Սերժ Սարգսյանը չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը

ՀՀԿ նախագահ, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է, թե ինչու չի գլխավորում Հայաստանի հանրապետական ու «Հայրենիք» կուսակցությունների կողմից ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը: ՀՀԿ-ի ու «Հայրենիք» կուսակցության կողմից դաշինքի ձևավորման մասին հուշագրի ստորագրմանը հաջորդած ծառատունկից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշել է.
«Նախընտրական ցուցակում չլինելը չի նշանակում, որ ընտրություններին չեմ մասնակցում: Ինչու ցուցակում չեմ, ավելի ճիշտ ինչու ցուցակը ես չեմ գլխավորում, որովհետև քաղաքագիտությունն այս մասին տարրական ճշմարտություն է ասում: Նրանք, որոնք հավակնում են գլխավորել ցուցակը, հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ: Ինչպես հայտնի է, ես հայտարարել եմ, որ այլևս չեմ զբաղեցնելու պետական բարձր պաշտոններ: Ընդամենը, ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Ես համարում եմ, որ ավարտել եմ իմ ծառայությունը Հայաստանին և հայ ժողովրդին պետական բարձր պաշտոններում»:
Հարցին, թե ճիշտ է արդյոք, որ նախընտրական ցուցակը անձամբ ինքն է ձևավորում, Սերժ Սարգսյանը նշեց, որ պետք չէ պրովոկացիոն բամբասանքներին հավատալ: «Մենք հավասար դաշնակիցներ ենք և այդպես էլ աշխատելու ենք»,-հավելեց Սերժ Սարգսյանը: