Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումը

Սա իրավաքաղաքական գնահատական է. Մինասյանը ներկայացրեց Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումը

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջը ներկայացնում է որպես իրավաքաղաքական գնահատական: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը թեմային անդրադարձավ ԱԺ ճեպազրույցում:

«Այս առաջարկը կրում է իրավաքաղաքական բնույթ»,-ասաց Մինասյանը:

«Հայաստան» դաշինքն այս առաջարկով վերաբերմունք է ցուցաբերում ԱԺ նախագահի նկատմամբ, որը, ըստ ընդդիմության պատկերացրած չափանիշների, չի կարող իրականացնել ԱԺ նախագահի պարտականությունները:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք մինչև ԱԺ նախագահի հրաժարականի հարցը օրակարգ բերելը քննարկե՞լ են դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ Մինասյանն ասաց. «Ցանկացած կարևորագույն հարց քննարկման առարկա է դառնում դաշինքում»:

Քննարկումներ իրականացվում են ինչպես դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ում, «Վերածնվող Հայաստան»-ում և երկրորդ նախագահի քաղաքական թիմում՝ առանձին-առանձին, այնպես էլ համատեղ:

Անդրադառնալով հրաժարականի պահանջի հիմնավորումներին՝ Մինասյանն ասաց՝ ընդդիմությունը կարծում է, որ ԱԺ նախագահը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում արտաքին քաղաքականության համար: Որպես երկրորդ հիմնավորում նա մատնանշեց գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարությունը, որը տարածում էր գտել համացանցում: Որպես երրորդ հիմնավորում Մինասյանը նշեց, թե ԱԺ նախագահը ԱԺ նիստերին լարվածություն է ստեղծում, չի կարևորում ԱԺ-ում կարգուկանոնը, քաղաքական ճիշտ մշակույթը, ներկայացուցչական ժողովրդավարության հիմնարար արժեքները:

Խմբակցությունը միևնույն ժամանակ գիտի՝ շատ հավանական է, որ այդ որոշման նախագիծը չընդունվի:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին