջորդ խնդիրը, որը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ի հայտ եկավ, վերաբերում է ավագանիների առաջին նիստերին: Մասնավորապես, հիմնական խնդիրները ծագում էին այն դեպքում, երբ տվյալ ավագանիում մեծամասնություն չկար, և առաջին նիստի հետ կապված օրենքի բացերն օգտագործելու դեպքեր էին լինում: Եվ մենք փորձել ենք ԱԺ-ի առաջին նստաշրջանի ինստիտուտը որոշակիորեն մոտարկելով՝ կիրառել նաև ավագանիների դեպքում: Առաջարկվում է ներդնել առաջին նստաշրջանի ինստիտուտը, որն իր հստակ օրակարգով, կանոնակարգումներով, քայլերի հաջորդականությամբ օրենքով սահմանվում է»,-ասաց Հովակիմյանը:

Միացիր մեր կայքին