Սյունիքի դեպքի ու Լավրովի այցի միջև կապ կա․ սա սադրանք էր՝ ՀՀ-ից զիջումներ կորզելու համար․ Գագիկ Մելքոնյան

Սյունիքի դեպքի ու Լավրովի այցի միջև կապ կա․ սա սադրանք էր՝ ՀՀ-ից զիջումներ կորզելու համար․ Գագիկ Մելքոնյան

Yerevanlur-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ Գագիկ Մելքոնյանը։

Պարոն Մելքոնյան, ինչպե՞ս եք գնահատում Սյունիքում տեղի ունեցող զարգացումները։ Թշնամին ներխուժել է ՀՀ տարածք, ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

Սյունիքի դեպքերը հիմնականում սահմանային վեճեր են, որը պետք է քարտեզներով ճշտել։ Իրենց մոտ կան իրենց քարտեզները, մեզ մոտ կան մեր քարտեզները, որոնք չեն համընկնում միմյանց հետ։ Դրա համար հարկավոր է երրորդ կողմի միջամտությունը։ Սա Արցախի սահմանը չէ, սա Հայաստանի սահմանն է, որը ճանաչված հանրապետություն է աշխարհով մեկ։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, նաև ՀԱՊԿ-ը՝ հիմնականում Ռուսաստանը պետք է միջամտի, որպեսզի այդ տարածքները ճշտվեն։

Ամենակարևորը, մենք պետք է սառնասրտություն ցուցաբերենք, որ չգնանք առճակատման, այլ խնդիրը լուծենք խաղաղ ճանապարհով։ Այնտեղ կան պետական պաշտոնյաներ, ովքեր սպասում են հարցի լուծմանը։ Ինչքան գիտեմ, արդեն ռուսներն էլ են խառնվել գործին։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ակնհայտ կեղծ քարտեզներով են ադրբեջանցիները ներխուժել ՀՀ տարածք։

Այո, բնական է, որ իրենք հիմա սադրում են։ Իրենց պետք է, որ մեզ մոտ կայուն վիճակ չլինի, իրենց դա ձեռնտու է։ Մեզ մոտ էլ արդեն ներքին խժդժությունները սկսվել են։ Մենք պետք է համախմբվենք, երկիր ենք կորցնելու, բայց հակառակը, մարդիկ կան, որ խժդժություններ են սկսել: 

Այսինքն՝ ներքին ուժերն այս փուլում պետք է համախմբվե՞ն։

Իհարկե, ժամանակն է եկել համախմբվելու։ Մենք Արցախում պարտություն կրեցինք, բայց դա չի նշանակում, որ այստեղ էլ պետք է իրենց առաջ խոնարհվենք։ Ոչ, մենք պետք է պատրաստ լինենք, եթե պետք լինի, արդեն պետք է պատերազմենք։

Ռազմական բախումներ կանխատեսո՞ւմ եք, հնարավո՞ր են։

Չեմ կարծում։

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ այս իրավիճակին շատ լուրջ պետք է մոտենանք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։

Այո, լուրջ պետք է վերաբերվենք։ Մենք իրենց այդ կեղծ քարտեզները չպետք է վերցնենք որպես հիմք։ Իրենք առիթից օգտվելով՝ կամաց-կամաց վաղն էլ կգան, կասեն՝ Գորիսը մերն է եղել, սա մերն է եղել։ Մենք իրավունք չունենք զիջելու ոչ մի բան և պետք է կանգնենք, պատրաստ լինենք ամեն ինչի։

Նախքան այս դեպքը, Հայաստանի իշխանությունները հայտարարում էին, որ ՀՀ սահմանները համապատասխանեցվում են ՀԱՊԿ անվտանգության գոտուն, որպեսզի երկրի անվտանգությունն ապահովվի։ Այսօր մենք տեսնում ենք, որ Սյունիքի դեպքով ՀԱՊԿ-ը կարծես չի շտապում միջամտել։ Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում։

Հենց ռուսները պիտի միջամտեն, որովհետև ՀԱՊԿ ասելով՝ հասկանում ենք Ռուսաստան։ Սա Հայաստանի պետական սահմանն է, և Ռուսաստանը պարտավոր է միջամտել։ Իսկ ընդհանրապես, մենք պետք է հասկանանք մեկ բան, որ մեր հույսը մեր վրա պետք է դնենք։ Մենք ուրիշի վրա չպետք է հույս դնենք։

Այս դեպքը ցույց տվե՞ց, որ Հայաստանն անվտանգության հարցերում այլ երկրների հետ էլ պետք է բանակցի։

Իհարկե, մենք այլ երկրների հետ պետք է բանակցենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները պետք է միջամտեն այս դեպքով։ Դրանց լկտիությունն արդեն այն աստիճանի է հասել, որ դարձել են անպատժելի։

Սյունիքում իրավիճակի լարումը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ Երևան ու Բաքու կատարած այցերին։ Կապ տեսնո՞ւմ եք Լավորվի այցի ու այս դեպքի միջև։

Իհարկե, ես կապ տեսնում եմ, սա սադրանք էր։

Ի՞նչ զիջումներ են փորձում կորզել Հայաստանից։

Լավրովը եկավ, մեզ հասկացրեց, քարտերը բացեց մեր դեմ, որ իրենք ամեն ինչ կանեն, որ օգտվեն բոլորը, բացի Հայաստանից։ Ես այդպես եմ մտածում։ Եվ այս միջոցով, իհարկե, ինչ-որ բաներ են փորձում կորզել։ Ամեն անգամ այդպես է եղել, սահմանային վեճերից օգտվել են իրենք։

Հիմա ո՞րն է ճնշման թիրախը՝ Սյունիքով միջանցք ստանա՞լը։

Ոչ թե միջանցք, ճանապարհների բացում են ուզում, երկաթգծի և այլն։ Սկզբում թուրքերն ասում էին՝ եթե չեք տալիս, մենք ուժով կվերցնենք։ Հետո ռուսները հասկացան, որ իրենք են երաշխավորը, ուժով ո՞նց կարող են վերցնել։ Հիմա էլ սահմանային բախումներ են սկսել, որ ինչ-որ բան կորզեն։

Այս ամենը գալիս է մեր մեղավորությունից։ Բոլորն իշխանություն են ուզում այսօր, ասում են՝ իշխանություն տվեք, գերիներին կբերենք, էս կանենք, էն կանենք։ Արեք պրծեք, հետո իշխանություն ուզեք, վաղը-մյուս օրնընտրություն է, ժողովուրդը ձեզ ձայն կտա, արեք, թող տեսնեն։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին