Սպերցյանը ֆուտբոլի ընտրանուն կմիանա Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո

Սպերցյանը ֆուտբոլի ընտրանուն կմիանա Լիխտենշտեյնի դեմ խաղից հետո

Հայաստանի ազգային թիմ հրավիրված նորեկ Էդուարդ Սպերցյանը ընտրանուն կմիանա առաջիկայում: 

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Կրասնոդարի» 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մարտի 25-ին կժամանի Երևան: Ազգային ընտրանու՝ Լիխտենշտեյնից վերադառնալուց հետո Սպերցյանը կմիանա թիմին:

Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում:  2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում: 2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում: 2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում: Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

Մարտին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 3 հանդիպում: Մարտի 25-ին՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

https://armenpress.am/arm/news/1047057.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին